Զատիկը Հունաստանում

Քանի որ Զատկի տպավորություններս թարմ են, սկսեմ հենց դրանից: Հունաստանում Զատիկը` Հիսուսի հարության օրը, Ծննդյան տոնից հետո երկրորդ կարևոր ու շուքով նշվող տոնն է: Ծիսական արարողությունները զուգահեռվում են առատ հյուրասիրությամբ, հրավառությամբ, երբեմն կրակոցներով: Նախաքրիստոնեական որոշ ավանդույթները վերաիմաստավորվել ու հարմարեցվել են եկեղեցական տոներին: Զատկական տոնակատարությունները տարբեր երկրի տարբեր բնակավայրերում տարբեր են:

Ինչպես քրիստոնյա բոլոր համայնքներում, Հունաստանում ևս, որտեղ եկեղեցին պետությունից անջատ չէ, Հարության տոնին նախորդում է քառասնօրյա պահքը: Տոնը շարժական է Իսկ պահքի նախապատրաստումն ազդարարվում է Մաքուր երկուշաբթիով Καθαρά Δευτέρα (կաթ՚արա դէվտերա):

Այս տարի` 2019ին, Չարչարանաց շաբաթը սկսվեց ապրիլի 22ին: Մարդիկ այս` եկեղեցու կողմից Լուսավոր յոթնօրյակ կոչված շաբաթվա ընթացքում իրար ողջունում են` καλό Πάσχα (կալօ պասխա), καλή Ανάσταση (կալի անաստասի): Առաջինը բարի Զատիկ է թարգմանվում, երկրորդը բառացի` բարի Հարություն: Միմյանց երկար կյանք են մաղթում` χρονιά πολλά! (խրոնյա պոլա), բառացի` շատ տարիներ: Նույն մաղթանքը կարելի է լսել և ծննդյան տարեդարձներին և ցանկացած այլ ուրախ առիթների:  Բուն Զատկին՝ կիրակի օրը`այս տարի ապրիլի 28ին, միմյանց ողջունում են` Քրիստոս հարեաւ Χριστός Ανέστη (Խրիստոս անեստի) և ողջույնին պատասխանում` ճշմարիտ հարեաւ Αληθώς ανέστη! (ալիթ’ոս անեստի): Մարդիկ միմյանց շարունակում են շնորհավորել ու նվերներ տալ նաև Զատկին հաջորդող օրերին: Այս ընթացքում հույները սովորականից ավելի սիրառատ են, բարեհամբույր ու հյուրասեր: Հույները սիրում են այս տոնը: Ուսումնական հաստատություններում երկշաբաթյա արձակուրդ է սահմանված, իսկ Զատկին նախորդող Ավագ ուրբաթը և հաջորդ երկուշաբթին ոչաշխատանքային են:

Աշխարհիկ ու եկեղեցական հանդիսություններն այնքան սերտորեն են միահյուսված, որ հաճախ գլխի չես ընկնում, թե որը որի շարունակությունն է: Լրիվ առանձին սյուժե է հունական զատկական ուտեստը: Հույներն ասում են` առանց գառան խորովածի հունական Զատիկը Զատիկ չէ:

Շարունակելի

Նկարում ՝  շաբաթ` ապրիլի 27ի երեկոյան Երուսաղեմում Տիրոջ գերեզմանին իջած բարեբեր կրակից հավատացյալները վառում են իրենց մոմերը. newsbomb.gr կայքից:

Նաիրա Թամամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով