Կենդանաբանական այգու շուրջ աղմուկն ավելի լուրջ է, քան երևում է

Հասարակության համար այդպես էլ հասկանալի չէ, թե կենդանաբանական այգու տնօրինությունն ինչ քաղաքականություն է վարում: Մի դեպքում հոգատարություն ցուցաբերելով, արջի ատամը բուժելու համար արտերկրից բժիշկներ բերելու նպատակով բավականին գումար է ծախսում:

Իրականում, պարզվում է, կենդանաբանական այգու շուրջ սկսված աղմուկը մոտ 8 տարվա պատմություն ունի: Իրավիճակը գնալով սրվել է: Այս ընթացքում բոլոր նրանք, ովքեր Ռուբեն Խաչատրյանի կարծիքը չեն կիսել, տարբեր պատճառներով հեռացվել են աշխատանքից: Այգու նախկին աշխատակիցներն այս մասին բարձրաձայնել խուսափել են՝ հաշվի առնելով Խաչատրյանի մտերմությունը Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ: Բայց իշխանափոխությունից հետո կենդանաբանական այգու աշխատակիցներն էլ են որոշել քայլ անել, բացում են բոլոր փակագծերը, ինչի մասին երկար տարիներ վախեցել են խոսել:

«Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանը դեմ է անարդարությանը, այդ պատճառով էլ օտարերկրացիների մոտ մեր երկրի մասնագետներին զրոյացնելը ծանր է տանում: Նրա խոսքով, Հայաստանում նույնպես բավականին բարձրակարգ անասնաբույժներ ու անասնաբույծներ կան և բոլորովին պետք չէ նրանց եվրոպացիներով զարմացնել:

«Ես շփվել եմ իրենց բերած բազմաթիվ եվրոպացիների հետ, ովքեր անգամ տարրական գիտելիքներ չեն ունեցել: Ես դա կենդանաբանական այգու տնօրենին էլ եմ ասել, որ ծիծաղելի է, երբ երրորդ դասարանում կատարած իմ քայլերն են ինձ ուզում սովորեցնել: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա կարելի է աշխարհի բոլոր կառույցների հետ էլ համագործակցել, բայց չի կարելի սեփական մասնագետների ճանապարհը փակել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը:

Նա երկար տարիներ աշխատել է այս այգում և բավական մոտիկից ծանոթ է կենդանաբանական այգու ներքին անցուդարձին: «Փաստի» հետ զրույցում, սակայն, ցավով նշեց, որ Ռուբեն Խաչատրյանի տնօրեն նշանակվելուց հետո բազմաթիվ անօրինություններ են եղել: Օրինակ, այգու մորուքավոր անգղներին կենդանաբանական այգուց հեռացնելը, որոնք նախկինում ամեն տարի բազմացել են, իսկ հիմա այլևս այգում չեն: Մարտիրոսյանի տեղեկություններով, թռչունները տարվել են Ուրցաձոր, հիմնադրամի գումարներով պահվում և եվրոպացիների հետ նրանց մասով ծրագրեր են մշակվում:

«Ներկայում բոլոր կենդանիները ստերիլիզացված են, սերունդ տալ չեն կարող: Ի դեպ, մորուքավոր անգղը միջազգային շուկայում 25 հազար եվրո արժե: Ամբողջ աշխարհում՝ երկրագնդի վրա մոտ 10 վայրում է այն բազմանում, որից մեկը Հայաստանն է: Եվ երբ կենդանաբանական այգիները փոխանակում են իրականացնում , պետք է համարժեք փոխանակում անեն: Բայց, ինչպես երևում է, Խաչատրյանը հիմնադրամը և գազանանոցը խառնել է իրար: Ո՞վ է իրեն թույլ տվել պետական ու մասնավոր կառույցների գործունեությունն իրար խառնել: Ես ուզում եմ այնպիսի կենդանաբանական այգի ունենանք, որ եվրոպացին գա ու զարմանա, ոչ թե եվրոպացուն ասենք՝ մենք այնքան տգետ ենք, որ եկեք, մեզ բան սովորեցրեք կամ եկեք արջի ատամը պլոմբեք: Հարց է ծագում, թե Խաչատրյանն իր ոչ մասնագետ անասնաբույժի հետ, այն էլ այս օրերին, երբ աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում, հանկարծ ինչպե՞ս տեսավ, որ արջի ատամը ցավում է: Պարզ է, չէ՞, որ իրենց պետք էր շոու կազմակերպել: Բոլորն ասում են, ինչ լավ կանաչապատվել է կենդանաբանական այգին: Եթե Խաչատրյանը կարողանում է լավ գազոն աճեցնել, ուրեմն պետք է նրան քաղաքապետարան ուղարկել, որպեսզի քաղաքի կանաչապատմամբ զբաղվի: Ես ուզում եմ, որ մեր երեխաները կենդանիներ տեսնեն, բայց Խաչատրյանի կարծիքով, 50 կենդանին բավարար է: Այսօր Երևանի կենդանաբանական խանութներում ավել ի շատ ձկնատեսակներ կան, քան կենդանաբանական այգում: Նման բան ո՞վ  է տեսել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը:

Պարզվում է, որ ձկնաբուծարանը նույնպես Խաչատրյանի օրոք է քանդվել: Ռ. Խաչատրյանն այն համոզմանն է, որ եթե կենդանին առողջ է, բայց պահելու տեղ չունի, պետք է նրան քնեցնել: «Էկզոտարիումի» տնօրենի համար հասկանալի չէ նաև, թե ինչու պետք է Իսրայելի կենդանաբանական այգին ամենալավը լինի, իսկ Հայաստանինը, որը խորհրդային տարիներից լավագույններից էր, այս օրի հասնի:

«Խաչատրյանը մասնագետ չի, նույնիսկ որպես կինոռեժիսոր չի կայացել: Նա պետք է միանշանակ հեռանա այդտեղից, և նրա փոխարեն մասնագետներ պետք է գան: Դրսում նույնպես շատ լավ հայրենակից մասնագետներ ունենք: Ինքը մեր ազգային և մասնագիտական նկարագրի հետ է խաղում: Նման մարդը չի կարող նման կառույց ղեկավարել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով