Մաքուր երկուշաբթի

Հույները շուքով նախապատրաստվում են քառասնօրյա Մեծ պահքին` Μεγάλη Τεσσαρακοστή  (մեգալի տեսարակոստի) Սա հին հունարեն է, ժամանակակից հույներն ավելի պարզ են ասում` Σαρακοστή (սարակոստի): Ինչպես արդեն ասել էի նախորդ անգամ`պահքի նախապատրաստումն  ազդարարվում է Մաքուր երկուշաբթիով: Այս տարի այն մարտի 11-ին էր, իսկ պահքը սկսվել էր մարտի 18ին: Այսինքն` քրիստոնյաներն ունեն մի ամբողջ շաբաթ պասին նախատրամադրվելու համար:

Իմ հունարենի ուսուցչուհին, որը նաև Աթենքի ազգային համալսարանի դասախոս է, դասերի ժամանակ երբեմն անդրադառնում էր  նաև եկեղեցական, ազգային սովորույթները: Ու քանի որ հումորով աղջիկ է, ասածներն ավելի լավ էին տպավորվում: Հիմա, մոտենում էր պահքի շրջանը, մեզ`այլազգի ուսանողներիս, պատմում էր Զատկի մասին. «Պասից առաջ ի՞նչ ենք անում, ճիշտ է, ուտում ենք: Պասից հետո ի՞նչ ենք անում, ճիշտ է, ուտում ենք»:

Հույների, ինչպես նաև շատ այլ ազգերի, այդ թվում նաև հայրերիս համար տոնը ընկալվում է հիմնականում համեղ ուտելուն ու առատ հյուրասիրելուն: Աստիճանաբար մոռանում ենք տոների հետ կապված սովորությունները:

Երկուշաբթին մաքուր է անվանվում, որովհետև այս օրվանից քրիստոնյաները մաքրվում են հոգով և մարմնով` պատրաստվելով Հարության տոնին, որը նշվելու էր 48 օր հետո` ապրիլի 27ին:

Հետաքրքիր մի նրբություն կա: Մաքուր երկուշաբթիին հույները հիմնականում ծովամթերք են ուտում: Սա հավանաբար նաև ֆիզիոլոգիական նշանակություն ունի նաև, որ մարդու օրգանիզմը մի շաբաթվա ընթացքում աստիճանաբար անցում կատարի պասուց կերակուրներին:

Տոնական սեղանին լինում են կաղամարներ, ոստրեներ, ծովախեցգետիններ և տարբեր այլ ծովային ու օվկիանոսային կենդանիներ: Սեղանի զարդը ութոտնուկով ուտեստն է` խորոված կամ մակարոնով ու կարմիր սոուսով: Ծովամթերք, ինչպես նաև մսամթերք եփելիս հաճախ եմ լցնում ալկոհոլային խմիչքներ` տեղական գինի, ուզո: Ուզոն խաղողի օղի է` անիսոնի համուհոտով: Մաքուր երկուշաբթի օրվա հացը լագանան է` անթթխմոր հացը: Այդ օրը սովորական հաց դժվար է գտնել, որովհետև հացաբուլկեղենի բոլոր խանութներում վաճառվում է միայն լագանա: Թեպետ բացառություններ միշտ էլ լինում են

Հույները հայերիս նման հյուրասեր ժողովուրդ են ու չեն սիրում տոները մենակ անցկացնել: Հյուր են գնում, հյուր են կանչում, հանդիպում և նշում են դրսում (έξω էքսո) ռեստորան-սրճարաններում:

Ասեմ, որ տոնին նախորդող օրերին սուպերմարկետներում շատանում է ծովամթերիքի տեսականին ու լինում են մեծ զեղջեր, իսկ անհատ վաճառողները ձկան շուկաներում կամ սովորական շուկաների ձկան բաժիններում, ընդհակառակը` բարձրացնում են գները: Սա ինձ իմ հայրենիքն է հիշեցնում:

Այս տարի ես առաջին անգամ ութոտնուկ եմ եփել` նախկինում երբևէ հում վիճակում տեսած չլինելով: Բայց առանձին խոսելու թեմա է, դա կթողնեմ հետո:

Ասեմ, որ այս` Մաքուր երկուշաբթիով սկսվող շաբաթը կարող ենք վերապահումով զուգահեռել հայ իրականության Բարեկենդանի հետ:  Հունական ավանդական համայնքներում տոնը միայն առատ սեղանով չի սահմանափակվում, տարբեր ժողովրդական միջոցառումներ,  թատերականացված խաղեր են կազմակերպում:

Շարունակելի

Նաիրա Թամամյան

Նկարը cityportal.gr կայքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով