Մայրերի ու մայրության օրը հույների մոտ

Հունաստանում, ինչպես նաև որոշ այլ երկրներում՝ ԱՄՆում, Ավստրալիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, Էստոնիայում, Կիպրոսում, Մալթայում, Ճապոնիայում, Ֆինլանդիայում և այլուր, մայիսի երկրորդ կիրակին համարվում է մայրերի և մայրության օր։ Մենք մայրության օրը նշում ենք ապրիլի 7-ին՝ Ավետման տոնին։

Տոնի արմատները գալիս են հին հունական դիցաբանությունից և կապված են Մայր երկրի՝ Գեայի (Γη, Γαία) հետ։ Գեան Ուրանոսի կինն է։ Գեան խորհրդանշում է մայր բնությունը, որից սերում է ողջ աշխարհը։ Նա համարվում էր գերագույն աստվածություն։  Հին հույների մոտ մոր՝ Գեայի պաշտամունքը հաճախ սահուն անցնում էր դստերը՝ Ռեային, որը Քրոնոսի քույրն էր ու կինը։ Այս Քրոնոսն էլ բոլորիս քաջ հայտնի Զևսի՝ աստվածների թագավորի հայրն է։ Ռեան համարվում է աստվածների մայրը, որը առաջնն է կրծքով կերակրել իր որդիներին։ Հին հույները  Ռեային երկրպագում էին որպես երկրի ու պտղաբերության աստվածուհու, որի տոնը նշում էին ամեն գարնանը։

Հետո արդեն ամերիկացի ու անգլիացի կին ակտիվիստների ջանքերով այն ժամանակակից երանգավորում ստացավ։ Նախորդ դարի 60-ականներին երկիրը տուրք տվեց արևմտյան մշակույթին և սկսեց տոնել Մայրերի ու մայրության տոնը մայիսին։

Տոնը սակայն միանշանակ չի ընդունվում, նրբություններ կան։ Հունաստանում քրիստոնեական ավանդույթը մայրության տոնը կապում է Քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարի ընծայման տոնի հետ։ Հույներն այն կոչում են Իպապադի (Υπαπαντή, ընծայում), մենք՝ Տեառնընդառաջ։ Ուղղափառ եկեղեցին մինչև օրս պնդում է, որ մայրության օրը փետրվարի 2ին է՝ Իպապադիի տոնը, որի ընթացքում համապատասխան տոնական միջոցառումներ է կազմակերպում։

Մայիսին նշվող մայրության օրը աշխարհիկ տոն է։ Առանձնապես մեծ շուքով չի նշվում, բայց դպրոց-մանկապերտեզներում չեն մոռանում այդ մասին, երևի նաև նշանակություն ունի այն, որ դասատուների զգալի մասը մայրեր են, ինչպես Հայաստանում։  Նրանք աշակերտներին պատմում են տոնի մասին, բացիկներ ու նվերներ են պատրաստում մամաների համար։ Եվ դա անում են ոչ միայն այս տոնին, հույները շատ տոներ ունեն՝ հետաքրքիր նախապատմություններով։ Մամաների օրը բալիկները թերևս ծաղիկներ նվիրեն, ու տոնը համարվի տոնված։

Իմ աղջիկներն էլ են նվերներ սարքել, սիրով նվիրեցին, բայց տոնը մի տեսակ լիարժեք չհամարեցին, որովհետև միայն մամայի համար էին նվեր արել, իսկ պապայի համար՝ չէ։ Ու որպեսզի պապան շատ չտխրի առանց նվերի, ելքը գտան․ տանը իրենց խաղալիքներից նվիրեցին։ Հիմա բոլորս երջանիկ ենք։ Սա «նախատոնակն» էր։

Կիրակի առավոտ պուճուր աղջիկս (Ժանետ, 4 տ․) շատ շուտ արթնացել էր, վերցրել էր գունավոր կավիճներն ու մամայի համար նկար էր նկարել, որտեղ երկու ընկերուհի մեկը մյուսի մազն էր քաշել, բայց հետո ներողություն էր խնդրել։ Մաման էլի երջանիկ է, ոչինչ որ ողջ տունը, սեղանները, իր շորերը գունավոր կավճափոշի են։ Կարևորը երեխու բարի նպատակն ու ցանկությունն էին։

Հ․Գ․ «Մամա, քեզ շատ եմ սիրում, որովհետև միշտ կողքիս ես ու ձեռքս բռնած»,-ասված է պաշտոնական բացիկում։

Իսկ վարդագույն հրովարտակում  աղջիկներս, ըստ իրենց ցանկության ու պատկերացման լրացրել են մամայի հետ համեմատության եզրերը։ Մեծ աղջիկս (5 տ․) գրել է․

Եթե մամաս 

լիներ ծաղիկ, կլիներ վարդ,

լիներ տարվա եղանակ, կլիներ ամառ,

լիներ գույն, կլիներ կապույտ, 

լիներ քաղցրեղեն, կլիներ տաք շոկոլադ

լիներ հեքիաթ, կլիներ Ձյունանուշը։

իսկ եթե բառ լիներ, ապա կլիներ սեր։

Ես քեզ սիրում եմ, քո բալիկ՝ Սուզան։


Անցա դասական մամաների շարքը։

Նաիրա Թամամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով