Քաղաքի վրա ծառ ու ծաղիկ վաճառելու բիզնեսն ո՞ւմն է

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը հանձնարարել է վերանայել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները: Ի դեպ, քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, պարզվել է, որ մայրաքաղաքում կա դպրոց, որն ունի ինը փոխտնօրեն, մեկ այլ դպրոցի փոխտնօրենը նաև բանվոր և կաթսայատան պատասխանատու է ձևակերպված, եղել են դեպքեր, երբ գրանցված հաստիքներից զբաղեցված է եղել միայն կեսը, մնացած հաստիքների գումարը բաշխվել է մյուս աշխատակիցների միջև, սակայն սրանք այն խախտումները չեն, որոնց մասին ուզում է հասարակությունը լսել:

Զարմանալի է, որ զեկուցողները խախտումների քրոնիկոնը որոշել են դպրոցներից սկսել՝ շրջանցելով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շատ ու շատ «չալաղաջ» ՓԲԸ–ներ և այլ կառույցներ: Ենթադրաբար, հաջորդ՝ «երկնակամարը պայթեցնող» հայտնագործությունը քաղաքային պոլիկլինիկաների ուսումնասիրությունների արդյունքների ներկայացումը կլինի: Խորհդակցությունների ժամանակ կամ այլ առիթներով խոսվում է այսուհետ շների հանդեպ մարդասիրական մոտեցում ցուցաբերելու մասին, սակայն չի բարձրաձայնվում, թե այս տարիների ընթացքում թափառող կենդանիների մասով քաղաքային բյուջեից տրամադրված գումարներն ինչպե՞ս են բաշխվել, որ մայրաքաղաքում անգամ շների թիվը չի պակասել:

Այս տարիների ընթացքում միլիոնավոր դրամներ շներին ստերջացնելու վրա ծախսելու պարագայում, պետք է որ այլևս շների թվի աճ չլիներ: Բայց պարզվում է, որ նրանց թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է: Այստեղ կարելի է վարկածներ մտածել, թե գուցե Երևանի ջերմությունից ազդվա՞ծ են ստերջացված շները հանկարծ սկսել բազմանալ և այդ պատճառով է, որ նրանց թիվը նվազելու փոխարեն աճել է: Բայց, զարմանալի է, որ խոսվում է միայն շների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի, ոչ թե քաղաքային իշխանությունների կողմից տարբեր ծրագրերով «ծախսված» գումարների մասին:

Ի դեպ, Երևանի քաղաքապետն իր մտահոգությունն է հայտնել նաև մայրաքաղաքի որոշ հատվածներում ճանապարհային նշանների բացակայության կամ դրանք ոչ ճիշտ վայրերում տեղադրելու առնչությամբ, ինչը որոշ դեպքերում տնտեսվարողների պահանջով չեն տեղադրվում: Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է բացառել նման դեպքերը, քանի որ քաղաքային իշխանությունները այս կամ այն տնտեսվարողի քմահաճույքը բավարարելու համար չեն պատրաստվում քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ դնել:

Հետաքրքիր է, որ ճանապարհային նշանների մասին խոսելիս այդպես էլ չի խոսվել կանգառներում կայանող տաքսիների գոյության մասին, որոնք ամեն օր ու ժամ վթարային իրավիճակ են ստեղծում և քայքայում են թե՛ քաղաքային տրանսպորտի վարորդների և թե՛ ուղևորների նյարդերը: Դրանք շատ դեպքերում նույնիսկ խցանումներ են առաջացնում, բայց այս մասին, զարմանալիորեն, քաղաքային իշխանություններից որևէ օղակ չի խոսում, էլ չենք ասում քայլեր ձեռնարկելու և կանգառները տաքսիներից բեռնաթափելու մասին: Այս ընթացքում լռություն է պահպանվում նաև Երևանի կենդանաբանական այգում նախատեսվող ուսումնասիրությունների մասին, առավել ևս, որ արդեն որերորդ դժբախտ դեպքն է տեղի ունենում:

Ինչ վերաբերում է ապօրինի շինարարությանը, ապա, ինչպես ասում են, այստեղ ինչպես ձուկը ջրում՝ խախտումներ, ինչքան ուզեք, կարելի է գտնել: Բայց արի ու տես, որ հին աշխատակիցները այսպիսի հարցերի մասին էլ չեն զեկուցում քաղաքապետին: Էլ չենք ասում անշարժ գույքի կառավարման, առևտրի և սպասարկումների, բնապահպանության, գնումների վարչության, եկամուտների հաշվառման և գանձման, զարգացման և ներդրումների, կոմունալ տնտեսության վարչությունների և մյուսների մասին, որոնք նույնպես «չալաղաջների» շարքում են, որտեղ աշխատելու համար մարդիկ տարիներով էին «հերթ» կանգնում:

Այս ֆոնին հարց է ծագում, թե Կամո Արեյանը, ով շարունակում է աշխատել քաղաքապետարանում և ստանձնել է քաղաքապետին խորհուրդներ տալու սուրբ գործը, ինչո՞ւ Հայկ Մարությանին չի հուշում, թե ծառ ու ծաղիկ աճեցնող ու քաղաքի վրա վաճառող ընկերությունն ո՞ւմ բիզնեսն է, տարեկան որքա՞ն գումար է ծախսվել մայրաքաղաքի կանաչապատման, խնամքի և այլ հարցերի վրա: Այս ուղղություններով արդո՞ք հավելագրումներ, ուռճացված հաստիքացուցակներ, թոռոմելու պատճառով դուրս գրված ծաղիկների վրա ծախսված գումարներ և այլ խախտումներ չեն եղել: Թե չէ ինը փոխտնօրենի առկայության մասին զեկուցելը լավ ծառայություն չէ քաղաքապետին: Հարց է ծագում, թե առանց քաղաքապետարանի կրթության վարչության իմացության ինչպե՞ս կարող էր տվյալ դպրոցը 9 փոխտնօրեն ունենալ: Կարճ ասած՝ միամիտների աչքերին թոզ փչելու փոխարեն, լավ կլիներ, որ քաղաքապետարանը լուրջ բացահայտումներով զբաղվեր, իսկ քաղաքապետին ավելի մանրամասն զեկուցվեր իրական, այլ ոչ թե մանր–մունր խնդիրների մասին…

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով