2019 թ․ Եվրախորհրդարանի ընտրությունները

Ե՞րբ են անցկացվելու ընտրությունները

Այս տարի մայիսի 23-26ին Եվրախորհրդարանի ընտրություններն են։ Դրանք անցկացվելու են 28 անդամ երկրներում։ 23-ին Մեծ Բրիտանիան ու Նիդեռլանդներն են ընտրելու իրենց եվրապատգամավորներին, 24-ին՝ Իռլանդիան, 25՝ Սլովակիան, Լյուքսենբուրգն ու Մալթան։ Իսկ Չեխիան այս միջոցառմանը հատկացրել է երկու օր՝ 24-25ը։ Մնացած երկրներում ընտրությունները մայիսի 26ին են։ Եվրոպական Միության  անդամ որոշ երկրներում միաժամանակ ու համատեղ անցկացվելու են այլ ընտրություններ։ Ասենք՝ Բելգիայում՝ խորհրդարանական, Իռլանդիայում՝ սահմանադրական հանրաքվե, Լիտվիայում՝ նախագահական ընտրության երկրորդ փուլ և այլն։  Հունաստանում էլ են համատեղել ընտրությունները։ Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրության հետ միաժամանակ Հունաստանում մայիսի 26ին լինելու է մարզային, քաղաքային ու համայնքային ընտրությունների առաջին փուլը։

Քանի՞ պատգամավորական մանդատ կա

Եվրախորհրդարանի պատգամավորների թիվը 751 է՝ ներառյալ Մեծ Բրիտանիայի պատգամավորները։ Պատգամավորական տեղերը բաշխված են ըստ անդամ երկրիների բնակչության խտության։ Ամենաշատ պատգամավորական աթոռներ ունի Գերմանիան ՝ 96։ Հետո Ֆրանսիան ՝ 74 տեղ, իսկ Մեծ Բրիտանիան՝  73։ Վերջինս, որ պարբերաբար հայտարարում է Եվրոպական Միությունը լքելու մասին, կրկին հետաձգել է դեդլայնը՝ մինչև հոկտեմբերի 31ը։ Մեծբրիտանական առաջատար կուսակցությունները պատրաստել են իրենց պատգամավորների ցանկը։ Ասում են՝ նման ցանկ ունի նաև Բրեքսիթի կուսակցությունը։ Թեև Մեծ Բրիտանիան մասնակցելու է այս  ընտրություններին, սական կառավարությունը դեռևս հույս ունի, որ պատգամավորները չեն հասցնի մասնակցել նիստերին, որովհետև երկիրը դուրս եկած կլինի արդեն։ Ամենաքիչ մանդատ ունեցող երկրներն են Էստոնիան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգն ու Մալթան՝ 6ական։ Հունաստանն ունի 21 պատգամավորական աթոռ։

Ի՞նչ  կլինի Բրեքզիթի դեպքում

Եթե Մեծ Բրիտանիան չմասնակցեր այս ընտրություններին, ապա 46 աթոռով կնվազեր պատգամավորական աթոռների ընդհանուր թիվը՝ մնալով 705։ Բրիտանացիների մնացած՝ 27 տեղերը կբաշխվեին մնացած երկրիների միջև, բայց ոչ բոլորի։ Այսպես՝ գերմանացիների թիվը կմնար նույնը, ֆրանսիացիների ու իսպանացիների աթոռները կավելանային 5ականով, իտալացիներինն ու նիդեռլանդացիները՝ 3ականով , իռլանդացիներինը՝ 2ով։ Իսկ Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան, Ավստրիան, Դանիան, Ֆինլանդիան, Սլովակիան, Խորվաթիան ու Էստոնիան կունենային մեկական պատգամավոր ավելի։ Բայց ավելին՝ Մեծ Բրիտանիան առաջիններից մեկն է անցկացնում ընտրությունները։ Եթե ընտրություններից հետո էլ դուրս գա Միությունից, վերաբաշխումը հիմնականում կմնա նույնը։

Ինչպե՞ս են ընտրում

Ընտրում են բաց կամ փակ ցուցակներով։ Եթե ընտրում են կոնկրետ կուսակցությանը, ապա կուսակցությունն ինքն է որոշում իր անդամների ցուցակը։ Ընտրողը չի տեսնում անհատների անունները։ Այլ հարց է, որ դրանք նախորոք հրապարակված կլինեն։ Սա փակն էր։ Բացով քվեարկության դեպքում, ընտրողը իր ցանկությամբ կարող է նախապատվություն տալ  որևէ  մեկին, դրանով իսկ փոփոխություն մտցնելով կուսակցության ցուցակի մեջ։ Կա նաև մի այլ տարբերակ, երբ ընտրողը նշում է  իր թեկնածուներին։ Նրանց անունները համարակալելում է ըստ իր նախասիրության՝ 1, 2, 3 և այլն։ Ամեն դեպքում անցողիկ շեմը 5%ն է։

Ինչո՞վ են զբաղվում խորհրդարանականները

Ամեն երկիր ենթադրում է մի ընտրատարածք։  Չնայած դրան՝ պատգամավորներըը նիստերն անցկացնում են միջազգային խմբերով՝ ըստ քաղաքական գաղափարախոսության ու հայացքների։ Ասենք՝ սոցիալիստները, աջակենտրոնները, կանաչները և այլն։  Պատգամավորները զբաղվում են օրենսդիր գործունեությամբ։ Նրանք կարևոր ու պատասխանատու գործ ունեն։ Պետք է ընտրեն Եվրահանձնաժողովի նախագահին։ Այս ընտրության գործըթացը սկսվում է Եվրախորհրդում, որի կազմում են Եվրամիության անդամ երկրների ղեկավարները։ Ինչպես ցանկացած խորհրդարանում, այստեղ էլ մեծամասնությունն է թելադրողը։ Ձայների մեծամանություն ստացած թեկնածուն էլ դառնում է Եվրահանձնաժողովի նախագահ։

Այս տարվա ընտրությունները ութերորդ են։

Նաիրա Թամամյան

նկարը https://britishineurope.org կայքից

2 thoughts on “2019 թ․ Եվրախորհրդարանի ընտրությունները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով