Իրական ստվերը չեն կարողանում հայտնաբերել

Ինչպես նույնականացման քարտերով առևտուր իրականացնելու հարցը, այնպես էլ դրսից ստացվող տրանսֆերտները հարկման դաշտ բերելը վերջին օրերին նույնքան աղմուկ բարձրացրեցին: Այստեղ զավեշտն այն է, որ նման համակարգեր ներդնելու համար դեռ երկար ու տանջալի աշխատանք պետք է իրականացնել: Առաջին հերթին նախ պետք է հասկանալ, որ եթե, օրինակ, ցանկություն կա մի կողմից միկրոբիզնեսը 100 %–ով ազատել հարկերից, ապա ինչպե՞ս յուրաքանչյուր անհատ չի կարող դառնալ միկրոբիզնեսով զբաղվող սուբյեկտ և, բնականաբար, ազատվել հարկերից: Այլ կերպ ասած, դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է իրենց պարզաբանումները ստանան, հակառակ դեպքում այն կհանգեցնի բազմաթիվ բացասական հետևանքների, որոնց մասին այս պահին կարծես թե ոչ ոք ոչինչ չի ասում:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը,  մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցերին, նշեց, որ այս պահին դժվար է որևէ սպառիչ պատասխան տալ, սակայն հարցերին տրամաբանության տեսանկյունից դիտարելը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք ճիշտ քայլեր չեն կարող լինել:

«Մեծ հաշվով տրանսֆերտների սոցիալական բնույթի ուսումնասիրությունից հանգում ենք այն եզրակացության, որ այն ճոխ ապրելակերպ ապահովելու գրավական չէ: Հայաստանում գտնվող խիստ ցածր եկամուտներ ունեցող մարդկանց առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար են նման գումարներ ուղարկվում արտերկրից: Եվ այդ գումարները հարկելը ոչ հիմնավոր քայլ է»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Այլ հարց է, համոզված է Բոստանջյանը, որ եթե երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում և դրանով պայմանավորված երկրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինում նոր հոսքեր ապահովել, ապա հարկ լինի նման քայլի գնալ: Ամեն դեպքում, տնտեսագետի կարծիքով, նման համակարգերի ներդրումն անհավասար պայմաններ կստեղծի և կհանգեցնի երկրի համար ոչ ցանկալի զարգացումների:

«Առաջին հերթին դրսից եկող գումարների ծավալը կփոքրանա: Մյուս կողմից՝ այն կսկսի կրել ստվերային բնույթ, որն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը: Նման պայմաններում, ոչ ճակատային, բայց որոշակիորեն կավելանա նաև արտագաղթը: Մինչդեռ այսօր ամենակարևոր հարցն այն է, որ ցանկացած ֆիզիկական անձ ի վիճակի լինի գործունեություն ծավալել և դրա արդյունքում եկամուտ ստանալ: Ու եթե մեր երկիրը տարբեր սուբյեկտիվ պատճառների հետևանքով հայտնվել է բավականաչափ վատ վիճակում, ուստի այս պարագայում ինչ–որ ձևով գումար հայթայթելու և բյուջեն լցնելու մասին մտածելը նշանակում է դժվարության մեջ գտնվող ֆիզիկական անձի դժվարություններն է՛լ ավելի մեծացնել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Ամենից առաջ հարկավոր է այնպիսի քաղաքականություն մշակել, համոզված է տնտեսագետը, որի պարագայում անձն ի զորու լինի և՛ գումար աշխատել, և՛ իր աշխատանքի արդյունքում եկամուտ ստանալ: Եվ այդ եկամուտը, ըստ Բոստանջյանի, պետք է այնպիսին լինի, որը մոտ լինի արժանավայել ապրելու նվազագույն շեմին:

«Ամենևին էլ այնպես չէ, որ բոլոր առաջարկներն անպայման պետք է 100 %–ով ընդունվեն: Դրանք պետք է դեռ համակողմանի ուսումնասիրության և խորը վերլուծության ենթարկվեն: Չի կարելի հանպատրաստից նման քայլեր ձեռնարկել: Ոչ պատշաճ կերպով ուսումնասիրված նման առաջարկները ներդնելը կարող է ավելի կործանարար լինել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետի կարծիքով, եթե իշխանությունները նման քայլեր են փորձում իրականացնել ստվերը կրճատելու համար, ապա դրա դեմ պայքարելու շատ այլ ճանապարհներ կան, որոնք բոլորովին կապ չունեն տրանսֆերտների հետ:

«Իշխանությունները տնտեսական կայուն քաղաքականություն իրականացնելու համար պետք է մի պահ մտածեն, որ դրսից նման գումարներ չեն գալիս: Եվ իսկապես էլ հնարավոր է, որ հայ քաղաքացիները գումար վաստակելու համար երկրից դուրս եկած չլինեին: Այդ դեպքում ի՞նչ հարկերի մասին կատակը ստվերի կրճատումն է, ապա պետք է նաև հիշել, որ իրական ստվերն այդ տրանսֆերտները չեն: Իրական ստվերը Հայաստանի տնտեսական գործունեության դաշտում է գտնվում: Եվ փոխանակ դա հայտնաբերեն, գնում են մասնավոր տրանսֆերտների վրա վերահսկողական մեխանիզմներ ներդնելու և դրանց շրջանակները մեծացնելու ճանապարհով: Առավել ևս, երբ տրասֆերտային գումարներն ուղղվում են մարդկանց առաջնային և անհետաձգելի ծախսերը հոգալու համար»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Հ.Գ. Չնայած ՊԵԿ–ն արդեն իսկ պարզաբանում է տարածել, համաձայն որի նախքան նման նախագծի ներդրումը այն պետք է հանրային լայն քննարկում անցնի, սակայն հարցն այնքան կարևոր է, որ դրա մասին սկսել են իրենց տեսակետն արտահայտել տնտեսագետները: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա թեև ՊԵԿ–ից տեղեկացնում են, որ որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, բայցև հիշեցնենք, որ առանց կրակ ծուխ չի լինում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով