Որսագողությունը շարունակվում է

Իրականում ինչքան էլ կարևոր լինեն երկրի ներսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, կան հարցեր, որոնք միշտ էլ հատուկ ուշադրություն են պահանջում: Դրանք չեն կարող պայմանավորված լինել այս կամ այն քաղաքական գործընթացով: Խոսքը հատկապես բնապահպանական խնդիրներին է վերաբերում: Այս պահին, թերևս, բնապահպանական ամենակարևոր և հրատապ հարցերից մեկը Սևանա լճի սիգ ձկնատեսակի հարցն է: Ի դեպ, վերջին տարիներին արգելված է լճից սիգ որսալը, սակայն, ինչպես երևում է, այդ արգելքը չի գործում: Ողջ տարին ո՛չ սիգի որսն է դադարում, ո՛չ էլ վաճառքը: Նման բարձիթողի գործելաոճի պատճառով վաղը կարող ենք կանգնել է՛լ ավելի լուրջ խնդիրների առջև, ինչը նախընտրական թոհուբոհի պատճառով կարծես թե դուրս է մնացել կառավարության օրակարգից:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը մես հետ զրույցում նշեց, որ սիգի ձվադրումից առաջ է հարկավոր հստակ խստացված պահպանություն իրականացնել: Հակառակ դեպքում, ձվադրման ժամանակ արդեն ձկնկիթով ձուկ չենք ունենա, ինչի հետևանքով բեղմնավորման պրոցես նույնպես չի լինի:

«Ինչպես առաջներում է որսագողություն եղել, նույնը, դեռ մի բան էլ ավելի վատ ձևով է շարունակվում: Շարունակում են որսալ նախաձվադրող վտառի առանձնյակներ և ամենուրեք՝ շուկաներում և բակերում դա են վաճառում: Նույնիսկ ձկնկիթն են վաճառում, ինչն անթույլատրելի է: Այսինքն, եթե ձվադրմանը նախորդող շրջանում սիգի որսը չի արգելվում, ձկնագողերը որսում են վտառը, իսկ ձկնկիթը բաց թողնելու ժամանակ վտառ չի լինում: Դրա հետևանքով ձկան պաշարները, որոնք կամաց–կամաց սկսել էին ավելանալ, նորից կհայտնվեն խզման վտանգի առջև: Ու եթե այս շրջանում վտառը չպահպանենք, ապա ո՞ր ձկները պետք է ձվադրեն: Սա բավականին լուրջ խնդիր է, որի վրա, ցավոք, ուշադրություն չի դարձվում: Դրա պատճառով մենք վաղը ձկնապաշարի լուրջ կորուստ կունենանք, ինչն անթույլատրելի է ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական առումով»,– ասաց Բ. Գաբրիելյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով