«Յունիգրաֆ-Իքս»-ի տնօրենին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ ՊԵԿ քննչական վարչությունում «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության տնօրեն Գագիկ Նորայրի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարները չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նշված հոդվածով նախատեսվում է ազատազրկում` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի չափը

հստակեցնելու նպատակով նշանակվել է համալիր հարկային ստուգում: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեռևս մայիսի վերջին հաղորդագրություն էր տարածել, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը, իրացնելով օպերատիվ տվյալները, «Յունիգրաֆ–Իքս» ընկերությունում հայտնաբերել էր շուրջ 185 մլն դրամի յուրացում:

Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Ի դեպ, այս մասին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պարզաբանում էր տվել՝ նշելով, որ ընկերության հաշվապահական խնդիրները չեն ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով