Նոր կուսակցությունների խնդիրները միայն ֆինանսական չեն

Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը շատ է անհրաժեշտ: Այն նույնիսկ ուշացած է, քանի որ պետք է հնարավորություն ստեղծվի, որ երկիրն իր բնականոն հունով ընթանա: Ներկայում արհեստականորեն ձևավորված երկիշխանության մթնոլորտը պետք է վերացնել, քանի որ այն խոչընդոտում է երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար: Ըստ Դովլաթյանի, այս ճանապարհին ամենևին էլ խնդիրն այն չէ, թե ՀՀԿ–ն ինչ է ցանկանում, այլ պետք է հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ երկրին:

«Ինձ ամենաշատը երկրի շահերն են հետաքրքրում, և ամենևին հետաքրքիր չէ, թե հանրապետականները կամ քաղաքական այս–այն ուժերը ինչպես են մտածում: Մեկ բան ակնհայտ է՝ երկրին կայունություն է անհրաժեշտ, ուժերի որոշակի դասավորվածություն, որը ոչ միայն համահունչ կլինի ներկա իրականությանը, այլև ցույց կտա քաղաքական ուժերի ներկայացվածության ռեալ պատկերը: Այսօր վարչապետն ինչ–ինչ հանգամանքներից ելնելով՝ շտապողականություն է ցուցաբերում, բայց որ ընտրությունները նույնիսկ ուշացած են՝ փաստ է»,– ասաց Ա. Դովլաթյանը:

կուսակցությանն օգուտ կբերի, իսկ մյուսները դրանից չեն շահի: Խոսելով ԱԺ ում ներկայացված կուսակցությունների մասին Ա. Դովլաթյանը նշեց, որ դրանցից ոմանք ապագա խորհրդարանում պարզապես չեն լինի: Ինչ վերաբերում է նոր ձևավորվողներին, ապա՝ դա հին տեխնոլոգիա է, որը շարունակում են կիրառել:

«Հայաստանում կուսակցությունների թիվը 100–ից ավելի է: Եվ եթե մարդիկ եղածների մեջ չեն կարողանում գտնել այն, ինչ իրենց անհրաժեշտ է ու փորձում են նոր կուսակցություններ ստեղծել, ուրեմն խնդիրներ կան: Բացի քաղաքական վակուումը լցնելուց, նոր կուսակցություններ են հիմնվում նաև հին տեխնոլոգիաների շնորհիվ՝ բաժանիր, որ տիրես: Նրանք, ովքեր այսօր ունեն որոշակի ֆինանսական ռեսուրսներ ու կարողություններ, բնականաբար, օգտագործում են այդ մեթոդները: Ամեն ինչ շատ լավ երևում է, թե որն ինչի համար է ստեղծվում»,– ասաց Ա. Դովլաթյանը:

Ինչ վերաբերում է Կանաչներին, որն ավելի վաղ ձևավորված քաղաքական ուժ է, ապա ընտրությունները շուտ անցկացնելը նրանց համար և՛ լավ է, և՛ վատ: Լավ է, քանի որ որոշակի դաշտ է բացվել սեփական կուսակցության դրույթները քարոզելու և այն առաջ մղելու համար, վատ է, քանի որ իրենք այս պահին չեն տիրապետում այն ֆինանսական ռեսուրսներին, որն իսկապես անհրաժեշտ է ընտրություններին մասնակցելու համար:

«Այսինքն, մենք որոշակի առումով անհավասար պայքարի մեջ ենք մտնելու մյուս կուսակցությունների հետ: Այդ պատճառով շատ նորմալ քաղաքական կառույցներ զրկված են ներկայացված լինելու հնարավորությունից: Մենք կփորձենք մեր հնարավորությունների մաքսիմումով ներկայանալ ժողովրդին, ներկայացնել մեր ծրագրերը, որպեսզի ժողովուրդը կարողանա ընտրություն կատարել: Զուտ բնապահպանական տեսանկյունից, այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, կարող է ամենալավը բարձրաձայնել Կանաչների կուսակցությունը: Մինչև հիմա քաղաքական դաշտում այլ իրավիճակ էր, եթե չասենք, որ այն ընդհանրապես ոչնչացված էր: Բայց քանի որ պետության կառավարմանը մասնակցելու այլ մոդել չկա, ուստի մարդիկ ստիպված են այդ ճանապարհով գնալ և ներկայացնել իրենց ծրագրերն ու դրանք լուծելու կարողությունները»,– ասաց Ա. Դովլաթյանը:

Նրա կարծիքով, հակահեղափոխության դեմ պայքարելով՝ կարող է ձևավորվել միակուսակցական համակարգ, ինչը նույնպես մտահոգիչ է: Ա. Դովլաթյանի դիտարկմամբ դա անցանկալի է և չի բխում անգամ երկրի շահերից: Ու չնայած այսօր որոշակիորեն քաղաքական դաշտն ազատականացված է, նախկին քարացած վիճակն այլևս չկա, բայց կրկին կան խոչընդոտներ, որոնք քիչ չեն:

«Այսօրվա Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ պայմաններից մեկը նորմալ քաղաքական դաշտ և քաղաքական կառույցներ ձևավորելն է, ոչ թե քաղաքական բիզնես նախագծեր ձևավորելը: Բիզնեսմենները չպետք է քաղաքականության մեջ լինեն: Նրանք կարող են այս կամ այն ուժին աջակցել, օգնել, բայց քաղաքականությամբ զբաղվել չեն կարող: Դա աբսուրդ է: Որևէ եվրոպական երկիր չեք գտնի, որտեղ այս կամ այն բիզնեսմենը իր ղեկավարած կառույցներին ասի, թե պետք է իրեն ընտրեն: Եվ եթե հանկարծ մեկը որոշի նման բան անել, կամ բոլորին պարտադրի ինչ–որ տեղ միտինգի գնալ կամ իր ուզած թեկնածուին ընտրել, պատկերացնո՞ւմ եք կարճ ժամանակ անց այդ բիզնեսներն ինչ վիճակի մեջ կհայտնվեն: Մեզ մոտ նման մտածելակերպ չկա, ինչն էլ իր հերթին է դժվարություններ ստեղծում»,– ասաց Ա. Դովլաթյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով