Մարդկանց տներն այրվում են, բայց հարցը չի լուծվում

Դեկտեմբերի կեսերին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում նորից հրդեհ էր բռնկվել: Այս անգամ ծխախեղդ էին եղել 3–րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչները: Ի դեպ, այս թաղամասում հրդեհի դեպքերը նորություն չեն: Ավելին՝ թաղամասը հայտնի է իր մեծ ու փոքր հրդեհներով, որոնց հետևանքով բավականին մարդիկ են կյանքից զրկվել: Այդ մասին գիտեն բոլոր նախկին ու ներկա ղեկավարները, բայց հատկապես նախկին, բայց վերաբերմունքն այդ թաղամասում ապրող բնակիչների հանդեպ այդպես էլ չի փոխվել:

Ի դեպ, թաղամասը 1988 թվականի երկրաշարժից հետո է ձևավորվել, երբ Ստեփանավան քաղաքում ամբողջովին ավերվել է «Չերեմուշկա» կոչվող թաղամասը: Փայտից կառուցված եռահարկ ժամանակավոր կացարանները 10 տարով են հանձնվել բնակիչներին, մինչև նոր և հիմնական բնակելի տներ կառուցվեն նրանց համար: Կառուցված բնակարաններում տեղավորել են 297 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ մոտ 1000 բնակչի, բայց ….

Բայց 30 տարի է անցել, սակայն, այդ «ժամանակավոր» կառուցված կացարաններն իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար: Այնտեղ ապրող արդեն երրորդ սերունդն է մեծանում: Արդեն նրանց աչքն էլ է ջուր կտրել մի լավ լուրի սպասելով: Մարդիկ այստեղ ապրում են տունն ու տեղը հրդեհվելու, շենքը քանդվելու ամենօրյա վտանգն աչքների առջև: Եվ այդ պայմաններում պատրաստվում են 30–րդ Ամանորը դիմավորել:

Թաղամասում տեղի ունեցած հերթական դժբախտ դեպքի մասին տեղեկությունը վերջնականապես հունից հանել է բնակիչներին: Իրենց խնդիրների վրա նոր իշխանությունների ուշադրությունը հրավիրելու համար որոշել էին Ստեփանավան– Վրաստան միջպետական ճանապարհը փակել, քանի որ այլևս ի վիճակի չեն նման պայմաններում գոյատևել:

Ստեփանավանի քաղաքապետի մամուլի խոսնակ Սարգիս Գոքորյանն այն ժամանակ մեզ հետ զրույցում նշել էր, որ հատկապես վերջին յոթ տարիների ընթացքում տարին առնվազն 2 անգամ հարցը բարձրացվել է Ստեփանավանի քաղաքապետի կողմից: Բազմիցս դիմել են թե՛ կառավարությանը, թե՛ մարզպետարանին, սակայն հարցն այդպես էլ մնացել է չլուծված:

«Այդ շենքերի բնակիչները բոլորն էլ իրենց տունը ջեռուցում են կա՛մ փայտի վառարանով, կա՛մ էլեկտրական սարքերով: Փայտե շենքերի համար դրանք հավասարապես վտանգավոր են: Համայնքապետարանն իր սուղ միջոցներից հատկացումներ իրականացնում է տանիքի վերանորոգման և այլ խնդիրները լուծելու համար, բայց այնքան միջոցներ չունի, որ կարողանա նոր թաղամաս կառուցել: Համայնքապետարանը բազմիցս ծրագրեր է ներկայացրել իշխանություններին, սակայն դրանք հիմնականում հավանության չեն արժանացել: Նախորդ իշխանությունների տարիներին միայն Հովիկ Աբրահամյանի վարչապետ եղած ժամանակ մեր ներկայացրած նախագիծը հավանության արժանացավ, սակայն կրկին, միջոցներ չլինելու պատճառով, ծրագիրը չֆինանսավորվեց: Եվ հիմա, փաստորեն, նույն իրավիճակը շարունակվում է»,– ասել էր Ս. Գոքորյանը:

Բնակիչներն ահազանգում են, որ ամեն րոպե կարող է նույն իրավիճակը կրկնվել: Համայնքապետարանը կարող է միայն հանդես գալ խնդիրը բարձրաձայնողի տեսանկյունից, քանի որ համայնքապետարանի անգամ մի քանի տարվա բյուջեն բավարար չէ ընդամենը մեկ շենք կառուցելու համար, էլ չենք խոսում թաղամաս կառուցելու մասին:

«Սա պետական հոգածություն պահանջող խնդիր է, և հետևաբար մենք էլ մեր հերթին ենք հարցնում, թե ինչու ներկայացված ծրագրերը չեն ֆինանսավորվում: Խնդիրն այն է, որ շատ է խոսվում այն մասին, որ քայլեր են ձեռնարկվում աղետի գոտի հասկացությունը վերացնելու համար, բայց փաստորեն այսօր Ստեփանավանի 297 ընտանիք ամեն օր նույն ահ ու սարսափով քնում ու արթնանում է: Այս ընթացքում փայտաշեն տների ոչ միայն հիմքերն են փտել, այլև չկան նորմալ տանիքներ, նկուղները լցվում են կոյուղաջրերով, և իրականում շատ սարսափելի իրավիճակ է»,– ասաց Ս. Գոքորյանը:

Սրանք հարցեր են, որոնք ոչ թե վաղը– մյուս օրը պետք է լուծվեն, այլ դեռ երեկ պետք է լուծված լինեին: Թաղամասի բնակիչները պատրաստվում են «փրկեք մեզ» խորագրով բողոքի մեծածավալ ակցիաներ իրականացնել:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով