Լոլիկի ցեցը լուրջ վտանգ է

Հայաստանի ագրարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի դոցենտ Գագիկ Թովմասյանի դիտարկմամբ գյուղմթերքը հաճախ անորակ է լինում նաև ֆերմերների անտեղյակության և ինքնանպատակ գործողություններ իրականացնելու պատճառով: Բացի այդ, համայնքներում չկան խորհրդատու մասնագետ–պաշտոնյաներ: Այս ամենը գումարվելով՝ դառնում է մեծ խնդիր: Սեպտեմբերին, օրինակ, լոլիկի գնի կտրուկ բարձրացումը, մասնագետի կարծիքով, դեֆիցիտի պատճառով էր, որը ոչ թե ցանքատարածքների, այլ արտադրողականության կրճատման հետևանք էր:

«Դրան նաև նպաստեց ջրի պակասը, բայց ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրներն իրար են գումարվում և շղթայական ռեակցիա են առաջացնում, որից տուժում է շարքային քաղաքացին: Մեծ խնդիր է նաև, որ այսօրվա ֆերմերը ծանոթ չէ մշակաբույսերի այն տեսակներին, որոնք մեր հողակլիմայական պայմաններում կարող են և՛ բարձր բերքատվություն, և՛ որակյալ արտադրանք ապահովել: Ինչ վերաբերում է արտադրանքի վերջնական գնի բարձրացմանը, ապա դրան կարող է նպաստել նաև ջրի սակագնի ավելացումը, եղանակային պայմանների հետևանքով բույսերի ավելի հաճախ ջրելու հանգամանքը և այլն: Այս տարի նաև դժվար է եղել բանվորական ուժի հարցը: Եթե նախորդ տարիներին օրական 4–5 հազար դրամով էին աշխատողներ վարձում, ապա այս տարի նույնիսկ 6 հազար դրամով աշխատողներ գտնելն է դժվար եղել»,– ասաց Գ. Թովմասյանը:

Նախկին ագրոնոմիական ծառայությունները վերացնելուն զուգահեռ ավելացել են նույն մշակաբույսի տեսակները: Դրանք այնքան արագ են փոխվում շուկայում, որ գյուղացու համար հաճախ դժվար է հասկանալ, թե որ տեսակն է ավելի լավը: Բացի այդ, շատ տնեսվարողներ առավելապես ուշադրություն են դարձնում քանակին, ոչ թե որակական ցուցանիշներին, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք:

«Այսօր ունենք շուկայի աղավաղում: Ապրանքային տեսքը լավն է, բայց որակական հատկանիշներով լոլիկը ձմերուկի պնդություն է ունենում: Սրանք հիբրիդներ են, որոնք բարձր բերք են ապահովում, ուշ են փչանում, և մարդիկ էլ վազում են դրա հետևից: Շուկայում առկա հեղհեղուկ իրավիճակը այլընտրանքի բացակայությամբ է պայմանավորված: Բացի այդ, գյուղական համայնքներում գյուղատնտեսության բաժինների բացակայության պատճառով գյուղացին անպաշտպան է: Պետք է տեղերում մասնագետներ լինեն, որպեսզի խնդիր ունենալու դեպքում գյուղացին չընկնի հանրապետությունով մեկ մասնագետ ման գա: Մենք այսօր նաև հողը ճիշտ մշակելու խնդիր ունենք: Այն միջոցառումները, որոնք համայնքներում իրականացվում են շատ դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ սխալ, որի արդյունքում տարիների ընթացքում հողի բերրիությունն է նվազել: Հիմնականում պահի տակ խնդիր են լուծում, բայց տարիների ընթացքում շատ բան կորցնում են: Առանց մասնագիտական կազմի դաշտավարություն հնարավոր չէ իրականացնել, քանի որ փոքր թվացող խնդիրները գումարվում են և գլոբալ խնդրի առջև են կանգնեցնում և՛ տնտեսվարողներին, և՛ հասարակությանը: Նույնիսկ պետականորեն սահմանված կարգ գոյություն չունի: Ինչպե՞ս կարող է ագրարային քաղաքականություն ունեցող համայնքը ագրոնոմիական ծառայություն չունենալ: Իմ կարծիքով, ամենամեծ խնդիրները հենց այստեղից են սկսվում»,– ասաց Գ. Թովմասյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով