Զբոսաշրջիկի առաջին տպավորությունն Աթենքից

Հունաստան հաճախակի այցելող զբոսաշրջիկները կարող են չնկատել բուն հունական շատ սովորույթներ:  Զբոսախիտ վայրերը աստիճանաբար կորցնում են ավանդական հունական կոլորիտը` տեղի տալով օտարերկրյա ացելուների նախասիրություններին ու գլոբալիզացված պահանջարկին: Իմ` որպես զբոսաշրջիկի առաջին տպավորությունն այս էր. Աթենքը սպիտակ քաղաք է, ամենուր մարմար է, մայթերը, երբեմն շենքերի ճակատային հատվածները, աստիճանները: Տեսարժան վայրերն իրոք տեսարժան են: Գլխավոր` Սահմանադրության Συντάγματος (սի(ն)դաղմատոս, ն հնչյունը գրեթե չի արտասանվում) հրապարակն ու հարակից լայն փողոցները, Ազգային բուսաբանական այգին, անթիվ-անհամար անտիկ շինությունների ավերակները, վաղ միջնադարյան մի քանի եկեղեցի և այլն: Ի դեպ կամ իմիջիայլոց, Միջնադարյան կառույցներից ողջ երկրում շատ քիչ բան է պահպանվել:

Հաջորդ տպավորիչ երևույթը աշխուժությունն էր, անգլերեն բնորոշ բառ կա action: Հենց այս էքշընն էլ գրավում է զբոսաշրջիկներին: Ամենուր սրճարաններ ու ռեստորաններ են` ազգային ու հյուրի ճաշակին հարմարեցված ուտեստներով ու խմիչքով, երաժշտությամբ: Ուրախ աղմուկը, ամեն քայլափոխի հանդիպող հուշանվերիների ու տարօրինակ խաղալիքների խայտաբղետությունը տոնական զգացողություն է ապահովում:

Սակայն բոլորովին այլ, երբ արդեն ապրում ես: Արդեն քանի տարի է ապրում եմ դեմոկրատիայի բնօրրանում, բայց շարունակում եմ ինձ համար հետաքրքիր` ուրախ ու տխուր բաներ հայտնաբերել, որոնք էլ կփորձեմ հերթով, կարգով, շարքով ներկայացնել:

Նախորդ դարից եկած մի հին ու բարի անեկդոտ կա.

Մեկը մեռնելուց հետո դրախտ ա ընկնում, ձանձրույթից խելագարվում ա: Մեկ էլ սատանան ասում ա` արի գնանք դժոխք: Սա աստծուց թույտվություն ա խնդրում, գնում, ընտիր ժամանակ ա անցկացնում, հետ ա գալիս: Հաջորդ օրը էլի սատանան գալիս ա, տանում: Ու այսպես մի քանի օր շարունակ: Էս մարդը աստծուց խնդրում ա, որ ընդմիշտ գնա դժոխք: Աստված էլ, թե` է, գնա: Հենց գնում ա, սրան բռնում գցում են եռացող կուպրի մեջ: Սա սատանային ասում ա.

-Չհասկացա, ինչի էն անգամները, որ գալիս էի, լավ ժամանակ էի անցկացնում, հիմա ի՟նչ եղավ:

-Տուրիզմն ու միգրացիան պետք չի իրար հետ շփոթել:

Շարունակելի

Նաիրա Թամամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով