Քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակակիրների անունները:

Ինչպես նշում է The Guardian-ը, Քիմիայի նոբելյան հանձնաժողովի փոխանցմամբ՝ մրցանակի են արժանացել գիտնականներ Ֆրենսիս Առնոլդը, Ջորջ Սմիթն ու Գրեգորի Վինթերը: Նրանք զգալի աշխատանք են կատարել քիմիական մոլեկուլների վերահսկվող էվոլյուցիայի ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս նոր դեղամիջոցներ ստեղծել:

Երեկ Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան մրցանակի է արժանացրել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար: Դոննա Սթրիքլանդը պատմության մեջ երրորդ կինն է, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել:

Հոկտեմբերի 1-ին էլ 2018թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել գիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում արած բացահայտումների համար: Նրանք մշակել են քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ու Օսլոյում սկսվել է «Նոբելյան շաբաթը»:

Հոկտեմբերի 5-ին Օսլոյում կհայտնեն խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը: Տնտեսագիտության ոլորտում հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին:

Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում:

2018 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նշվում է, որ Թրամփն այս ցանկում է հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար: Հաղթողը կստանա 1,4 մլն դոլար, որը կհանձնվի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ 2009 թվականին մրցանակը հանձնվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով