«Ոչ թե կուսակցությանը ձայն տվեցին, այլ շարժմանը»

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները նորմալ հունով են զարգանում: Մի կողմից` նոր կուսակցություններ են ձևավորվում, մյուս կողմից` գործող կուսակցություններից շատերը մեկը մյուսի հետևից հայտնվում են գետնված վիճակում: Ու եթե նորերը դեռ զարգանալու տեղ ունեն, ապա հների մեծ մասը, հավանաբար, մոտակա երկար ժամանակահատվածում չեն կարողանա ոտքի կանգնել: Եվ իրականում այդ է պատճառը, որ նոր քաղաքական ուժեր ձևավորելու անհրաժեշտություն է առաջացել:

«Նոր ձևավորվող կուսակցությունները չպետք է նախկինների նման մարդ–կուսակցություններ դառնան ու անիմաստ վարքագիծ ցուցաբերեն: Ուստի այս պահին մենք նոր քաղաքական դաշտ ձևավորելու խնդիր ունենք, որովհետև այն բաց է մնացել: Եթե նոր ընտրություններ անցկացվեն, նախկին դերակատար կուսակցությունների մեծ մասն այլևս չի կարողանալու խորհրդարան մտնել: Իսկ այն, ինչ հիմա ձևավորվում է, պետք է լինի նոր քաղաքական կյանքի տրամաբանության շրջանակներում»,– ասաց Հ. Սուքիասյանը:

Այս պայմաններում, փաստորեն, ըստ քաղաքագետի, քաղաքական դաշտին օդ ու ջրի պես նոր կուսակցություններ են անհրաժեշտ: Իսկ թե նրանցից որը հետագայում կկարողանա առաջ մղել իր գաղափարները ու երկար կյանք ապահովել իր ուժին, ցույց կտա ժամանակը:

«Մեզ նորմալ կուսակցական համակարգ է պետք, քանի որ պառլամենտարիզմը կամ կառավարման խորհրդարանական համակարգն առանց կուսակցությունների գոյություն ունենալ չի կարող: Այսինքն, եթե մենք լինենք խորհրդարանական կառավարման երկիր ու չունենանք նորմալ կուսակցություններ, ապա խորհրդարանական երկիրը կտանենք տապալման»,– ասաց Հ. Սուքիասյանը:Քաղաքագետի դիտարկմամբ՝ կարծիքը, թե մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ սկսել են տեղավորվել նորաստեղծ կուսակցությունների շարքերում, այդքան էլ այդպես չէ, քանի որ շատ քաղաքական գործիչներ այս պահին նոր կուսակցություններում ընդգրկված չեն:

«Երրորդ հանրապետության շրջանում ստեղծվել էր մի իրավիճակ, որ մարդիկ, հավանաբար, ինչ–որ հարցեր լուծելու համար են ստիպված եղել կուսակցության անդամ դառնալ: Եվ եթե հիմա ներքևի շերտերի ներկայացուցիչներն են գնում և անդամագրվում նոր ձևավորվող կուսակցություններին, դա նորմալ է: Հարկավոր է կուսակցությունը հստակ տարանջատել շահերի խմբերից , իսկ նոր ձևավորվող ուժերը պետք է հստակ գաղափարախոսություն և տնտեսական ծրագրեր ունենան»,– ասաց Հ. Սուքիասյանը:

Քաղաքագետի գնահատմամբ, նույնիսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ դաշտն ամայի է և իրականում՝ դասական իմաստով կուսակցություններ գրեթե չունենք, իսկ մարդիկ ոչ թե կոնկրետ կուսակցությանը ձայն տվեցին, այլ շարժմանը:

«Լավ կլինի, որ շարժման կուսակցությունն էլ մինչև ընտրություններ հստակ ներկայացնի իր գաղափարախոսությունն ու ծրագիրը և դրանով մրցի մյուս կուսակցությունների հետ: Իսկ հասարակությունն այլևս չպետք է թույլ տա, որ «ախպերներով» հավաքվեն նոր ստեղծվող կուսակցություններում և փորձեն հին մեթոդներով առաջ գնալ»,– ասաց Հ. Սուքիասյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով