Ռեֆորմները չի կարելի իրականացնել սիրողական մակարդակով

Առողջապահության ոլորտը եթե տարանջատենք ուղղությունների, ապա զբաղվում է հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ, ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ոլորտը կարգավորող մարմինն ինքնին, որպես համակարգ, զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, իսկ հիվանդաբուժությունն արդեն ածանցյալ ուղղություն է: Աղքատ, ոչ առողջ հասարակություն և առողջապահության քիչ ֆինանսավորում ունեցող երկրներն իրենց հիմնական ուղղությունը համարում են հիվանդությունների բուժումը, ոչ թե կանխարգելումը:

«Կանխարգելման քաղաքականություն իրականացնելու համար ռեֆորմներ են անհրաժեշտ: Աշխարհում չկա մի ռեֆորմ, որը հնարավոր լինի հեշտությամբ իրականացնել: Ուստի դրանք կյանքի կոչելու համար հարկավոր է համակողմանի դիտարկել բոլոր խնդիրները տարբեր տեսանկյուններից: Հակածխախոտային ռեֆորմը նույնպես բարդ ռեֆորմների շարքին է դասվում և այն չի կարելի միակողմանի դիտարկել: Բայց ուզում եմ ընդգծել մի շատ վատ միտում, որը շարունակում է առողջապահության նախարարությունը. չի՛ կարելի նման կարևոր հարցերը չքննարկել առանց հիմնական ընդդիմախոսների: Իհարկե, լավ է, որ այնպես արվի, որ մարդիկ քիչ ծխեն, բայց ինչի հաշվին ենք այն իրականացնելու՝ դա է հարցը»,– ասաց Բ. Պիպոյանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով, օրենքներն ու հայեցակարգերը պետք է բալանսավորված կերպով պաշտպանեն բոլորի շահերը: Օրինակ բերելով նարգիլե ծխելու համար նախատեսված ժամանցի վայրերը՝ Բ. Պիպոյանը նշեց, որ եթե հայեցակարգն ընդունվի, ապա նման հաստատությունները պարզապես կփակվեն: Արդյունքում նրանք, ովքեր իրենց ընտանիքի անդամների առողջությունը խնայելու համար նարգիլեն ծխում էին նման վայրերում, կսկսեն իրենց տներում ծխել և վնասել ընտանիքի անդամների առողջությունը:

«Հիմա հարց՝ Հայաստանում գոյություն ունե՞ն նարգիլե ծխողներ: Օրենքն ընդունելուց հետո նրանք շարունակելո՞ւ են դա ծխել, և եթե հիմա այն ծխում էին նարգիլեանոցներում, ապա վաղը որտե՞ղ են ծխելու: Նախկինում նրանց երեխաները այդ ծխից պաշտպանվա՞ծ էին, թե՞ ոչ, և եթե այն փակվի ու մարդիկ ստիպված լինեն իրենց տանը ծխել, ապա արդյո՞ք չեն վնասի ընտանիքի անդամներին: Ուստի իմ առաջարկն է՝ թամբալ չլինել և աշխատել: Ոչ թե աշխարհի մի քանի երկրների փորձը վերցնել, թարգմանել ու առանց տեղայնացնելու ներկայացնել: Այսինքն, իրականությունից կտրված բոլոր մտքերից պետք է հրաժարվել և բավական է կենացներով առաջ գնալ: Եվ վերջապես, իրականության  հետ կապ չունեցող և առանց տնտեսական հետևանքները հաշվի առնելու օրենքների նախագծեր ներկայացնելու սովորությանը հարկավոր է վերջ տալ»,– համոզված է Բ. Պիպոյանը:

Նրա դիտարկմամբ, եթե կիսատ–պռատ և վատ գործող օրենքով հնարավոր է եղել անցած տասը տարիների ընթացքում ծխողների թիվը մոտ կիսով չափ կրճատել, ապա նոր հայեցակարգ ընդունելու փոխարեն ավելի լավ կլինի եղած օրենքը մինչև վերջ կիրառել:

«Կրկնում եմ՝ միջազգային դրամաշնորհների կամ անիմաստ պարտավորություններ իրականացնելու համար չի կարելի պետության ու հասարակության անցավ գլուխը անընդհատ դնել ցավի տակ: Եվ, իհարկե, Հայաստանին պետք է հակածխախոտային օրենք, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ոչ նման ձևով: Այսինքն, ռեֆորմները չի կարելի իրականացնել սիրողական մակարդակով: Պետք է պայքարել այնպես, որ ծխողի մոտ չծխելու ցանկություն առաջանա, մյուս կողմից էլ իր ծխելով մյուսներին չխանգարի: Ի դեպ, հակածխախոտայինն ամենաբարդ ռեֆորմներից մեկն է, որը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մեխանիզմներ, պրոֆեսիոնալ մոտեցում, գլոբալ հանրային քննարկում, որպեսզի բոլոր կողմերի շահերը հաշվի առնվեն: Շատ կարևոր է դրամաշնորհների մասին մոռանալն ու հասարակությանը սիրելը, որի համար հարկավոր է լավ օրենսդրական դաշտ ձևավորել և պետք է այնպիսի օրենքներ գրել, որտեղ բալանսավորված ձևով ներկայացված կլինեն բոլորի շահերը»,– ասաց Բ. Պիպոյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով