«66-րդ օրվա որոշումը ցույց տվեց, որ հիվանդ իշխանական համակարգն առողջանում է»

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ում իրականացված ստուգման արդյունքներով տրամադրված հանձնարարությունների, առաջարկությունների և այլ գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն, բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիմքով ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:Նախարարությանը նաև առաջարկվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:Բացի այդ, տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով դրան ընթացք տալու համար: Տեսչական մարմնի կողմից ՀՀ վարչապետին էլ ներկայացվել է զեկուցագիր Ամուլսարում շինարարական աշխատանքներ կատարած կապալառու ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար:

Ամուլսարի հանքի շահագործման պայմանագիր կնքած «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ արդեն 66 օր պայքարող բնապահպաններն ու ջերմուկցիներն այս որոշումից հետո սկսել են իրենց հաղթանակը տոնել: «Կանաչների միություն» հ/կ նախագահ Հակոբ Սանասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս քայլով կարելի է փաստել, որ հիվանդ իշխանական համակարգն առողջանում է:

«Բոլոր՝ և՛ տնտեսական, և՛ իրավական, և՛ բնապահպանական առումներով այս հանքի շահագործումն աղետալի հետևանքներ կառաջացներ մեր երկրի համար: Հիմա պետք է գիտական փորձաքննություն իրականացվի: Սա հանքարդյունաբերությունը տնտեսական և գիտական հիմքի վրա դնելու առաջին մեծագույն քայլն է, որը մեծ ուրախություն է ինձ համար: Ու թեև սա վերջնական հաղթանակ չէ, բայց ամենակարևորն այն է, որ, միանշանակ, մեր երկրում իրավունքի հաստատման գործընթացի հիմք է դրվում: Ի դեպ, ներկայիս բնապահպանության նախարարը բավականին բանիմաց է և ոլորտը շատ լավ է պատկերացնում: Եվ եթե նրան ազատ թողնեն, նա կկարողանա ոլորտի խնդիրները հերթով լուծել»,- ասաց բնապահպանը:

Երկար տարիներ է՝ կազմակերպությունը բնապահպանական խնդիրներով է զբաղվում, բայց այս ընթացքում բնապահպաններին երբեք չի հաջողվել իմանալ, թե ինչ պայմաններով են շահագործման պայմանագրերը կնքվում: Ու թեև այս որոշումը դեռևս վաղ է հարցի վերջնական լուծում համարել, սակայն Հ. Սանասարյանը հույս ունի, որ իրավունքի հաստատման գործընթացից հետո արդեն հնարավոր կլինի շատ այլ հարցեր նույնպես լուծել:

«Ստացվում է, որ երբ այսքան ժամանակ մեզ ասում են ամերիկյան, ճապոնական, ռուսական ընկերություններ են շահագործում մեր հանքերը, իմ փորձն ու ներքին զգացողությունը ինձ հուշում են, որ բոլոր խոշոր հանքերի իսկական տերերը կամ հիմնական բաժնետերերը մեր օլիգարխներն են»,- ասաց Հ. Սանասարյանը:

Հ.Գ. Ավելացնենք, որ տեղեկություններ կան վերջին օրերի լարված իրավիճակն է՛լ ավելի թեժանալու և բախումների մասին: Տեղեկություն կա նաև, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցները երեկ գազանման նյութ են բաց թողել Ամուլսար տանող ճանապարհները հսկող բնապահպանների և տեղացիների ուղղությամբ, ինչի պատճառով մի քանիսի մոտ դեմքի շրջանում այրվածքի զգացողություն և տեսողության ժամանակավոր կորուստ է առաջացել: Տուժածների մեջ եղել են նաև ոստիկաններ: 

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով