Հրանտ Մարգարյանից ՀՅԴ–ում դժգո՞հ են

Պարզվում է՝ ՀՅԴ ԳՄ–ի կողմից վարվող քաղաքականությունից ընդհանրապես գոհ չեն ՀՅԴ հատկապես արտերկրի ներկայացուցիչները: Ու թեև աղմուկ չբարձրացնելու համար նախկինում կուսակցական խողովակներով էին իրենց զայրույթն արտահայտում, հիմա արդեն սկսել են ՀՅԴ–ի կողմից իրականացրած սխալների և ներկա վարկանիշի մասին հնարավոր բոլոր եղանակներով բարձրաձայնել:

Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն, ՀՅԴ ներքևի օղակների և արտերկրի կուսակիցների դժգոհությունները ուղղված են հիմնականում ՀՅԴ վերին էշելոնների կուսակցական ընկերներին, ովքեր, նրանց կարծիքով, հատկապես վերջին շրջանում այնքան վատ են աշխատում և այնքան սխալներ են թույլ տվել, որ հայտնվել են մի իրավիճակում, երբ նույնիսկ իրենց կուսակիցներն են հրաժարվում ՀՅԴ–ին ձայն տալ: Դժգոհ են նաև Հրանտ Մարգարյանից, ով, ըստ մեր տեղեկությունների, ՀՅԴ Իրանի թևն է ներկայացնում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կուսակցության իրանական թևի ներկայացուցիչները ցանկանում են նրան հետ կանչել և հեռացնել ՀՅԴ շարքերից: Մարգարյանն էլ իմանալով՝ իրեն ինչ է սպասվում, չի մեկնում Իրան:

Ամենայն հավանականությամբ, լռության քողը կպատռվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կարող է շատ ջրեր հոսեն: Եվ որպեսզի այս կոնֆլիկտային իրավիճակի պատճառով կուսակցության վարկանիշն է՛լ ավելի չընկնի, ՀՅԴ–ականները փորձում են մի կողմ թողնել դժգոհությունները և անել հնարավորը՝ առաջիկա ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Լուրը ճշտելու համար  կապ ենք հաստատել Հրանտ Մարգարյանի հետ, սակայն նա առանց հարցը լսելու ասաց, որ հեռախոսով տրված որևէ հարցի չի պատասխանի: Դիտարկմանը, թե մեր նպատակն ընդամենը խմբագրության ստացած լուրը ճշտելն է և ընդամենը ցանկանում ենք այն հաստատել կամ հերքել, Հրանտ Մարգարյանը նորից կրկնեց, թե հեռախոսով որևէ հարցի չի պատասխանի, անգամ այո կամ ոչ չի ասի:

Փորձեցինք կապ հաստատել նաև Արմեն Ռուստամյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Այս պարագայում, երբ մեր ձեռքի տակ հայտնված լուրի իսկությունը ճշտել չհաջողվեց, մեզ մնում է հրապարակավ ուղղել հարցը Հրանտ Մարգարյանին՝ հուսով, որ այս պարագայում արդեն կկարողանանք ստանալ մեր հարցի պատասխանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով