Ներկերը լվացվող են, իսկ ժպիտը՝ իրենց այցեքարտը

Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության երկրորդ համարը զբաղեցնող, համանուն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ նոր է մեկնարկել քարոզարշավը և իրենք առայժմ գոհ են ընթացքից:

«Առայժմ ամեն ինչ իր սովորական հունով ընթանում է: Մնացածը հետո կերևա»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ի դեպ, ինչպես ՀՀԿ–ի ժամանակ ամենամեծ գովազդային վահանակները տրամադրվում էին իշխող կուսակցության նախընտրական գովազդային պաստառները փակցնելու համար, հիմա էլ «Իմ քայլը» դաշինքի պաստառներ են նույն տեղերը զբաղեցրել, և հետաքրքիր էր՝ արդյո՞ք «ժառանգականները» դրա մեջ անհավասարության նշաններ տեսնում են, թե՞ ոչ. Ա. Մարտիրոսյանը պատասխանեց.

«Մի փոքր այլ բան ստացվեց: Մենք նախատեսել էինք, որ տասից ավելի պաստառ պետք է ունենայինք, սակայն չստացվեց, քանի որ մրցույթի ժամանակ մեր հայտերն ամբողջովին չբավարարվեցին: Բայց դա չի կարևորը, ամեն ինչ դեռ առջևում է»:

Մարտիրոսյանը նշեց նաև, որ քարոզարշավի մեկնարկին ԱԺ–ի ցանկապատի պատին ժպիտ նկարելն իր իմաստն ուներ, իսկ քաղաքում ակցիայի հետքերը թողնելու համար այնքան էլ պետք չէ անհանգստանալ:

«Ո՛չ միայն պատերին, ո՛չ միայն փողոցներում, այլև ամեն տեղ ժպիտ ենք մեր հետ տանելու: Ինչ վերաբերում է ԱԺ–ի պատին արված նկարին, ապա դրա հեղինակը մեկնաբանել է, թե ինչ է դա նշանակում: Մենք մշտապես հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ Ազգային ժողովը ոչ լեգիտիմ մարմին է: Եվ այդ իսկ պատճառով «Ժառանգությունը» մշտապես արտահերթ ընտրություններ է պահանջել: Ինչ վերաբերում է քաղաքի պատերին հետք թողնելուն, ապա բոլորը կարող են հանգիստ լինել, քանի որ այդ ներկն անձրևի տակ մաքրվում է: Բոլորին կոչ եմ անում դա թեթև տանել»,– ասաց Ա.Մարտիրոսյանը:

Այն հարցին, թե իսկապե՞ս հաջորդ ժպիտը իրենց կողմից նկարվելու է դատախազության շենքի վրա, Ա. Մարտիրոսյանը խորհուրդ տվեց այդ հարցը տալ Հովսեփ Խուրշուդյանին: «Ժառանգության» ղեկավարը նաև ընտրողներին կոչ արեց ոչ միայն ուշադրություն դարձնել կուսակցությունների ու դաշինքների կողմից ներկայացվող ծրագրերին, որոնք ըստ էության կարող են շատ նմանություններ ունենալ, այլև կուսակցությունների ու քաղաքական գործիչների անցած ուղուն: «Ես կոչ կանեմ, որպեսզի ընտրողները ուշադրություն դարձնեն նաև այն հարցին, թե ընտրարշավին մասնակցող կուսակցություններից որն է բոլոր պայքարներին նախկինում մասնակցել, մշտապես, անշահախնդիր ձևով պաշտպանել քաղաքացիների շահերը և թող գնան ու այդ ուժին էլ քվեարկեն»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 

Նրանք բոլորին էլ համարում են իրենց մրցակիցները

Հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկին կուսակցության հիմնադիր և Երևանի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի մայրաքաղաքի կառավարումը վերադարձվի երևանցիներին:

Իսկ իրենց պատկերացրած նոր Երևանի նոր քաղաքապետարանը լինելու է ծիածանագույն, ուր պետք է ներառվեն սպիտակից մինչև սև բոլոր գույները, և այդ միասնությունը կկայանա ազատ բազմազանության միջոցով: «Ժառանգության» հիմնադիրը քաղաքացիների հետ շփումները պատկերացնում է բնական ձևով, առանց հատուկ սցենարների: Ընտրողների հետ հանդիպումների է գնալու քաղաքային տրանսպորտով, իսկ պայքարը՝ բակից բակ, խաչմերուկից խաչմերուկ սցենարով, որպեսզի մայրաքաղաքի ընտրողն ու քաղաքացին իրենց մեջ տեսնի պարզ քաղաքացուն, ով մշտապես կանգնելու է իրենց կողքին:

«Մեզ մոտ որևէ արհեստական բան պիտի չտեսնեք: Անհնարինը հնարավոր դարձնելու ճանապարհը գնում է ժպիտի միջոցով: Հեղափոխություն պլ յուս «Ժառանգություն» հավասար է ժպիտի»,– ասում է Ր. Հովհաննիսյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով