«Սակագների ուռճացված լինելու հարցը կապացուցվի»

Տարիներ առաջ, երբ պարզ դարձավ, որ ինժեներական միտքն այլևս պետք չէ մեր երկրին, արդեն իսկ հասկանալի էր, որ նեղ մասնագետներին մեկուսացնելու նպատակ էլ կա: Դրանից հետո տարիներ պետք  է անցնեին, համոզվելու համար, որ էներգետիկայի, ճանապարհաշինության, մեքենաշինության և մի շարք այլ կարևորագույն ոլորտներում մասնագետներ այլևս չեն «ծնվելու» այն պարզ պատճառով, որ մի կողմից դրա պահանջարկը չկա, մյուս կողմից՝ աշխատանքային դաշտը: Այս ֆոնին, բնական է, որ նախկին իշխանությունների ու մենաշնորհների փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով ստեղծված կառույցը, որը վերևների զանգով աշխատելուն էր սովորել, երկար տարիներ նեղ մասնագետների կողմից արված հայտարարությունները կամ անտեսում էր, կամ ամեն գնով չեզոքացնում՝ հույսով, որ սովորական սպառողներից շատ քչերի գիտելիքը կբավարարի «խորանալու» սակագների հաշվարկների բանաձևերի մեջ:

Բայց, բարեբախտաբար, մենք դեռ ունենք մասնագետներ, որոնք ո՛չ նախկին, ո՛չ ավելի նախկին իշխանավորների հետ չեն սերտաճել, մնացել են պրոֆեսիոնալներ իրենց ոլորտներում: Նրանք պատրաստ են էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հաշվարկներում առկա աճպարարությունները բացահայտել ու մասնագիտորեն ապացուցել, թե իրականում որտեղ է թաքնված շան գլուխը:

Սա մեկ այլ ու բավականին երկար խոսակցության թեմա է, բայց հիմա խոսենք վարչապետի՝ էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խմբի անդամ Էդուարդ Արզումանյանի կողմից օրեր առաջ հնչեցրած՝ նախնական ուսումնասիրության համաձայն՝ հոսանքի սակագինը 10 դրամով, իսկ գազինը՝ մինչև 10 տոկոսով իջեցնելու հնարավորության մասին:

Բնական է, որ այս հայտարարությանը պետք է հաջորդեին ՀԷՑ–ի ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունները: «Անբնական» էր, սակայն, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Դա, ինչպես ասում են, գերազանցեց կառույցի՝ որպես պետական մարմին ընկալվելու բոլոր հնարավոր և անհնարին սպասումները:

Էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը, ով մեկ անգամ չէ, որ «Փաստ» օրաթերթին տված հարցազրույցներում խոսել է թե՛ հոսանքի, թե՛ գազի սակագնի ուռճացվածության մասին, հայտարարել էր, որ եթե անգամ իր այդ հայտարարության համար իրեն դատի տան, ապա ինքը մինչև Ստրասբուրգ կհասնի և կապացուցի, որ սակագներն ուռճացված են: Անդրադառնալով Էդուարդ Արզումանյանի հայտարարությունից հետո բարձրացված սակագնային նոր աղմուկին՝ նշեց. «Եթե ՀԾԿՀ–ն հանկարծ նահանջի, ապա դա կնշանակի, որ իրենք խոստովանում են, որ սխալ են գործել: Նրանց հայտարարության ագրեսիվությունը ցույց է տալիս, որ փորձագետները ճշմարտությանը շատ մոտ են, բայց քանի որ ՀԾԿՀ–ն է «սահմանել» սակագները, ուստի ուզեն, թե չուզեն, պետք է իրենց կողմից հաստատված սակագները մինչև վերջ պաշտպանեն: Այս ամենը նաև շատ ծանրակշիռ ապացույց է, որ նրանք անկախ չեն և ամբողջությամբ կախված են պատվիրատուներից՝ իրար հետ լեզու են գտնում և հարցերը լուծում են: Այս հարցը, կարծում եմ, երկարատև պայքար է ենթադրում, քանի որ խոսքը զուտ մասնագիտական հարցերի մասին է, իսկ մասնագիտական տեսակետը ընդունող կամ պաշտպանող մարդիկ, ցավոք, չկան: Ով ինչ գիտի, խոսում է, բայց կան մասնագիտական հարցեր, որոնց մասին կարող են խոսել կամ բանավիճել միայն մասնագետները: Սա է խնդիրը»,– ասաց Է. Սահակյանը:

Խոսելով սակագնում ներառված բաղադրիչներից ընդամենը միայն մեկի՝ կորուստների մասին՝ փորձագետը նշեց, որ դրանց տոկոսներն այնքան բարձր են, որ նույնիսկ աչք են ծակում, բայց անգամ այդպիսի պարզ հարցերը շատերը չեն հասկանում ու անպտուղ վիճաբանում են:

«Անկողմնակալ և ստույգ ելույթ ունենալու համար պետք է ձևավորված և հիմնավոր կարծիք ունենալ: Դա կա, երբ մարդը տվյալ ոլորտի մասնագետ է: Օրինակ՝ բժիշկներից բացի ոչ ոք չի կարող ասել, թե վիրահատությունը լավ է անցել, թե վատ: Հայաստանում արդեն երրորդ սերունդն է, որ երեք–չորս մասնագիտությունների գծով է կրթություն ստանում: Ուստի տեխնիկական կրթություն ունեցող մասնագետներ չկան, որ կարողանան հասարակական կարծիք ձևավորել: Ինչ վերաբերում է գազի կորուստների բարձր տոկոսներին, այդտեղ այնպիսի աքսիոմատիկ ճշմարտություններ կան, որոնք անգամ քննարկման ենթակա չեն: Եվ եթե գոնե մի հասկացող ղեկավար ունենայինք, հարցն արագ կլուծվեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ցավոք, տեխնիկական մասնագիտական հարցերի չի տիրապետում, ինչը բնական է, բայց քանի որ անկողմնակալ դիրքերից է հանդես գալիս, հույս ունենք, որ փորձագետների հիմնավորումներն, այնուամենայնիվ, կընդունվեն: Ես կարծում եմ՝ սակագների ուռճացված լինելու հարցն ապացուցելը մի քիչ դժվար կլինի, բայց փորձագետների ուղղությունը ճիշտ է, իսկ այս հարցում ամենամեծ մեղավորը եղել և մնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,– ասաց Է. Սահականը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով