ՀՀԿ-ն վախենում է փողոց դուրս գալ

Թեև քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, սակայն իշխանական և հակաիշխանական ուժերն ու նրանց սատարող խմբերը սկսել են պաշտոնապես ցեխ շպրտել միմյանց վրա: Այդ արշավի ժամանակ չեն խնայում ոչինչ ու ոչ մեկին: Ու թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու ղեկավարները հանգիստ խղճով կարողանում են շրջել փողոցներով ու զրուցել քաղաքացիների հետ, բայց դրա պատճառով նախկին իշխանավորների սիրտը ավելի են դառնանում:

Միանշանակ է, որ ՀՀԿ-ն երկար տարիներ լինելով թելադրողի կարգավիճակում բավականին հարմարվել էր փափուկ կյանքին և դեռ հույս ուներ, որ իրենց համար այդ կոմֆորտային պայմանները երկար կշարունակվեն, սակայն, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: ՀՀԿ-ականները հայտնվեցին իրենց համար բավականին անսովոր իրավիճակում: Այս ամենի պատճառով է, թե մեկ այլ պատճառ էլ կա, բայց հիմա էլ  հասարակությունն է իրար խառնվել, ինչը այնքան էլ հասկանալի չէ: Ի դեպ, կերակրատաշտին այդպես էլ երբևէ չմոտեցած ՀՀԿ-ականներն ավելի զայրացած են, իսկ կուսակցության միջին քաշային կատեգորիայի ներկայացուցիչներն, այս ընթացքում անգամ հասցրել են տեղավորվել ներկա իշխանությունների պահեստային նստարանին:

Այս խառնաշփոթում ՀՀԿ-ն որոշել է իր քարոզարշավը  միայն եթերների միջոցով իրականացնել: Հավանաբար, մի կողմից չի ուզում լսել, թե իրենց մասին ինչ է մտածում միջին վիճակագրական կարգավիճակ ունեցող հայաստանցին, մյուս կողմից վստահ չէ, որ հրապարակային հանդիպումների ժամանակ  իրենց ընդհանրապես լսողներ կլինեն:

Այս պայմաններում հարց է ծագում, թե ո՞ւր են ՀՀԿ-ականների այն բազմահազարանոց հոծ խմբերը, ՀՀԿ-ի դրոշակ բռնողները, ՀՀԿ-ից սնվողներն ու նաև նրանց քաշողները: Ինչո՞ւ ՀՀԿ-ի համար այս ծանր օրերին իրենց կուսակիցների կողքին չեն կանգնում: Այս ֆոնին, հետաքրքրիր է, թե տարբեր եթերներով ՀՀԿ-ի կողմից հրամցվող կիրթ խոսքն ու անմեղ հայացքը որքանո՞վ կգրավի սովորական ընտրողին, երբ ոչ վաղ անցյալում նույն այդ ուժի շնորհիվ երկիրն այնպիսի հսկայական խնդիրներ շալակեց, որոնց տակից դուրս գալու համար համառ ու երկարատև պայքար է պետք իրականացնել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով