Լրագրողի բաց նամակը Հայկ Մարությանին

Հարգելի՛ պարոն Մարության, ես՝ լրագրող Սոնա Դավթյանս՝ Նուբարաշեն 1-ին փողոցի 21/4 հասցեի բնակիչ, դիմում եմ Ձեզ՝ արդարությունը վերականգնելու պահանջով: Դուք, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը բազմիցս հայտարարել եք՝ վե՛րջ ապօրինի հողազավթումներին, սակայն որոշ բնակիչներ, ցավոք,  դրան լուրջ չեն վերաբերվում:

Տանս կից համայնքապատկան հող կա (0028 ծածկագրով), որի ամբողջական  կամ մասնակի  ձեռքբերման  համար  արդեն 2 տարի է՝ դիմում եմ  Երեւանի քաղաքապետարան: Նախկին կազմը, ի դեմս Տարոն Մարգարյանի, Հայկ Ասատրյանի, Անդրանիկ Քասարյանի, անհիմն  պատճառաբանություններով մերժել են ինձ՝ 3-րդ անձի իրավունքը գերակա դասելով ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ:  Ասեմ նաև, որ այդ հողի ձեռքբերումն ինձ համար ծայրահեղ անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն:  Բանն այն է, հողի և իմ  տան միջև հեռավորությունը մոտավորապես 40-50 սմ է, կա հողային շերտերի այնպիսի անհավասարություն, որի պատճառով անգամ աստիճան դնել հնարավոր չէ: Դա էլ բավական չէ՝ հողը ցանկապատված է, որն էլ արհեստական խոչընդոտներ է ստեղծում տանս բնականոն գործունեությունը ապահովելու համար: Այդ ամենի պատճառով ձմռանը տանս պատերը խոնավանում են ու բորբոսում:

Բավական չէ, որ  տանս կից համանքապատկան հողի ապօրինի հողազավթումը քաղաքապետարանի նախկին կազմը  համարում է   Սերյոժա Ենոքյանի կողմից այգեգործական նպատակներով օգտագործվող,  ում տունը, ի դեպ, տարածականորեն որեւէ կապ չունի տվյալ հողի հետ, վերջինս, համայնքապատկան հողն օգտագործելով, բերք ու բարիք ստանալով, հողի, ոռոգման ջրի հարկեր Չի ՎՃԱՐԵԼ, լրագրողական իմ աղբյուրների փոխանցմամբ՝ 3000 դոլարի դիմաց  որոշել է ամեն գնով ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ հողն օտարել Նուբարաշենի մեկ այլ բնակչի՝ Էդիկ Մալաղյանին՝ քաղաքապետարանի իր ծանոթ աշխատակիցների օգնությամբ:

Թե ովքե՛ր են նրանք, ինձ դեռ չի հաջողվել պարզել: Հուսամ՝ քաղաքապետարանը կբացահայտի նրանց և կազատվի ստվերային անօրինականությանը սատարողներին: Ավելին՝  հողի վաճառքի խայտառակ գործարքի մասին 2016 թ. սեպտեմբերի 30-ին  տան սեփականատեր Մանիա Համբարձումյանի անունից  անձամբ  նամակով տեղեկացրել ենք Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն  ապարդյուն:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք: Ինձ հասած տեղեկություններով՝ Սերյոժա Ենոքյանն այսպիսի մի քանի հողազավթումներ  «այգեգործական» նպատակներով արել է նաև  Նուբարաշենի այլ հատվածներում նույնպես, սակայն արի ու տես՝ դրանց վրա նախկին իշխանությունները աչք են փակել: Մինչդեռ արժե հիշեցնել Դալմայի այգիների պատմությունը, երբ պետությունը այգիները օտարեց այլ անձանց, իսկ մշակողներին տվեց  որոշակի փոխհատուցում:

Տեղեկացնենք, որ այս խնդիրը  նաև բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Հետաքննության շրջանակներում 2018-ի նոյեմբերի 2-ին Araratnews.am լրատվամիջոցը գրավոր հարցմամբ տվյալ հողի մասին ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով  դիմել է քաղաքապետարան և ստացել այսպիսի պատասխան՝ հողը կարող է դառնալ առանձին սակարկությունների առարկա: Այսինքն՝ դրվել աճուրդի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ կա՛մ մեր տան կից համայնքապատկան հողից ինձ տրամադրել 200 քմ հող՝ տանս բնականոն գործունեությունը ապահովելու համար,  կա՛մ հողը դնել աճուրդի:

Հ.Գ. Սույն խնդրի մասին տան սեփականատեր Մանիա Համբարձումյանը նոյեմբերի 7-ին գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին (նոյեմբերի 8-ին նամակը մուտք է արվել Երեւանի քաղաքապետարան), իսկ նոյեմբերի 22-ին՝ նաև Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Թույլ մի՛ տվեք, որ զոռբայությունն ու ճարպկությունը հաղթեն օրենքին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով