Ձայն բերողներ, թե կրթված պատգամավորներ

Նոր ձևավորված կուսակցությունները նոր մշակույթ են փորձում ձևավորել Հայաստանում: Նորերից է նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որն առաջիկա արտահերթ ընտրություններին առանձին  է մասնակցելու: Նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար կուսակցությունը կոչ էր արել, և, պարզվում է, բավականին մարդ է դիմել: Ավելին, այնքան շատ են դիմողները եղել, որ նրանց միջև հնարավոր է եղել անգամ ընտրություն կատարել:

Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման հայտարարությունները կուսակցության ռազմավարության մի մասն են, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատելու են ոչ միայն թափանցիկ, այլև ժողովրդի հետ:

«Մենք դեմ ենք այն պրակտիկային, որ կուսակցության նախընտրական ցուցակները կուլիսային քննարկումների միջոցով են ձևավորվում: Այդ ամենը պետք է փոփոխվի: Պետք է փոփոխվի նաև այն պրակտիկան, որ թաղային հեղինակությունները, ձայն բերողները կամ ձայն բերելու պոտենցիալ ունենալը հաշվի առնելով են մարդկանց ներգրավում նախընտրական ցուցակներում: Մենք նման բաներից զերծ մնալու համար ենք հայտարարություն տարածել ու բավականին շատ արձագանքներ ենք ստացել: Եվ այնպես էլ չէ, որ բոլոր արձագանքների պատասխանը դրական է լինելու, քանի որ մենք մեր կողմից ներքին չափանիշներ ենք սահմանել: Ու թեև օրենքով սահմանված չէ, որ, օրինակ, բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, այդուամենայնիվ, մենք կարծում ենք, որ պատգամավորի թեկնածուն պետք է անպայման որոշակի կրթական աստիճան ունենա»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ կուսակցությունը կատարել է ընտրություն, նույնիսկ օրենքի պահանջին համապատասխան, կանանց ներգրավվածության հարցն են փորձել լուծել: Քաղաքական գործիչը համոզված է նաև, որ եթե մի կուսակցություն հայտարարի, թե իրենք կարող են բարձր որակավորում ունեցող կրթված ու հմուտ, աշխատանքային փորձ ունեցող մասնագետներից բաղկացած ցուցակ ներկայացնել, որով բոլորը հիացած կլինեն, ապա ստած կլինեն: Հ. Գրիգորյանի խոսքով՝ նման ցուցակ չունեն անգամ այնպիսի կուսակցություններ, որոնք այսօրվա դրությամբ փորձում են առաջնային դիրքերում հանդես գալ:

«Այսօրվա դրությամբ, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հերթ է գոյացել, բայց իրենք էլ նման ցուցակ չեն կարող ներկայացնել: Այդ կուսակցության որոշ մասը նախկին հանրապետականներ են, մի մասը մարդիկ են, որոնք երկար տարիներ կուսակցությունների համար ձայն բերող են աշխատել ու մինչև իրենց կյանքի վերջ էլ այդ գործն են անելու ցանկացած կուսակցության համար: Այսինքն, եթե այնտեղ էլ սկզբունքային կամ մասնագետ մարդկանց պակաս կա, ապա ինչպե՞ս կարող է երկու ամսվա կենսագրություն ունեցող կուսակցությունում նման պակաս չլինել: Եվ մենք երբեք չէինք էլ հայտարարել, որ մեր կուսակցությունը ԱԺ պատգամավորի մեր պատկերացումներին համապատասխան 82 թեկնածու ունի: Նման մարդիկ ոչ մի կուսակցությունում էլ չկան: Իսկ եթե այն տրամաբանությամբ գնանք, որով այսօր շարժվում են շատ կուսակցություններ, ապա ոչ թե 82, այլ 1200 հոգանոց ցուցակ էլ կարող ենք ներկայացնել»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այս քայլերը կուսակցությունն իրականացնում է, որպեսզի շատերի նման իրենք էլ չդառնան հերթական կուսակցությունը: Այդ պատճառով են ձեռնարկում յուրօրինակ քայլեր, որպեսզի հետագայում որակյալ կադրերի պակաս չունենան: Բացի այդ, այսկերպ կուսակցությունը փորձում է երկխոսել նաև հասարակության հետ և կադրեր հավաքագրել: Ի դեպ, իրենց դիմողների տարիքը բավականին տարբեր է եղել: Դիմել են և՛ երիտասարդներ, և՛ նույնիսկ 60–ին մոտ անձինք, որոնք կարող են իրենց կենսափորձը ներդնել կուսակցության կայացման հարցում:

Ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա այն նույնպես դրական ընթացք ունի: Հավաքված գումարով հնարավոր կլինի ոչ միայն ընտրագրավը մուծել, այլև հարակից ծախսերի հարցը կարգավորել:

«Ի դեպ, մենք հաղթահարում ենք այն խնդիրները, որոնք նախկիններից որպես ժառանգություն են մեզ հասել: Մեծ ձախողում ենք համարում այն, որ Ընտրական նոր օրենսգիրքը չընդունվեց, և, փաստորեն, 10 միլիոն դրամ ընտրագրավի չափը պահպանվեց: Իմ կարծիքով, Հայաստանի կենսամակարդակի պայմաններում այն չի կարող 3 մլն դրամից ավելի լինել: Ռեյտինգային համակարգը նույնպես իր բացասական ազդեցությունն ունի ընտրական գործընթացների վրա: Դա էլ պետք է փոխվի, որպեսզի մենք ապագայում ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով