Սերժ Սարգսյանի տան հարցը՝ օդից կախված

Հանրապետության 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին առանձնատուն հատկացնելու հարցը կարծես թե փակվել է: Այդ պարտականությունը պետություն կարող է համարել իրականացված, եթե Սագյսանի կողմից առանձնատնից հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ Այս մասին նոյեմբերի 3–ին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարվելու մասին։ Երկուսն էլ եղել են անվտանգության նկատառումներից ելնելով, այսպես են մեզ պատասխանել։ Այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել»,– ասաց Աղաջանյանը։

Նա հիշեցրեց, որ պաշտոնաթող նախագահին բնակարանով ապահովելու վերաբերյալ հստակ օրենք կա։

«Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, օրենքի կարգավորման խնդիր կա։ Թերևս գրավոր պաշտոնական մերժման հիման վրա պետությունը կարող է համարել պարտականությունն իրականացրած, հակառակ դեպքում պետք է լուծում գտնել այս հարցին։ Մենք կա՛մ որևէ բնակարան կամ առանձնատուն ենք գնում և թողնում, որ օգտագործեն այդ տունը, կա՛մ պաշտոնական հրաժարում ենք ստանում, որի հիման վրա պարտականությունը համարում ենք կատարված»,– ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Նշենք, որ 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից, հանձնել առանձնատան բանալիները և տեղափոխվել Ձորաղբյուր գյուղ։

Ըստ ԶԼՄ–ների` Ձորաղբյուրում գտնվում է Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող ամառանոցը, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԱԾ–ն շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ կառավարությունն ավելի վաղ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն էր առաջարկել Ավան վարչական շրջանում, բայց այդ առաջարկը նրա կողմից մերժվել էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով