Շարունակում են գյուղացուց ջրի գումար գանձել, բայց ջուրը չտալ

Չնայած հողօգտագործողները շարունակում են բողոքել, որ ամռան ամիսներին ոռոգման ջուր չունենալու հետևանքով բավականին կորուստ են ունեցել, կարծես թե հարցն այդպես էլ վերջնական չի լուծվում: Ավելին, ջրամատակարար ընկերությունները գյուղացիներին առաջարկում են նախօրոք մուծել ջրի վարձը, բայց հետո խաբում են ու ջուրը չեն տալիս:

Ահազանգած գյուղացիներն ասում էին, որ իրենք 120 հազար դրամ են վճարել, բայց այդպես էլ ջուր չեն ստացել: Նրանք ասացին, որ եթե հարցին լուծում չտրվի, մի քանի գյուղերի բնակիչներով հավաքվելու են ու կառավարության շենքի մոտ նստացույց անեն:

Բողոքողները հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերի գյուղերի բնակիչներ էին: Նրանք պնդում էին, որ իրենց կյանքի գնով մի քանի կիլոգրամ պտուղ–բանջարեղեն են աճեցնում, որ վաճառեն ու եկամուտ ստանան, բայց ոռոգման ամենաթեժ ժամանակ իրենց հետ նման ձևով են վարվում:

Պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվում և ինչու են բնակիչները նման խնդրի առջև կանգնում, armweekend.com-ը զրուցեց «Արարատ» ՋՕԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նշան Հակոբյանի հետ: Նա նշեց, որ ինքը նման ինֆորմացիա չունի: Ավելին, պատահականության սկզբունքով ամեն տասը ջրօգտագործողից մեկին ինքն անձամբ է զանգահարում ու հարցնում, թե դժգոհություններ ունե՞ն, թե՞ ոչ:

«Լուսառատը նոր եմ վերջացրել, մարդիկ հիմնականում գոհ են: Հիմա Ավշարն եմ հարց ու փորձ անում: Եթե նման ահազանգեր կան, ինձ տեղեկացրեք, թե որ տեղամասն է իրենց սպասարկում, որ ջրբաշխն է նման բաներ անում և ով է այդ տեղամասի պետը: Տենց զանգ չկա, տենց բողոք չկա, որ ես ինքս չգնամ ու չհետևեմ: Եվ եթե գյուղացիներն ինձ չեն տեղեկացնում, ինձ հետ չեն համագործակցում, ես ոչինչ չեմ կարողանում անել: Ես, իհարկե, օգնում եմ, փնտրում եմ, մարդիկ գալիս են, վախեցած կանգնում են, ինձ բան չեն ասում, թե իրականում ինչ է կատարվել, ինչ է եղել: Մարդիկ պետք է հասկանան, որ հիմա իրավիճակը փոխվել է, համակարգը փոխվել է: Եթե գնաք Այգավան, եթե չեմ սխալվում «115 խորքայինը» գնային քաղաքականությունը կտրուկ փոխել է, ջրի գինը 2100 դրամից իջեցրել է մինչև 1400 դրամ: Մինչ այդ, երևի տեղեր են եղել, որ ստանդարտ 2000 դրամով ջրի վարձ են հավաքել, բայց մարդկանց ջուր չի հասել: Այսինքն, եթե մարդիկ խնդիրը բարձրացնում են, ես դրան լուծում եմ տալիս, բայց եթե չեն ասում, ինչքան էլ փնտրում եմ, չեմ գտնում»,– ասաց Ն. Հակոբյանը:

Ճշտող հարցին, թե իրականում արդյո՞ք Արարատի մարզում նման խնդիր չկա, ՋՕԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ դա լայն հասկացություն է, իսկ իր սպասարկման տիրույթում 14 գյուղ է: Մնացած գյուղերի ջրամատակարարմամբ այլ ՋՕ–եր են զբաղվում:

«Արարատ» ՋՕԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց նաև, որ ինքն անձամբ է հետևում բոլոր ահազանգերին, կաբինետի մոտ հասած բոլոր քաղաքացիներին անձամբ ընդունում ու հետամուտ է լինում, որ բարձրացրած հարցն արագ լուծվի: Ջուր չստանալու դեպքեր նախկինում եթե եղել են, հիմա՝ իր տարածքում չկան: Հիմնական խնդիրները ծագում են ջրատարներում կուտակված աղբը չմաքրելու հետևանքով: Հիմա որոշ ջրատարներ արդեն աղբից մաքրվել են և այդ հարցն ինչ– որ չափով կարգավորվել է: Եղել են գյուղեր, որտեղ 12 տարի ջուր չի հասել, սակայն այդ հարցն էլ արդեն լուծվել է:

«Մեզ հատկացված բյուջեն որքան թույլ է տալիս, այդքանով էլ հարցը լուծում ենք: Ինձ ժառանգություն հասած խնդիրների մնացած մասն էլ վարձավճարները հավաքագրելուց հետո կլուծենք: Ի դեպ, նախկին տնօրենի ժամանակ մարդիկ են եղել, որ եկել են տնօրենի մոտ, նա թույլատրել է, ջուրը տվել են, հետո էլի չեն մուծել: Մարդիկ էլ կան, որ ջրի վարձը չվճարելու սովորություն ունեն: Ես նրանց էլ եմ հասկանում: Այն ժամանակ մարդիկ չեն իմացել, թե իրենց վճարած գումարներն ուր են գնում: Հիմա ես ասում եմ՝ գոյություն ունի վարչխորհուրդ, նրանց դիմեք, թող հաշվետվություն ներկայացնեն, քանի որ ես հաշվետվությունները բոլորին տալիս եմ և այստեղ գաղտնի ոչ մի հարց էլ չկա»,– ասաց Ն. Հակոբյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով