Նախկինների դարաշրջանն ավարտվել է, իսկ նոր կուսակցությունների սպասումները մեծ են

Օրերս տեղի ունեցավ «Ազգային առաջընթաց» կուսակցության հիմնադիր համաժողովը, շատ շուտով կուսակցությունը մուտք կգործի ակտիվ քաղաքական կյանք: Այս պահին ունեն տարածքային ստորաբաժանումներ Երևանի Աջափնյակ, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջաններում, Ստեփանավան, Իջևան և Չարենցավան քաղաքներում։ Նախատեսվում է կուսակցության գրասենյակներ հիմնել նաև Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում։

Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը նշեց, որ կուսակցության հիմնադիրները թեև նախկինից հայտնի դեմքեր չեն, բայց յուրաքանչյուրն իր ոլորտում բավականին որակյալ մասնագետ է: Կուսակցության թե՛ հիմնադիրները, թե՛ անդամները հիմնականում միջին ու երիտասարդ տարիքի կադրեր են և իրենց հիմնադրած կառույցը ֆինանսավորում են սեփական միջոցների հաշվին: «Քանի որ մենք քարոզում ենք ապակուսակցականացում, ուստի մենք նպատակ չենք հետապնդում 800–ից ավել անդամ ունենալ: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ չենք կարող այլ անդամներ ներգրավել մեր կուսակցության շարքեր, բայց կարծում ենք, որ կուսակցությունում այդքանից ավել մարդ ներգրավելու կարիք չկա: Մնացածը կլինեն կուսակցության աջակիցներ»,– ասաց Հայկ Գրիգորյանը:Նրա դիտարկմամբ, Հայաստանում այսօր թեև բազմաթիվ կուսակցություններ կան, սակայն դասական իմաստով բոլորին չէ, որ կարելի է կուսակցություն համարել: Նորաստեղծ կառույցի անդամներն իրենց մրցակից համարում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Սասնա ծռեր» կուսակցություններին: Մնացածները, ըստ նրանց, հին համակարգի հին օրենքներով գործող կառույցներ են, որոնք այլևս արդիական չեն:

«Մենք կարծում ենք, որ նորաստեղծ ուժեր են պետք, իսկ հին ուժերը ժամանակի ընթացքում կլուծարվեն: Օրենքի փոփոխություն է պետք, քանի որ մեկ անձի կուսկացություններ երկրին պետք չեն: Կան այնպիսիք, որոնք իրականում 100 ակտիվ անդամ ունեն ու նորմալ գործում են, կան նաև այնպիսիք, որոնք 5 անգամ ավել անդամ ունեն, բայց ընտրությունների ժամանակ 100–ից պակաս ձայն են ստանում: Սա նշանակում է, որ նույնիսկ իրենց կուսակցությունների անդամներն իրենց չեն ընտրում: Այսինքն, եթե թղթի վրա մենք ունենք 100 կուսակցություն, որոնք անգամ տարիներով չեն մասնակցել որևէ ընտրության, ապա դրանք այլևս չի կարելի կուսակցություն համարել: Իրականում գրանցվածներից միայն մի քանիսն են աշխատում: Ինչ վերաբերում է նախկին կուսակցություններին, ապա դրանք վերացող տեսակներ են և առաջիկայում չեն կարողանալու անգամ քվե ստանալ»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Երկար տարիների կենսագրություն ունեցող կուսակցությունների մասին նման կարծիք ունենալու առիթը վերջերս կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերլուծությունն է եղել: Իսկ վերջին շրջանում գրանցված և գրանցվելիք կուսակցությունների մասին ԱԱԿ մամլո խոսնակը հետևյալ կարծիքը ունի. «Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցություններին, այդ թվում՝ նաև մեզ, ժամանակը ցույց կտա, թե ինչ վարկանիշ կունենան ապագայում: Նոր ստեղծված կուսակցությունները պետք է գործունեություն ծավալեն նոր իրողությունների պայմաններում: Նրանք, ովքեր թեև հնից են գալիս, բայց առնվազն հասարակական աջակցություն ունեն, նրանք էլ կմնան ակտիվ դաշտում: Ինչ վերաբերում է մեր կուսակցության ապագային և հաջողությանը, մեր հույսը մեր ծրագիրն է»:

Խոսելով կուսակցության ծրագրի մասին՝ նա նշեց, որ ամենամեծ շեշտը դնելու են տնտեսական ծրագրերի վրա, քանի որ բարեփոխիչ ուժ են իրենց համարում: Թիվ մեկ քաղաքական օրակարգը սոցիալական վիճակի բարելավումն ու տնտեսության զարգացումն է լինելու: ԱԱԿ–ն անվերապահորեն չի ընդունելու լիբերալ ազատական գաղափարախոսությունը: Ինչ վերաբերում է լիբերալ արժեքներին, ապա ոչ թե մերժելու են, այլ ընդունելու են միայն այն գաղափարները, որոնք համադրելի կլինեն ազգային արժեքների հետ:

«Մենք չենք հավակնում խորհրդարանում մեծամասնություն ունենալ, քանի որ նոր ենք մուտք գործել քաղաքականություն: Կուսակցության համար բավարար է մինիմալ ներկայության ապահովումը խորհրդարանում, որպեսզի կարողանանք մեր ծրագրերը ներկայացնել և պահանջել, որ մեծամասնությունն այն ընդունի»,– ասաց Հ. Գրիգորյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով