Նոր իշխանությունները դակում են հների կոռուպցիոն պայմանագրերը

Իրականում էներգետիկ ոլորտն այն եզակիներից է, որտեղ տեղի ունեցող երևույթները հասկանալու համար աչքաչափը բավարար չէ: Այստեղ հարկավոր է հստակ գիտելիքի տիրապետել՝ հասկանալու համար, թե որտեղ է իրականում թաքնված շան գլուխը, կամ, այլ կերպ ասած, ինչպես են «փաթեթավորվում» կոռուպցիոն ռիսկերը, հետո այն հրամցվում որպես ձեռքբերում:

Չգիտես ինչու, ոլորտի քաղաքական պատասխանատուները մշտապես լռում են այն մասին, թե մեր ունեցած էներգետիկ համակարգերը, մասնավորապես ՋԷԿ–երն այսօր ինչ վիճակում են, ինչպես են աշխատում և ինչ է իրականում արվում դրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Իրականում, ՋԵԿ–երն առանց այն էլ թերբեռնված են աշխատում, էներգահամակարգում սպառման պահանջարկ չունենալու պատճառով, քանի որ նրանց արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը բարձր է ստացվում: Իսկ թե ինչու է այդպես, նման պայմաններում ո՞ւմ և ինչո՞ւ կարող է ձեռնտու լինել նոր ՋԷԿ–ի կառուցումը, այս պահին այնքան էլ հասկանալի չէ:

Եթե նման նախագծերը կյանքի են կոչվում ընդամենը մոտ ապագայում գերհզոր արտադրություններ հիմնելուց հետո նրանց պահանջարկը բավարարելու համար, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ մի կողմից՝ թերբեռնված էներգետիկ հզորությունների շահագործումը, մյուս կողմից՝ նախատեսվող արևային էլեկտրակայանների գործարկումը լրիվ կարող են բավարարել ներքին աճող պահանջմունքներն ապագայում բավարարելու համար:

Էներգետիկ Էդուարդ Արզումանյանը, անդրադառնալով «Ռենկո» ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի նոր ջերմային բլոկի կառուցմանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մասնագետները դեռևս այս փետրվարին թե՛ «Արմփաուէր» ընկերությանը, որը «Ռենկոյի» դուստր ձեռնարկությունն է, թե՛ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը առարկություններ են ներկայացրել, սակայն հասկանալի պատճառներով հաշվի չեն առնվել:

Մասնագետների կարծիքով, նախագիծը ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այլ նաև հովանավորվում է նախկին իշխանությունների կողմից:

«Ցավոք, մեր նոր իշխանությունը կա՛մ չի նկատում այս ամենը, կա՛մ միայն մի բան է ուզում՝ հանկարծ ներդրողը չնեղանա և մեր ներդրումային միջավայրը հանկարծ բացասական ազդակ չարձակի միջազգային հարթակում»,– ենթադրում է Արզումանյանը:

Ի դեպ, այդ բլոկի մասին չկա հիշատակում նաև մեր նոր իշխանության՝ այս մայիսին ներկայացրած կառավարության ծրագրում: Բացի այդ, կան նաև այլ հանգամանքներ, որոնք պետք է որ ընդունելի չլինեին նոր իշխանությունների համար, բայց ինչո՞ւ այն ստորագրվեց, այն էլ հիմա, ինչո՞ւ այսքան հրատապ կերպով, երբ 240մվտ հզորության շոգե–գազային համակցված ցիկլով ջերմային բլոկի անհրաժեշտությունը Հայաստանում էներգետիկ բավարարվածության տեսակետից այսօր չկա:

Նման պահանջարկ չկա նաև այն պարզ պատճառով, որ Հրազդան ՋԷԿ–ի կողմից արտադրվող հզորություններն անգամ այսօր չեն օգտագործվում էներգահամակարգում՝ սպառման պահանջարկ չունենալու պատճառով: Այս ՋԷԿ–ի կառուցումը մասնագետներն աննպատակահարմար են համարում այլ տեսանկյունից նույնպես: Խնդիրն այն է, որ նոր կառուցվող բլոկի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, կազմելու է 5,7 ցենտ կամ 28 դրամ: Եվ եթե մյուս կողմից ուսումնասիրություններ են իրականացվում վերանայելու էներգահամակարգերի կողմից էլեկտրաէներգիա արտադրող կայանների արտադրանքի սակագները, ապա բնական է, որ առաջիկայում կարող է նվազել նաև Հրազդանի ՋԷԿ–ի կողմից արտադրվող հոսանքի սակագինը, ինչը համակարգը կդարձնի ավելի մրցունակ, և համակարգը հնարավորություն կունենա աշխատել իր ողջ ծավալով:

Մյուս կողմից, ուզած, թե չուզած, Երևանում կառուցվելիք նոր ՋԷԿ–ը դառնալու է Հրազդան ՋԷԿ–ի մրցակիցը, այն պարագայում, երբ Հրազդանի ՋԷԿ–ն իրականում թերբեռնված է աշխատում: Իսկ եթե որպես առավելություն նշվում է, որ նոր աշխատատեղեր են բացելու, ապա դրանք նման մրցակցության պայմաններում Երևանում կառուցվելիք ՋԷԿ–ում կբացվեն, իսկ Հրազդանի ՋԷԿ–ում կփակվեն: Այսինքն, այս տեսանկյունից նույնպես շահելիք չկա:

«Եթե, այնուամենայնիվ, տարբեր պատճառաբանություններով կամ հանգամանքներով պայմանավորված՝ ստիպված պետք է գնալ «Ռենկոյի» կամքով և համաձայնություն տալ, ապա հարկավոր է ստիպել նրան, որ այդ նոր բլոկը կառուցվի, ասենք, Վանաձորում, որտեղ արդեն կան պատրաստի ենթակառուցվածքներ՝ էլեկտրական ենթակայաններ, տեխնիկական ջրի աղբյուրներ և այլն: Բացի դրանից, Հայաստանի հյուսիսային մասում բացակայում են էներգիայի աղբյուրները, էլէներգիան մատակարարվում է հիմնականում Հրազդանից կամ ատոմակայանից, որը փոխադրման համակարգում բերում է զգալի կորուստների: Նոր բլոկը կառուցելով Վանաձորում, մենք կազատվենք նաև այդ կորուստներից: Եվ եթե հանկարծ 10–15 տարի հետո դեպի հյուսիս էներգիա արտահանելու հնարավորություն բացվի, ապա «Ռենկոյի» բլոկը Վանաձորում ավելի արդյունավետ կլինի»,– նշում է Է. Արզումանյանը:

Ի դեպ, Երևանում կառուցվելիք նոր ՋԷԿ–ի հովացման համակարգն աշխատելու է Երևան մատակարարվող խմելու ջրով՝ օգտագործելով տարեկան մոտ 4 մլն խմ խմելու ջուր: Բացի այդ, ՋԷԿ–ի գործարկման դեպքում Երևանում կավելանան մոտ 150 աստիճան կամ ավելի ջերմաստիճան ունեցող մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի հսկայական քանակներ, որոնք անտանելի պայմաններ կստեղծեն ՋԷԿ–ի շրջակա տարածքներում ապրողների համար:

Սրանք առաջնային ու տեսանելի խնդիրների միայն մի մասն են, որոնք, սակայն, հաշվի չեն առել նոր իշխանությունները: Իսկ թե իրականում ո՞ւմ էր այդքան պետք, որպեսզի նոր իշխանությունները նախորդ իշխանությունների սկսած գործն ավարտին հասցնեն, կանդրադառնանք առաջիկայում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով