Ստվերի դեմ պայքարը կմեծանա

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նույնականացման քարտերով առևտուր իրականացնելու առաջարկին դրական է վերաբերվում: Նրա կարծիքով, դրա ամենամեծ առաքելությունը ստվերի դեմ պայքարն է, որը շատ կարևոր է երկրի տնտեսության զարգացումը խթանելու համար:

«Եթե սպառողները նույնականացման քարտերով գնումներ կատարելու գործընթացը չեն ընդունում, ապա ինչպե՞ս են պատկերացնում ստվերի դեմ պայքարելու և գումարները բյուջե տանելու հնարավորությունները: Մեծ հաշվով, այս համակարգի ներդրումը կարող է նպաստել հարկային մուտքերի ավելացմանը և հանգեցնել եկամտային հարկի էլ ավելի իջեցմանը»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նրա դիտարկմամբ, քննարկվում է նաև առաջիկա հինգ տարիներին եկամտահարկի տոկոսադրույքը մինչև 20 տոկոս իջեցնելու հարցը: Այսինքն, նպատակ է հետապնդվում առաջիկայում շահութահարկի և եկամտահարկի տոկոսադրույքները հավասարեցնել, ինչը, ըստ տնտեսագետի, բավականին տրամաբանական քայլ կարելի է համարել:

«Իհարկե, կարող են տեխնիկական որոշ բարդություններ լինել, բայց սկզբունքորեն այս քաղաքականությունը ճիշտ է, իսկ թե ինչպիսին կլինեն զարգացումները, պարզ կդառնա համակարգի ներդրումից հետո»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նույնականացման քարտով գյուղմթերքի առևտրի գործընթացը վերահսկելը նա չի կարևորում, քանի որ առանց այն էլ ոլորտը չի հարկվում: Այսինքն, այստեղ շրջանառության շղթան փակելու խնդիր կարծես թե չկա: Նրա դիտարկմամբ խոսքն առավելապես վերաբերում է մասսայական սպառման այն ապրանքատեսակներին, որոնց վաճառքն իրականացվում է խանութներում:

«Մեծածախ շուկաներում գուցե կարիք լինի այլ գործիքակազմ օգտագործել, բայց ներկայում մեր հիմնական խնդիրը բոլոր ֆինանսական հոսքերն ու եկամուտները երևակելն ու բացահայտելն է լինելու: Այդ դեպքում արդեն հնարավոր կլինի մեղմել գործատուների, արտադրողների վրա առկա հարկային բեռի ճնշումները: Ես կարծում եմ, որ հարկային քաղաքականությունը պետք է տանել այն ուղղությամբ, որպեսզի ֆիզիկական անձանցից գանձվող հարկային եկամուտներն ավելանան»,– ասաց Ա. Մարգարյանը:

Խոսելով հարկատեսակների մասին՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ ավելացված արժեքի հարկատեսակն իր դարն ապրել է, և հատկապես սահմանի վրա դրա գանձումը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսական համակարգի բնականոն զարգացման համար: Ուստի առաջարկվող նորամուծությունը հարկավոր է դիտարկել որպես բոլոր հարցերի համալիր լուծման տարբերակ, իսկ այն առանձին կամ կոնտեքստից կտրված դիտարկելն, ըստ նրա, սխալ է: Ըստ Մարգարյանի, նման համակարգի ներդրումն առաջին հայացքից կարող է տպավորություն առաջացնել, որ դա ճնշում է նաև գործատուների վրա, և նրանք պետք է ստիպված լինեն բոլոր աշխատողներին գրանցել: Բայց աշխատատեղերը ստվերից դուրս բերելու գործընթացը նույնպես իր դրական կողմերն ունի, որոնք պետք չէ անտեսել:

«Վերջին ամիսներին տեսանելի են աշխատողներին ստվերից դուրս բերելու գործընթացի արդյունքները: Եվ դա պետք է շարունակել, քանի որ այն լուրջ ինստիտուցիոնալ պրոբլեմ է առաջացնում: Եվ այստեղ նույնպես խնդիրները համալիր դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ թե՛ գործատուի տեսանկյունից և թե՛ աշխատողի տեսանկյունից դրական կողմերն ավելի շատ են, քան խնդիրները»,– ասաց Ա. Մարգարյանը:

Ինչ վերաբերում է գործատուի կողմից աշխատողներին ստվերից դուրս բերելու արդյունքում աշխատատեղերի կրճատմանը, ապա տնտեսագետի կարծիքով, լավ կլինի, որ իշխանությունները գնան արմատական փոփոխությունների ճանապարհով և իջեցնեն եկամտահարկի դրույքաչափը: Բերելով ՏՏ ոլորտի օրինակը՝ նա նշեց, որ երբ հարկերի դրույքաչափերն իջեցվեցին, բազմաթիվ ընկերություններ դուրս եկան ստվերից, ինչը հնարավորություն տվեց նրանց ավելի լայնացնել թե՛ գործունեության շրջանակները, թե՛ աշխարհագրությունը:

«Երբ առաջին երեք տարիների համար շահութահարկն այս ոլորտից հանվեց, նրանք բոլորը դուրս եկան ստվերից և գրանցվեցին որպես ընկերություններ և բազմաթիվ առավելություններ ստացան: Ինչ վերաբերում է նույնականացման քարտով գնում կատարելու դեպքում կատարած առևտրի մինչև 3 տոկոսը վերադարձնելու հնարավորությանը, ապա դա էլ կարող է դառնալ ամանորյա նվերի գումարը: Այսինքն, պետք է հաշվի առնել մեկ շատ կարևոր իրողություն, որ եթե անգամ Լուսնի խավարումն էլ վերցնենք և դիտարկենք, ապա այն ունի իր թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը: Այնպես որ հարցերը պետք է դիտարկել ոչ թե սեգմենտավորված, այլ՝ համալիր տեսանկյունից, և նոր միայն հետևություններ անել»,– ասաց Ա. Մարգարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով