Չկա Արցախի հարց, այլ կա Արցախի պատասխան

Հարկավոր է օր առաջ հասկանալ, որ Արցախին հասցված ցանկացած հարվածի հետևում Հայաստանն ու հայ ժողովուրդն է լինելու: Եվ այդ ժամանակ ինչ է անելու միջազգային հանրությունը: Լավագույն դեպքում, այն էլ որոշ ժամանակ անց, ընդամենը սրտի խորը կսկիծով իր անհանգստությունն է հայտնելու: Այսինքն, մեծ հաշվով՝ ուրիշ ոչինչ էլ չի անելու կամ էլ փորձելու է տարբեր ձևերով «ձեռքերը» տաքացնել:

Ուստի հարկավոր է չկորցնել սթափությունը և միջազգային հանրությանը ցույց տալ, թե տեռորիստական ինչ խմբավորումներ են ժամանակին կռվել ադրբեջանական կողմից: Այսինքն, բանակցություններ ասվածը պետռք է ավելի շուտ տեղափոխել Ադրբեջանի տեռորիստական նկրտումների դաշտ, համոզված է հասարակական և քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

«Չկա Արցախի հարց, այլ կա Արցախի պատասխան: Եվ պետք է բարձրացվի Ադրբեջանի՝ Իգիլից էլ առաջ, տեռորիստական, մարդատյաց, նացիստական քաղաքականություն վարող երկրի հարցը միջազգային հարթակներում: Եվ այսօրվա իշխանությունները պետք է ոչ թե ձեռքերը լվանան ու մի կողմ քաշվեն, այլ՝ նախաձեռնողականություն ցուցաբերեն: Չի կարող պատմությունը կրկնվել, ինչպես դա եղավ նախորդ դարի 20-ական թվականներին, երբ Թուրքիան և Ռուսաստանը Հայաստանի մասին պայմանագրեր ստորագրեցին, հետո այն սկսեցին պարտադրել Հայաստանին»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Ըստ նրա Արցախն ու ողջ հայությունը վաղուց լուծել է արցախյան հիմնահարցը օգտագործելով բոլոր հնարավոր կոմպրոմիսները: Հիմա արդեն ժամանակն է խոսել 300-ից ավել հայկական այն բնակավայրերի և բնակիչների հարցի մասին, որը վարպետորեն թաքցնում է Ադրբեջանը: Եվ եթե ադրբեջանական կողմը այնտեղից արտագաղթած հայերի վերադարձի մասին ասում է՝ դա հնարավոր չէ, քանի որ վտանգավոր է հայերի համար, ապա հարց է ծագում, թե ի՞նչ է Արցախի անկախության մասին մտածում միջազգային հանրությունը:

«Եթե հայը Ադրբեջանում թողել է հողեր, ունեցվածք, գույք, իր ողջ կյանքի մի մասը և իր գոյությունը պաշտպանելու համար փախել է այդ երկրից, ապա պետք է խոսել այն մասին, թե ինչ փոխհատուցում է նրան տրամադրելու Ադրբեջանը: Եվ երբ խոսվում է ադրբեջանցիների վերադարձի մասին, հարց է ծագում, թե ինչո՞ւ մեր իշխանությունները չեն բարձրացնում հայերի վերադարձի հարցերը Մինսկի խմբի հետ բանակցությունների ժամանակ: Դրանք փաստեր են, որոնց հետ վիճել հնարավոր չէ: Հարաց է ծագում նաև, թե ինչու մինչ այսօր չի բարձրաձայնվել նաև ադրբեջանական կողմի ցեղասպանական գործողությունների մասին: Հարկավոր է ավելի քան կես միլիոնանոց ադրբեջանահայության պահանջատիրության հարցը բարձրացնել: Սա է ճանապարհը, և հարկավոր է փոխել Արցախի հիմնահարցի բանակցությունների հունը»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով