Եթե ամեն մեկն իրեն Հայկ Նահապետ կարծի, ոչ մի խնդիր էլ չի լուծվի

Ցավալի է նաև, որ չի հաջողվում միջազգային հանրությանը պատմականորեն փաստարկված այն իրողությունները ներկայացնել, որ, օրինակ, քոչվոր ցեղերը չեն կարող լավաշ ունենալ, քանի որ թոնիր ունենալու համար նախ հարկավոր էր նստակյաց կենսակերպ ունենալ, իսկ կովկասյան թաթարները քոչվոր կյանք են վարել: Եվ եթե նման հարցերում Հայաստանն իր ասելիքը չի կարողանում տեղ հասցնել, ապա բնական է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն ազատորեն կօգտվի ադրբեջանական նավթադոլարներից և ցանկացած որոշում կարող է ընդունել, համոզված է «Կարին» ազգագրական երգի պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Եթե մենք ներկայացնենք, որ Ադրբեջանն ընդամենը 100 տարվա պատմություն ունի, քանի որ այսօրվա ադրբեջանցիները նույն կովկասյան թաթարներն են, որոնք ընդամենը ապրել են Ռուսաստանի տիրապետության ներքո, անգամ 1914 թվականին Ցարական Ռուսաստանի հանրագիտարանում այդ պետությունն իր ազգությամբ գրանցված չի եղել, և առաջին անգամ ադրբեջանցի և Ադրբեջան անվանումները 1918 թվականին են շրջանառության մեջ դրվել, ամեն ինչ առավել հասկանալի կլինի միջազգային հանրության համար: Այսինքն, եթե մենք այնքան ապաշնորհ ենք, որ չգիտենք խորքային դիվանագիտական կռիվներ նախաձեռնելու և իրականացնելու մշակույթը, բնականաբար, կհայտնվենք մակերեսային կռվի դաշտում և անգամ կարող ենք ագրեսորի պիտակ վաստակել: Եթե մենք մինչ օրս չենք կարողացել հակամարտության ելակետային հարցերը ճիշտ սահմանել և մեր կռիվը սկսում ենք 1991 կամ 1994 թվականից, այդ իսկ պատճառով էլ սկսում ենք մշակութային, դիվանագիտական և քաղաքական առումներով պարտություններ գրանցել»,– ասաց Գ. Գինոսյանը:
Մշակութային գործչի կարծիքով Հայաստանում մոռանում են, որ մեր պատմությունը 301 թվականից չի սկսվում: Եվ մեր սեպագրերը վերծանելու և սեփական մշակույթին տեր կանգնելու փոխարեն, ամեն նոր եկող իշխանություն պատմությունը փորձում է իրենից սկսել:
«91 թվականին ջնջեցին իրենց նախորդներին, դրանից առաջ նույնն էր և դա շարունակվում է մինչ օրս: 2800–ամյա Երևանում 200 տարեկան շենք անգամ չկա: Սա է մեր ունեցած իրականությունը: Եթե ամեն մեկն իրեն Հայկ Նահապետ կարծի, ապա ոչ մի խնդիր էլ չի լուծվի: Ու եթե բոլորը հասկանան, որ, օրինակ, քոչարին պարտվելով՝ 3000 տարվա մշակույթն են պարտվում, ապա չեմ կարծում, որ մինչև վերջին շունչը չպայքարեն»,- ասաց Գ. Գինոսյանը:
Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով