2019թ․ համատեղ ընտրություններ Հունաստանում

Մայիսի 26ին Հունաստանում միանգամից երկու տարբեր ընտրություններ են լինելու։ Նախ ընտրվելու են կուսակցությունները, որոնք պատգամավորներ են ուղարկելու Եվրախորհրդարան։ Այս տարվա Եվրախորհրդարանի մասին կարող եք կարդալ այստեղ։ Միաժամանակ անցկացվելու է ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ մարզային, քաղաքային ու համայնքային։ Ըստ ամենայնի դա կլինի առաջին փուլը։ Երկրորդ փուլը նախատեսվում  հաջորդ կիրակի՝ հունիսի 2ին։

Ընտրատեղամասերը բաց են լինելու առավոտյան 7ից մինչև երեկոյան 7ը։

Քանի՞ կուսակցություն է գրանցվել

Ընդհանուր առմամբ գրանցվել էին 49 կուսակցություն, որոնցից 9ը մինչև սահմանված ժամկետը չէին մուծել գրավը՝ 3 հազար եվրո կամ էլ չէին ներկայացրել  իրենց թեկնածուների ամբողջական ցուցակը։ 40 կուսակցություններից պիտի ընտրվեն 21 պատգամավոր։

Նախորդ ընտրությունների արդյունքում պատկերը հետևյալն էր

ՍԻՐԻԶԱ Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς (սինասպիզմոզ րիզոսպաստիկիս արիստերաս)- Արմատական ձախերի կոալիցիա, առաջնորդ Ալեքսիս Ցիպրաս  (Αλέξης Τσίπρας) 2008ից։

 ՆԴ Νέα Δημοκρατία   (նեա դիմոկրատիա) Նոր Դեմոկրատիա․ առաջնորդ Կիրիակոս Միցոտակիս (Κυριάκος Μητσοτάκης) 2016ից։

ԿԻՆԱԼ  Κίνημα Αλλαγής (կիմինա ալագիս) Շարժում հանուն փոփոխության․  առաջնորդ Ֆոտինի (Ֆոֆի) Յենիմատա (Φωτεινή (Φώφη) Γεννηματά) 2015ից։

ԽԱ Λαϊκός Σύνδεσμος — Χρυσή Αυγή (լայկոս սինդ՛եզմոս- խրիսի ավղի) Ժողովրդական միություն՝  Ոսկի այգ, առաջնորդ Նիկոլայոս Միխալոլյակոս (Νικόλαος Μιχαλολιάκος) 1993ից։

ԿԿԵ Κομμουνιστικό Κόμμα Ελλάδας (Հունաստանի կոմունիստական կուսակցություն) առաջնորդ Դիմիտրիս Կուցուբաս Δημήτρης Κουτσούμπας

ԱՆԵԼ Ανεξάρτητοι Έλληνες (անեքսարտիտի էլինես) անկախ հույներ․ առաջնորդ Պանայոտիս (Պանոս) Կամենոս Παναγιώτης (Πάνος) Καμμένος 2012ից։

Այս կուսակցություններն են, որ հաղթահարել էին 3% շեմը։

  Իսկ ինչպե՞ս է այսօր

Ըստ հարցումների՝ իշխող Սիրիզա կուսակցությունը զիջում է պահպանողական Նոր դեմոկրատիա կուսակցությանը։  Վերջինս նախկին իշխող կուսակցությունն է , որը 2015ի խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ ընդդիմադիր։

Շարժում հանուն փոփոխության կուսակցությունը առաջատար կուսակցություններից միակն է, որ ունի կին առաջնորդ։

Նախորդ ընտրություններում չորրորդ տեղում էր  ուլտրաաջ նեոնացիստական  կուսակցություն ՝ բանաստեղծական անունով Ոսկի այգ կամ այգաբաց։

Կոմունիստները հինգերորդն էին։ Հետաքրքիր մի դիտարկում։ Սիրիզայի կազմում ևս կան կոմունիստներ, բայց ավանդականից տարբեր՝ մաոիստական են։

Նախընտրական որոշ դրվագներ

Եվրախորհրդարանի ընտրությունները թեև կարևոր են, բայց շատ չեն ստվերում մյուս ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

նախընտրական մինի շտաբ՝ միչև աշխատանքայի օրվա սկիզբը

Նախընտրական փուլը Հունաստանում անցնում է հնարավորինս քաղաքակիրթ։ Ասենք՝ թեկնածուների  նկարներով պաստառները չեն փակցվում շենքերի պատերին։ Դրանց համար մարդաշատ վայրերում փայտե կրպակներ են տեղադրվում, որտեղ նստում են ներկայացուցիիչները և ցանկացողներին տրամադրում ինֆորկացիա՝ գրավոր ու բանավոր։

Պաստառներն ու նկարներն էլ փակցվում են հենց այդ կրպակների պատերին կամ փողոցի սյուներին, որ հետո հանելու դեպքում խնդիր չլինի։

Նախընտրական թերթիկ՝ թեկանածուների նկարեներով ու մեսիջներով, խոստումներով, երբեմն էլ այցեքարտերով այս օրերին կարելի է տեսնել բառացիորեն ամենուր, տների բակերում, խառերի ճյուղերին կամ պարզապես ոտքի տակ։

Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է գնում։ Անարխիստները փորձել էին Աթենքում և Սալոնիկում Նոր դեմոկրատիա կուսակցության  միաժամանակյա նախընտրական հավաքները ձախողել, փշրել էին պատգամավորների մեքենաների ապակիները։ Նախկին վարչապետ Ա․ Սամարասը, պահը չի կորցրել ու հայտարարել է, որ «սա է պարոն Ցիպրասի Հունաստանը»։ Իբր իր Հունաստանում ամեն ինչ շատ հարթ էր։

Ամեն դեպքում, ընտրության արդյունքները ցույց կտան, թե հույներն ում որքան են վստահում։ Թեպետ քաղաքացիների հիշողությունը կարճ է, իսկ խոստումների կատարման ակնկալիքը՝ մեծ։

 

Նաիրա Թամամյան

Գլխավոր նկարը www.newsbomb.gr կայքից

2 thoughts on “2019թ․ համատեղ ընտրություններ Հունաստանում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով