Եթե հապաղենք ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք

Մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև, որ հարկավոր է առնվազն երկու սեզոնի ընթացքում՝ ձվադրման ժամանակ և գարնանը, երբ արդեն ձևավորված մանրաձուկը սկսում է մեծանալ, խստիվ արգելել սիգի որսը: Բայց, ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի: Իշխանությունները ժամանակին հնչեցված ահազանգերին համահունչ քայլեր չեն ձեռնարկում, ինչի պատճառով էլ նույն խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված: Հարցին լուծում տալու համար Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրինությունն անգամ պաշտոնական նամակ է ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ այն ակնկալիքով, որ մոտ օրերս սայլը տեղից կշարժվի:

Ինչ վերաբերում է Սևանի էնդեմիկ՝ իշխան, բեղլու, կողակ ձկնատեսակներին, ապա դրանց ձվադրումը պետք է կատարվի գետերում, բայց այստեղ նույնպես բազմաթիվ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ կրկին ոչինչ չի արվում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե անցյալ տարի մի քիչ ավելացել էին իշխանի պաշարները, ապա մասսայական որսագողության պատճառով այն նորից բավականին կրճատվել է: Եվ հիմա վերադարձել ենք այն կետին, ինչ ունեինք մինչ այդ: Կողակ ձկնատեսակը գրեթե վերացել է, և այդ ձկնատեսակի արհեստական վերարտադրության ուղղությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել: Եթե այս հարցերի վրա շարունակենք ուշադրություն չդարձնել, ապա հավատացեք, վաղը շատ ավելի ուշ կլինի»,– ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Ի դեպ, ամեն տարի բավականին մեծ ֆինանսներ են ծախսվում Սևանում իշխանի պաշարները վերականգնելու համար: Սակայն, պարզվում է, որ լիճ բաց թողնված մանրաձուկն այդպես էլ չի հասցնում մեծանալ ու ձվադրել, նույն ձկնագողերի պատճառով:

«Ստացվում է, որ այն միլիոնավոր դրամները, որը պետությունը ծախսում է Սևանի ձկնապաշարներն ավելացնելու ուղղությամբ, գնում է ձկնագողերի գրպանը: Կլիմայական պայմաններից և այս տարվա ջրի առանձնահատկություններից ելնելով՝ մենք սպասում ենք, որ դեկտեմբերի 20–ից վտառները կսկսեն ձկնկիթ բաց թողնել, ինչի մասին մենք արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին: Հիմա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել սիգի ձկնագողությունը թույլ չտալու համար, քանի որ ամենահրատապ խնդիրը սիգի ձվադրող վտառները պահպանելն է: Իսկ եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ապա ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք»,– ասաց Բ. Գաբրիելյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով