Մեծ հաշվով ասողին լսող չկա

Տպավորությունն այնպիսին է, որ վերջին տարիներին տնտեսագետ–փորձագետները սկսել են ձեռնպահ մնալ հասարակությանը տնտեսական վերլուծություններ ներկայացնելուց: Նրանք, ովքեր մտահոգված են երկրում վարվող տնտեսական քաղաքականությամբ, հասարակությանը հայտնի էին իրենց դիպուկ և թիրախային վերլուծություններով: Բայց գնալով նրանք էլ սկսեցին լրագրողներին հարցազրույցներ չտալ:

Այդ միտումը սկսվեց դեռ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Մի մասն էլ այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո սկսեց լռություն պահպանել: Իսկ նրանք, ովքեր հայտնի են իրենց մասնագիտական բարձր որակներով և աշխատասիրությամբ, իշխանափոխությունից հետո ավելի մեծ ոգևորությամբ փորձեցին օգնության ձեռք մեկնել, ծրագրեր առաջարկել: Բայց, հետագայում կարծես հասկացան, որ իրենց գործադրած ջանքերն ապարդյուն են, քանի որ երիտասարդներից կազմված կառավարությունը երևի ամեն ինչ գիտի և ամեն ինչ կարող է:

Ու եթե նախարարներից մեկը հայտարարում է, թե մշակույթն ինքն է, մյուսը կրթության ձեռքբերումը համարում է կրոնի պատմության ժամերի կրճատումը, ապա պարզ է, դառնում, որ առայժմ մենք գտնվում ենք փորձարկումների շրջանում: Այսինքն, լուրջ ծրագրերի մասին խոսելու ժամանակը դեռ չի եկել կամ հասունացել: Այս ֆոնին, բնական է, որ գիտնական–տնտեսագետներն էլ ձեռնպահ կմնան իրենց ասելիքը բարձրաձայնելուց, քանի որ մեծ հաշվով ասողին լսող չկա:

Այս փուլում, երբ արդեն պարզ է, թե ինչ կառուցվածք ունի խորհրդարանն ու կառավարությունը, հարցերի հարցն այն է, թե երբ են երկրում տնտեսական բարեփոխումներ սկսվելու և իրականացվելու, կամ վերջիվերջո երկիրն ինչ ճանապարհով է փորձելու զարգանալ:

Բայց, արի ու տես, որ այս մասին դեռ ոչինչ չի խոսվում:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, ով մշտապես բավականին ակտիվ աշխատել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, չցանկացավ դիտարկումներ անել, թե կառավարությունն այս փուլում ինչ քայլեր պետք է սկսի իրականացնել երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

«Ես չեմ ուզում ոչինչ ասել: Հիմա ժամանակն է, որ նորընտիրներն իրենք խոսեն և ասեն, թե ինչ է պետք տնտեսությունը զարգացնելու համար: Ճիշտը դա է: Ես կարող եմ ասել, թե ինչ պետք չէր անել: Օրինակ, որ 101 պատգամավորը դառնա 129 կամ 132: Բայց, այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ հարց մեկնաբանելուց: Համոզված եմ՝ այդպես են մտածում շատ–շատերը, ովքեր իրենց սկզբունքներն ունեն: Մասնագետները սպասում են, որ կուսակցություններն իրենց ծրագրերը ներկայացնեն, որից հետո կմեկնաբանեն: Թող իրենք իրենց ծրագրերը դարձնեն քաղաքականության հիմք, տեսլական, ռազմավարություն, մենք էլ գնահատականներ կտանք: Ես այդպես եմ մտածում»,– ասաց Ա. Մարգարյանը:

Կարճ ասած, ժողովուրդն իր քվեն տվել է կուսակցություններին, ձևավորել է կառավարություն, որի կառուցվածքը մոտավորապես պարզ է: Եվ հիմա գնդակը գտնվում է ժողովրդի մեծամասնության քվեն ստացած, ինչպես նաև խորհրդարան անցած ուժերի դաշտում: Հիմա ժողովուրդը սպասում է հաջորդ քայլերին, որոնցով օր օրի պետք է բարելավվի սոցիալ–տնտեսական վիճակը և մարդկանց կենսամակարդակը պետք է սկսի բարձրանալ: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ իրենք կախարդական փայտիկ ունեն, որով ամեն ինչ հնարավոր է կարգավորել և իրականություն դարձնել:

«Տնտեսագետների, քաղաքագետների, իրավաբանների, բոլորի սպասումները բոլորովին այլ էին: Առայժմ պետք է սպասենք, որպեսզի կառավարություն ձևավորվի, ծրագիր ներկայացնեն: Այն ժամանակ էլ ես, ինչպես միշտ, լինելով ակտիվ փորձագետ, իմ կարծիքը կասեմ, բայց այս փուլում ես համարում եմ, որ ճիշտ չէ որևէ կարծիք հայտնելը կամ գնահատական տալը»,– ասաց Ա. Մարգարյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով