Բուքմեյքերական գրասենյակները փակելը՝ օրվա պահանջ

Տարիներ առաջ, երբ մեկը մյուսի հետևից մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ մասերում սնկի նման բացվեցին կազինոները, վիճակագրություն այդպես էլ չհրապարակվեց, թե քանի ընտանիք դժբախտացավ դրանց պատճառով: Ժամանցի այդ տեսակը շատ արագ վերածվեց պատուհասի և շատ ընտանիքներ դրանց պատճառով սկսեցին թակել հիվանդանոցների դռները: Շատերն անգամ մինչ օրս չեն էլ կարողացել դրա հետևանքները վերացնել:

Հարցն այնքան սրվեց, որ մի օր իշխանությունները որոշեցին դրանք մայրաքաղաքի կենտրոնից հանել: Բայց կազինոների սիրահարներին դա չխանգարեց, որ դրանց հետևից իրենք քաղաքից դուրս գնան: Թե դրանից հետո որնքանով նվազեց խաղամոլների թիվը, կրկին հայտնի չէ: Պարզ է մեկ այլ բան, որ հեշտ փողի հետևից վազողների համար նոր խաղ մշակվեց՝ բուքմեյքերական գրասենյակների գաղափարը ու նախկին կազինոների փոխարեն սկսեցին դրանք սնկի պես աճել:

Սովորական մարդու համար առանձնապես էական չէ, թե մի փողոցի վրա քանի նմանատիպ գրասենյակ է տեղակայված, օրական քանի մարդ է այնտեղ մտնում և այլն: Բայց փաստը մնում է փաստ որ հատկապես անցումային տարիքում գտնվող պատանիների համար նման կառույցները կարող են վտանգավորության աստիճանի գայթակղիչ լինել և նրանց շատ արագ իրենց հերթական զոհերը դարձնել:

Ի դեպ, դժվար է հասկանալ, թե նման կետերն ինչ կապ ունեն երկրին օգուտ տվող բիզնես-տեսակների հետ, երբ բուքմեյքերական գրասենյակների հիմնական գործառույթը մարդկանց գայթակղելը, իրենց ցանցը գցելն ու փողը ձեռքնեից տանելն է: Կարճ ասած՝ դա ոչ թե ժամանացային բիզնես է, այլ, այսպես ասած, մատնոց պտտեցնելու նման մի բան, որից շահում է միայն այն պպտեցնողը: Եվ դա տնտեսությանն օգուտ տվող, արժեք ստեղծող բիզնես համարելը, կներերք, մեղք է:

Ինչ վերաբերում է դրանց գործունեությունը սահմանափակելուն, ապա այն հրաշալի նախաձեռնություն է: Այդ ոլորտում գործունեություն ծավալողներն օրենքն ընդունվելուց հետո դեռ 1,5 տարի կունենան իրենց գրասենյակները փակելու ու ավելի ազգանպաստ բիզնես սկսելու համար, բայց արի ու տես, որ որոշել են հնարավորինս դիմադրել:

Այսօրվա ԱԺ-ի դիմաց հավաքված բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները պահանջում էին հետ կանչել իրենց գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը և նշում, որ եթե ընկերությունները փակվեն, աշխատատեղեր կկրճատվեն: Բայց, տեսնելով, որ իշխանությունները վճռական են տրամադրված, որոշեցին հետ կանգնել իրենց գլոբալ պահանջից և սահմանափակվեցին միայն գազալցակայաններից խաղային ապարատները գազալցակայաններից դուրս բերել ու դրանք բուքմեյքերական գրասենյակներում տեղադրելու թույլտվություն ստանալով: Ինչ կորոշվի, ցույց կտա ժամանակը, բայց որ այն պետք է օր առաջ արգելվի, միանշանակ է, իսկ աշխատատեղեր փակվելու մասին մտահոգվողներին ասենք, որ աշխարհում ավելի հետաքրքիր մասնագիտություններ էլ կան, պարզապես հարկավոր է դուրս գալ նեղ տարածքներից ու շուրջը նայել:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով