Ապօրինի խողովակաշարերի գործով դեռ շատ ջրեր կհոսեն

«Արտաշատ Վինկոմ» ընկերության տնօրեն Ծերուն Վիրաբյանը՝ արձագանքելով Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի տարածած տեղեկատվությանը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ջերմոցները ըստ նախնական տվյալների շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով, հերքել է տեղեկությունը և ասել, որ պատրաստ են համապատասխան պայմաններ ստեղծել, ցանկացած տեսակի ստուգում իրականացնելու համար:

ՆՄան տեղեկություն տարածել էր Պետական Վերահսկողական ծառայությունը, որը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում և Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը:

««Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ յուրաքանչյուր մղման խողովակից /3ից/ 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ/:

Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։

Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էր Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիչներ»,- նշվում է հայտարարության մեջ:

«Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Պետական վերահսկողական ծառայությունը:

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանն այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ջերմոցները ըստ նախնական տվյալների շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով