Տղե՛րք, ապօրինություններ մի՛ արեք միևնույն է, չեք հաղթելու

Թե՛ Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանը, թե՛ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը բազմիցս կոչ են արել կառուցապատողներին, որ  ո՛չ ապօրինի շինարարությամբ զբաղվեն, ո՛չ էլ, առավել ևս, հողազանթումներով: Հակառակ դեպքում, ստիպված կլինեն ապօրինի կառույցները սեփական միջոցների հաշվին քանդել,  իսկ զավթած տարածքները հետ վերադարձնել մայրաքաղաքի բնակիչներին: Իսկ ով հրաժարվի զավթածը հետ վերադարձնել, կամ ապօրինի կառույցը քանդել, քաղաքապետարանն այլ լուծում կառաջարկի՝ ամեն ինչ կանի, որ զոռբայությունը չհաղթի օրենքին:

Օրինականության վերականգնման գործընթացի շրջանակներում որոշում է կայացվել քանդել Կոմիտա15 հասցեի նորակառույցի հարակից տարածքի հարթակը, որը շենքի կառուցապատողը զավթել էր մայթից ու շենքին միացրել: Տեղի իշխանությունների բազմաթիվ զգուշացումներն օգուտ չէին տվել: Երևանի քաղաքապետարանն էլ այսօր, իր միջոցների հաշվին, սկսեց քանդել այն, որպեսզի տարածքն ազատվի ևվերադարձվի մայրաքաղաքի բնակիչներին:

Թվում էր, թե զավթած մայթի ազատագրման գործողությունների ժամանակ դիմադրություն կլինի, սակայն, ամեն ինչ հարթ ու խաղաղ գնաց: Սա ևս մեկ ապացույց է, որ Երևանն այլևս տեր ունի, իսկ մայրաքաղաքի իշխանությունները վճռական են տրամադրված: Այսինքն՝ ինչպես ավելի վաղ Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանն էր հայտարարել՝ ապօրինի ոչ մի գործողության ժամանակ աչք չեն փակելու ու գնալու են մինչև վերջ:

Մեզ հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն ասաց, որ քանդման աշխատանքներն իրենց հունով ընթանում են, իսկ տարածքի սեփականատերը որոշում է կայացրել հարցն իրավական հարթություն տեղափոխել:

«Մենք դեմ չենք, որ սեփականատերն իր իրավունքներն իրավական հարթությունում իրացնելու որոշում է կայացրել, բայց պետք է հաշվի առնել, որ հանրային տարածքների հանդեպ պետք չէ ոտնձգություն կատարել: Տարածքը հանրային է և մենք այսօր փորձում ենք այն վերադարձնել բնակիչներին»,- ասաց Ա. Դանիելյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով