Ռուսատանի համար անցանկալի անձը՝ «Սասնա Ծռերի» ցուցակում

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով հայտնի է իր ընդգծված արևմտամետ դիրքորոշմամբ որոշել է «Սասնա ծռեր»-ի ցուցակով մասնակցել առաջիկա ընտրությանը: «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում մեկնաբանելով իր այս որոշումը քաղաքգետը նշել է, որ ««Սասնա ծռեր»-ը ոչ միայն պետք են նրա համար, որ ազնիվ են, պայքարող են, ինտելեկտ ունեն, այլ որ Ռուսաստանն իմանա, որ ավելի խիստ դիրքորոշման կողմնակիցներ կան Ռուսաստանի նկատմամբ:

«Հայրենասեր մարդուն, իր ազգի շահերի համար պայքարող մարդուն որ չկորցնես, էդ ներուժը բերում ես բռնության դաշտից կամ կոշտ պայքարի դաշտից դեպի քաղաքական դաշտ և ոչ թե վանում ես։ Դա է պատճառը, որ ես հաճույքով մասնակցում եմ, հայտնի մեր դեսպան Արա Պապյանն էլ աջակցում է», — ասել է նա։

Նա նաև նշել է, որ չէր ընդունի այդ համագործակցությունը, եթե համոզված չլիներ, որ ծռերն իրենք էլ են պայքարի զինված մեթոդները բացառում:

Հիշեցնենք, որ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին 2016 թվականին արգելել էին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Նա այդ քայլն անօրինական էր համարել: Իր տարածած հայտարարության մեջ նա նշել էր, որ օգոստոսի 30-ին առավոտյան 08․00-ին ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան 2014թ․ Ռուսաստանի Դաշնությունում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի, գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։

Սակայն, նա չի կարողացել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից այն պատճառով, որ մինչև 2030թ նրա մուտքը ՌԴ արգելված է: Այդ մասին նրան տեղեկացրել են ռուս սահմանապահները սահմանը հատելու ժամանակ։

«Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։ Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը ակտիվ կերպով համագործակցում է տարբեր եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։ Բացի այդ, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի»,- հայտարարության մեջ նշել էր Ս. Գրիգորյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով