Միշտ լավ թխվող ու համով հացը

Համով հացի իմ իմացած ամենահեշտ բաղադրատոմսն  է։ Խմորը շատ բազմաժանր է, ունիվերսալ։ Կարելի է նաև տարբեր միջուկներով կարկանդակներ ու պիցցա թխել։ Բաղադրիչները կարելի փոխարինել, բայց արդյունքը կլինի միշտ  գոհացուցիչ։  Ինետրնետներում անթիվ-անհամար բաղադրատոմսեր կան հացի։ Տարբեր տեղերից՝ այդ թվում մամայիս, տատերիս, հորքուրիս բանավոր վկայություններից,  որոշ բաներ վերցրել եմ, որոշն էլ ի կողմանէ իմոյ, ու ստացվել է սա։

Գրական-գեղարվեստական լալահառաչ հեծեծյունով պատմություններում վստահ են, որ բարձրորակ հաց ստանալու համար կարևորը ներդրված հոգին է։ Սեփական փորձից գիտեմ, որ կարևորը ճիշտ խմորիչն է, որ ժամկետանց չլինի։ Մնացածը կարելի է փոխարինել, թեպետ թմորիչն էլ կարելի է սոդայով ու մածունով փոխարինել, բայց դա արդեն իմ հացը չի լինի։

Մեզ պետք է

Ալյուր  3 բաժակ (խոշոր աղացած, եգիպտացորենի կամ խառը, նույնիսկ սպիտակաձավարի)

Աղ 1 թեյի գդալ  (կարելի է նաև մի քիչ սև պղպեղ ու քրքում լցնել, ասում են՝ զեյթունի ձեթի հետ խիստ առողջարար են)

Շաքար 1 ճաշի գղալ  (կարելի է կես գդալ, սև, շագանակագույն, սպիտակ)

Չոր խմորիչ (դրոժ) 1 թեյի գդալ

Կաթ 1 բաժակ (կարելի է միայն ջուր, կամ կեսը ջուր, կեսը կաթ, ըստ ցանկության)

Յուղ 2ից 6 ճաշի գղալ (ցանկանացած բուսական յուղ, զեյթունի ձեթ, կարագ։ Մարգարին ու ռաֆինացված յուղեր խորհուրդ չեմ տա, վնասկար են)։

Ընթացքը
Նախ

Կաթը տաքացնում ենք այնքան, որ ճկույթը մեջը մտցնելիս կծի։ Մինչև կաթը կտաքանա, վերցնում ենք մեծոտ թաս։ Մաղած ալյուրն ու բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, կենտրոնում փոս անում, ու լցնում յուղը ու արդեն տաք կաթը։ Խառնեցինք գդալով, հետո ձեռքով։ Խմորը պիտի ձեռքին չկպչի, ստացվելու է փաթուկ խմոր։

Հետո

Կարելի մի 5 րոպե լավ հունցել, խփել սեղանին կամ 5 թողնել  սեղանին՝ թասը վրան շուռ տված։ Ես մի քիչ հունցում եմ, մի քիչ խփում ու մի քիչ էլ թողնում։  Այսինքն՝ պետք է այնքան խաղալ հետը, որ ստացվի միատարր, գեղեցիկ խմոր։ Հետո մեր սիրուն խմորը դնում ենք թասի մեջ, ցելոֆանով (հայերեն տարբերակը չգիտեմ, մոմլաթը չի հաստատ) ու դնում տաք տեղ՝ մի քանի ժամով։

Դնում եմ միկրոալիքային վառարանում, որտեղ նախօրոք տաքացնում եմ կաթը։ Շատ հարմար է։ Երբ արդեն խմորը եռակի մեծացել է, իսկ դա կարող է լինել նունյիսկ 40 րոպեից։

Ավելի հետո

Հանում ենք թասից ու հացի ձև տալիս։ Կարելի է բաժանել 6 հավասար գնդի ու 5 հատը ծաղկի նման շարել մեկի շուրջ ։ Սա պիտի արվի անմիջապես տապակի մեջ, որ հետո չխախտվի։

Կարելի է պարզապես առանձին գնդեր, երկարավուն կամ ձվանման մարմիններ սարքել։ Եթե ամբողջական ենք անում, պիտի անպայման դանակով ճեղքենք, որ հետո ինքը չպատռվի ու տեսքը կորցնի։

Նախընտրում եմ բատոնը։ Ուղղանկյունաձև բացում ենք գրտնակով կամ ձեռքով, ում ինչպես հարմար է։ Երկար կողմից սկսում ենք ոլորել ռուլետի նման, ոչ շատ խիստ, որ հետո խմորը բարձրանալու տեղ ունենա ու ոչ շատ թույլ, որ հետ իրար չհեռանա։ Տալիս ենք բատոնի ձև, կողքերից խմորը ներս ենք մտցնում, որ տեղեցիկ ու ողորկ լինի ու դնում ենք կարը դեպի ներքև, որ կողքերից ու վերևից չերևա։  Կարելի է վրան քնջութի սերմեր ցանել կամ արևածաղկի կամ ինչի որ ուզեք ։ Դանակով թեք ճեղքեր ենք անում երեսին ու դնում ջեռոցը։

Ջեռոցի տապակին կարելի է թուղթ դնել կամ յուղ քսել։ Ընդ որում այս խմորը կարիք չունի, որ թողենք էլի հանգստանա։ Միանգամից կարելի է դնել ջեռոցը

Ըստ ջեռոցի մեծության ու հզորության՝ 180-200 աստիճանով եփում ենք 40-60 րոպե։  Երբ արդեն սկսում է հացը կարմրել, ջերմաստիճանն իջեցնում ենք ու թողնում ևս մի 5-10 րոպե։ Հանելուն պես վրան ջուր ենք քսում կամ կարագ։

Վերջում

Ուտում ենք տաք-տաք՝ մեջը պանիր դրած, ինչը ասում ենք ստամոքսին վնաս է կամ սպասում ենք սառի։

Բարի ախորժակ։

Նաիրա  Թամամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով