Քաղաքական մենաշնորհ ձևավորելու վտանգները

Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Հայաստանից զիջումներ կորզեցին Ռուսաստանի օժանդակությամբ: Բայց մենք այդ ժամանակ Ռուսաստանի դաշնակիցը չէինք: Հիմա, համենայն դեպս, թղթի վրա դաշնակից ենք, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկիր ենք: Եվ ՀԱՊԿ պայմանագրի համաձայն, թուրքական կողմից որևէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կնշանակի Ռուսաստանի ուղղակի միջամտության պարտադրանք: Այս տեսանկյունից ևս իրավիճակները տարբեր են:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ, համենայն դեպս, պետք է զգույշ լինել, քանի որ ռուս– թուրքական ավելի մերձեցումը բոլոր դեպքերում կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա: Ա. Մելքոնյանի դիտարկմամբ, Թուրքիան հիմա ամեն ջանք գործադրում է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու և ինչու չէ՝ Հայաստանին այդ կառույցից դուրս թողնելու համար, ինչը հայկական կողմը պետք է թույլ չտա:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի նմանությունների մասին՝ նա նշեց, որ կրկին տարբերություններ կան: Խորհրդարանական ընտրություններից հետո Առաջին հանրապետության ժամանակ ժողովրդավարական գործընթացները գնալով պակասեցին, քանի որ խորհրդարանը գրեթե միակուսակցական էր: Ընդդիմությունը, որպես այդպիսին, վերացավ, Դաշնակցության բյուրոն դարձավ կառավարություն և 1919 թվականի ընտրություններից հետո ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները 20 թվականին նահանջ ապրեցին:

Հարցին, թե վտանգ չկա՞ արդյոք, որ առաջիկայում նույնպես իրադարձությունները նմանատիպ սցենարով զարգանան, քանի որ եթե «երեկ» ՀՀԿ–ին էր հաջողվում ցանկացած թիվ «խփել» ու միանձնյա մեծամասնական թիմ ձևավորել, ապա այսօր նույնը սպասվում է նաև ՔՊ–ին, Ա. Մել քոնյանը չբացառեց, որ մեկ տարի հետո կարող է կրկին ժողովրդավարության տեսանկյունից նահանջ արձանագրվել.

«Իհարկե, նման վտանգ կա, բայց միակ մխիթարիչ հանգամանքն այն է, որ Սահմանադրությամբ ընդդիմությունը խորհրդարանում որոշակի տեղեր՝ մոտ 30 % պետք է զբաղեցնի: Եվ սա, իհարկե, բավական հուսադրող պահ է, որպեսզի խորհրդարանում լինի նաև ընդդիմություն, որն իմ համոզմամբ առողջ պետություն ստեղծելու հիմնական գրավականն է: Իմ կարծիքով, ժամանակը շատ կարճ է, և որքան ուշ լինեին արտահերթ խորհրդարանական ընտրություններն, այնքան քաղաքական դաշտն ավելի կկայանար, սակայն հանգամանքները ստիպում են, որ ընտրությունները հնարավորինս շուտ տեղի ունենան, որպեսզի հնարավոր լինի օր առաջ երկիրն առաջ մղել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով