ՀՀԿ-ն փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ

Ամենայն հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրանադրելու մասին ՀՀԿ-ի կողմից ներկայացված օրինագիծը չընդունվեց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Այն բավականին բուռն քննարկման արժանացավ: Այնքան բուռն, որ նույնիսկ պատգամավորները սկսեցին միմյանց հասցեին անհարգալից բառապաշար օգտագործելով մեղադրանքներ հնչեցնել: Հիմնական թիրախն ուղղված էր «Ծառուկյան» դաշինքին, ինչը, համաձայնեք, այդքան էլ տեղին չէր:

Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ՀՀԿ-ի կեցվածքն ընդունելի չէր նշված դաշինքի ներկայացուցիչների համար, քանի որ իրականում հասկանալի չէր, թե մեխի ու մուրճի արանքում նման կիսատ-պռատ օրինագիծ ներկայացնելն, ընդհանրապես, ինչ իմաստ ուներ, երբ ՀՀԿ-ի կառավարման անցած 20 տարիների ընթացքում իրենց կողմից նման պահանջ երբեք էլ չէր առաջացել:

Եվ հիմա, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փորձում են մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել, հարց է ծագում, թե ինչն էր այդքան անհանգստացրել Հանրապետական պատգամավորներին: Այն, որ ԼԳԲՏ ներկայացուցիչներն իրենց թույլ էին տվել քաշքշել Կաթողիկոսի հագուստը և նրա հասցեին որոշ արտահայտություննե՞ր հնչեցնել: ՀՀԿ-ի հեռատես գործիչները պետք է ավելի վաղ՝ իրենց ղեկավարման տարինբերին նման անհանգստություն ցուցաբերեին, քանի որ հենց այդ տարիներին սկսվեց այդ փոքրամասնության ներկայացուցիչների բուռն վերելքը Հայաստանում:

Իշխանությունը կորցնելուց հետո սեփական թուլություններն ու թերացումներն ուրիշի վրա բարդելու սովորություն, պարզվում է, այդպես էլ չեն լքում ՀՀԿ-ական գործիչներին: Նրանք սովոր են մարդկանց աչքերին նայել ու ստերով կերակրել, ինչպես դա արել են անցած 20 տարիների ընթացքում: Եվ եթե նման ձևով չկառավարեին երկիրը, պետությունն այս աստիճանի չէր հասնի: Ինչ վերաբերում է կաթողիկոսին պաշտպանելուն, ապա միայն նա չէ, այդ պաշտպանության կարիքն ունի: Նման պաշտպանության կարիք ունեն բոլորը, քանի որ մեծամասնությունը նույնպես չի կարողանում պատշաճ իրացնել իր իրավունքները հայտնվելով փոքրամասնությունների ներկայացուցիչների թիրախում, ովքեր անցնելով բոլոր սահմանները կարողանում են շանտաժի ենթարկել ողջ հասարակությանը:

Այս պայմաններում ոչ թե հատվածային մոտեցում է պետք ցուցաբերել, այլ արմատական, քանի որ, իրականում, այս հարցը դարձել է հասարակության բոլոր շերտերին հուզող թիվ մեկ խնդիրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով