Մշակույթի ոլորտին նախարար չի գալիս

Անկախությունից ի վեր, մշակույթի նախարարները եկել-գնացել են, բայց հայոց մշակութային ոլորտում այդ անցուդարձից այդպես էլ առանձնապես ոչինչ չի փոխվել: Ավելին, տպավորությունն այնպիսին է, որ այս գերատեսչությունն ավելի շատ փորձարարական ստուդիա է, քան հստակ քաղաքականություն մշակող ու իրականացնող մարմին:

Վերջին իշխանափոխությունից հետո, երբ հույս կար, որ գոնե հիմա մշակույթի դերն ըստ արժանվույն կգնահատվի ու վերջապես այն ամենաթույլ օղակից կվերածվի արտաքին քաղաքականություն իրացնող կարևորագույն ոլորտներից մեկի, բայց այդ հույսը Լիլիթ Մակունցի նշանակման հենց առաջին իսկ օրից փշուր-փշուր եղավ, երբ ի լուր աշխարհի նա հայտարարեց, որ հայոց մշակույթը նույն ինքը Լիլիթ Մակունցն է:

Մեր հարուստ մշակույթին քիչ թե շատ ծանոթ մեկը դժվար թե իրեն նման արտահայտություն թույլ տար, բայց նա, հավանաբար, հեղափոխական ալիքից առաջացած էյֆորիայի ազդեցության տակ մի պահ կարծել է, որ այսուհետ իրենով ու իրենից է սկսվելու հայոց մշակույթի հանրահռչակումը:

Մշակույթի հանդեպ նրա ցուցաբերած այսօրինակ վերաբերմունքի պատճառով ինչքան էլ ծիծաղենք կամ լացենք, մեկ բան հստակ է՝ քանի դեռ իշխանությունները այս ոլորտի հանդեպ սիրողական վերաբերմունք են ցուցաբերում, զարգացման մասին խոսելը պարզապես ծիծաղելի կլինի: Ինչ վերաբերում է ոլորտը ղեկավարող անձին, ապա լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն, վերևներում նույնպես վաղուց հասկացել են, որ ի դեմս նրան սխալ ընտրություն են կատարել:

Ի դեպ, կադրերի նշանակման հարցում նա միակ սխալ ընտրությունը չէ: Կան նաև շատ այլ պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն: Բայց ինչպես ասում են, առջևում ընտրություններ են, իսկ ընտրություններից հետո արդեն ավելի հստակ կերևա, թե իշխանությունները կադրային քաղաքականության հարցում ինչ հետևություններ են արել, որն ըստ շրջանառվող լուրերի չի շրջանցի նաև Լիլիթ Մակունցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով