Նազարյանը ռիսկ չէր անի միայնակ նման որոշումներ կայացնել

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը պրիմիտիվ է որակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի կողմից հնչեցված այն արտահայտությունը, թե իրենք ընդամենը վավերացրել են կառավարության և ընկերությունների միջև կնքված պայմանագրից բխող պարտավորությունները: Նրա համոզմամբ, հանձնաժողովը բավականին իրավասություններ ունի, որոնք պարտավոր էին իրականացնել, բայց փաստորեն կաշառված լինելու պատճառով ձեռքները ծալած նստել են և ոչինչ էլ չեն արել:
«Հանձնաժողովը պետք է վերահսկեր ընկերությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Խոսքը ներդրումների, վերազինման և այլ հարցերին է վերաբերում: Այդ ամենի արդյունքում պետք է հետևեին, որ տարիների ընթացքում կորուստների չափը նվազեր, մոնիթորինգ իրականացնեին և այլն: Ի դեպ, և՛ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերահսկելու իրավունք ունեն: Այնպես որ, Նազարյանն ուզում է իրեն շատ պասիվ դիրքում և խեղճ ու կրակ վիճակում ներկայացնել, որը նրան չի սազում»,– ասաց Գ. Մակարյանը:
Հաջորդ փաստարկն, ըստ միության նախագահի, այն է, որ հանձնաժողովի անդամներն անգամ չէին ծանոթանում թանկացումների հիմնավորումներին, ինչը նույնպես խոսում է շատ հարցերի մասին: Դրանում նա համոզվել է, երբ երկու տարի առաջ գազի սակագնի թանկացման հարցերն էր ուսումնասիրում, քանի որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումներին մասնակցող անդամներն անգամ այդ 700–ից ավել էջ ունեցող փաստաթղթին ծանոթ չեն եղել:
«Ոչ կարդում էին, ոչ էլ ուզում էին խորանալ: Եվ երբ հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկումների էին մասնակցում, անընդհատ, սահմանափակ կերպով միայն նույն բաների մասին էին խոսում: Այսինքն, զգացվում էր, որ իրենք այդ փաթեթները չէին էլ նայել: Ինչո՞ւ, որովհետև, ինչպես «Վեոլիա Ջրի» դեպքում բացահայտվեց, նրանք, փաստորեն, թանկացումների որոշումներ ընդոնելուց առաջ կաշառված են եղել: Հավանաբար նույն մոտեցումն է եղել գազի թանկացման ժամանակ, քանի որ նույն հանձնաժողովն էր և պետք է որ ձեռագիրն էլ նույնը լիներ»,– ասաց Գ. Մակարյանը:
Կաշառված լինելու հանգամանքն, ըստ կազմակերպության նախագահի, ակնհայտ է: Եվ եթե ուշադրություն դարձնեք բոլոր որոշումների բովանդակությանը, ապա դրանք միայն սակագների թանկացմանն են վերաբերել: Թանկացումների «հիմքերն» էլ անմիջականորեն կապված են կորուստների հետ: Բոլոր տեղերում էլ կորուստներ կան՝ և՛ ջրի, և՛գազի, և՛ էլեկտրաէներգիայի, ինչը նույնպես բազում կասկածներ է առաջացնում:
«Ջրի դեպքում էլ այնպիսի տպավորություն է, կարծես բոլորի խողովակները ծակ են կամ ցնցուղի նման են սարքած: Այսինքն, երբ օտարերկրյա կազմակերպությունները, հատկապես՝ ռուսական մոդելի մենեջմենթ ունեցող ընկերությունները, տեսնում են, որ պետական շահերը ներկայացնող կառույցները պասիվ են կամ արագ կաշառվում են, շատ արագ սկսում են նրանց «ախորժակներով» առաջնորդվել: Արդյունքում՝ շքեղ բնակարաններ, շքեղ ծախսեր, մեծ թվով անձնակազմ, բարձր աշխատավարձ, ավելորդ շատ ու շատ շռայլություններ: Ու ստացվում է, որ ընկերությունները շահագրգռված չեն էլ եղել կորուստները նվազեցնելու մասին մտածել, դրանց համար նորարարական լուծումներ գտնել: Փոխարենը գնացել են կորուստների հաշվին լրացուցիչ եկամուտներ ունենալու ճանապարհով, որի միակ ձևը թանկացումներն են եղել: Ես կարծում եմ, որ նոր կառավարությունը այս ամբողջ մոտեցումների տրամաբանությունն ու փիլիսոփայությունը ևս կփոխի և այլևս ընկերությունները չեն կարողանա նման ձևով աշխատել»,– ասաց Գ. Մակարյանը:
Նրա համոզմամբ, ստացվում է, որ այսքան տարի խաբված ենք եղել բոլորս՝ ողջ ազգաբնակչությունն ու փորձագիտական շրջանակների մասնագետները: Իրենց քմահաճույքներից բխող բոլոր ծախսերը դրվել են ժողովրդի վրա, իսկ ղեկավարությունն այդ ամենի մասին իմանալով՝ լռել է: Նազարյանի հանձնաժողովն էլ բարձր աշխատավարձով ու «մանր– մունր» փոխանցումներով ու գործուղումներով է իրեն բավարարված զգացել և այդ պատճառով է, որ սիրով ստանձնել է «դակիչի» դերում հանդես գալու «գործառույթը»:
«Համոզված եմ, որ այս ամենը քննարկվել է նախկին ղեկավարների հետ, և վստահ եմ, որ այս մասին անխտիր բոլոր ղեկավարներն էլ իմացել են, քանի որ Ռոբերտ Նազարյանն այն զգուշավոր անձնավորությունն է, որ դժվար թե ռիսկ աներ և ինքնուրույն նման որոշումներ ընդուներ: Բոլորն էլ տեղյակ են եղել, սակայն աչքները փակել են, քանի որ այդ կազմակերպությունները տարբեր առիթներով նաև այլ խնդիրներ էլ են լուծել նույն այդ իշխանությունների համար: Այսինքն, գործել է փոխկոմպենսացիայի մոդել, որի կիրառությունը գտել են հանձնաժողովի որոշումների մեջ»,– ասաց Գ. Մակարյանը:
Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով