Ո՛չ ոք իրավունք չունի ոտնահարել լրագրողի իրավուքները

Շատերն այդպես էլ չկարողացան ըմբռնել, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտել չի կարելի: Չի կարելի նաև լրագրողին վիրավորել, սպառնալ, ինչպես նաև ուղղորդել: Նման երևույթները խորհրդային տարիներից մինչև մեր օրեր հասած մոտեցում է, բայց հին ավանդույթները պահպանած անձինք մինչ օրս էլ չեն ըմբռնել, որ ո՛չ ոք, նույնիսկ խմբագիրը լրագրողին ուղղորդելու և իր քիմքին հարմար հարցեր պարտադրելու իրավունք չունի:

Այլ հարց է, թե տվյալ իրադարձությունը ներկայացնելիս լրատվամիջոցը ո՞ր հարցն է իր համար ավելի կարևոր համարում, բայց լրագրողին ցանկացած հարց տալու իրավունքից զրկելն ու արգելելը հաստատ մնացել է նախորդ դարում:

Բայց արի ու տես, որ այսօր էլ դեռ կան լրատվամիջոցներ, որոնց ղեկավարները կարծում են, թե լրագրողն իր ձեռքի գործիքն է, և ինչ պատվերի տակ լրատվամիջոցն է, այդ շրջանակներից դուրս լրագրողն իրավունք չունի խոսել, շփվել, հարցեր տալ ու մտքեր արտահայտել: Սա անընդունելի մոտեցում է, քանի որ անկախ քաղաքական և այլ հայացքներից լրագրողն իր բոլոր կոլեգաների հետ հավասարապես շփվելու իրավունք ունի:

Ինչ վերաբերում է էթիկային, ապա կա նման սահման, բայց այն պետք է բոլոր կողմերը պահպանեն, հարգեն և չխախտեն: Կարևոր է նաև ակտիվիստ-լրագրող սահմանները ճիշտ հասկանալը, բայց հարց տալուց զրկելը, համաձայնեք, որ միջնադարյան մոտեցում է:

Համացանցում տարածված տեսանյութում «Բաց հասարակության հիմնադրամներ․ Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներն անհարգալից վերաբերմունք են դրսևորում «24news» լրատվականի արդեն նախկին լրագրող Դիանա Դավթյանի հանդեպ, քանի որ նրա հարցը համարել են սադրիչ:

Ուշագրավը, սակայն այն է, որ, փաստորեն պարզվել է, որ լրագրողներն ակցիան լուսաբանելու ժամանակ ազատ հարցեր տալու իրավունք չունի, ինչը, կներեք, բայց զավեշտալի  է: Հասկանալի չէ նաև, թե ինչպես կարող է հարցի բովանդակությունը պատճառ դառնալ, որ ակցիայի մասնակիցները ճնշում գործադրեն լրագրողի հանդեպ, երբ լրագրողի աշխատանքային պարտականությունների մեջ է նաև հարց տալն ու դրա պատասխանը լսելը: Իսկ երբ հարցը պատասխան չի ունենում, բանականաբար, ագրեսիվ վարքագիծ է դրսևորվում, ինչպես հայտնի տեսանյութում է:

Ամենակարևոր հարցը, սակայն այն է, թե ով պետք է պաշտպանի լրագողի իրավունքները, երբ լրագրողը հայտնվում է նման իրավիճակում: Պարզ է, որ խմբագիրը, սակայն հաճախ պատահում է այնպես, որ խմբագիրները, կաշկանդված լինելով տարբեր հարցերով, պաշտպանում են ոչ թե լրագրողին, այլ իրենց կաշին:

Մեզ հետ զրույցում Դիանա Դավթյանը նշեց, որ իր համար հասկանալի չէր, թե իրեն պաշտպանելու փոխարեն ինչու է խմբագիրն ակցիայի մասնակիցներին պաշտպանել և իր հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորել:

«Օգտվելով այն հանգամանքից, որ ես մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ այդ լրատվամիջոցում և չունեմ աշխատանքային պայմանագիր, լրատվամիջոցի խմբագիրը գուցե մտածել է, թե կարող է իմ խոսքի ազատությունը սահմանափակել կամ ոտնահարել իմ իրավունքները: Նրանք, ովքեր տարիներ շարունակ մտածել են, թե լրագրողի իրավունքները պետք է ամենախոցվածը լինեն, որի մասին, ի դեպ, լրագրողները երբևէ չեն բարձրաձայնում և հանրությանը չեն մատուցում այն պրոբլեմները, որոնց առնչվում են, ապա սա պետք է ազդակ լինի, որ այլևս որևէ մեկը իրեն իրավունք չվերապահի ոտնահարել լրագրողների իրավունքները»,- ասաց Դ. Դավթյանը:

Կատարվածի մասին զրույցեցինք նաև «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Նա նշեց, որ «Բաց հասարակության հիմնադրամ. Հայաստան» գրասենյակի մոտ կազմակերպված ակցիան, ցավոք, իսկապես զուգորդվել է լրագրողների նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ պահվածքով, որն այլ կերպ քան լրագրողների նկատմամբ ճնշում որակել հնարավոր չէ:

«Այդ ճնշումը նաև ուղեկցվեց սպառնալիքներով, և կարծում եմ, որ նմանատիպ սպառնալիքները, որոնք հնչեցվում են ագրեսիվ տրամադրվածություն ունեցող մարդկանց կողմից, իր մեջ նաև դրանք իրագործելու վտանգներ են պարունակում: Այս առումով, կարծում եմ, որ իրավապահ մարմինները «24news»-ի թղթակից Դիանա Դավթյանի դեմ իրականացված գործողությունները կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Ես նաև ափսոսանք եմ հայտնում, որ լրագրողն այդ դեպքից հետո ազատվել է աշխատանքից: Բայց որ Դիանա Դավթյանի և մյուս լրագրողների նկատմամբ ակնհայտ ագրեսիվ պահվածք է դրսևորվել, ինչն ակնհայտ ճնշում է լրագրողի նկատմամբ,  չպետք է անհետևանք մնա: Ես դրանում համոզված եմ»,- ասաց Ա. Մելիքյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով