«Միայն 20-30 %-ն է հասնում գյուղացուն»

Սևանա լճից հավել յալ 40 մլն խմ ջրառի օրենքի նախագիծը բուռն քննարկումից հետո առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ կողմից: Այն, բնականաբար, այսօր կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ և օրենքի ուժ կստանա:
Ասել է թե, ընդամենը օրեր անց, օրենքով սահմանված կարգով, Սևանից հավել յալ ջրառի իրավական հնարավորություն կլինի: Թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանությունները այս քայլը մշտապես «հիմնավորել» են, թե նման «զոհողության» են գնում, որ գյուղացու ջուր կտրած աչքը ջուր տեսնի ու կարողանա ոռոգման սեզոնին իր այգիները ոռոգել:
Բայց բնապահպաններն արդեն երկար տարիներ է՝ պայքարում են այդօրինակ որոշումների դեմ, քանի որ ավելի լավ են պատկերացնում, թե ինչու չի կարելի Սևանին որպես ջրհորի վերաբերվել: Ավելին, նրանք պնդում են, որ գյուղացու հոգսից խոսող պաշտոնյաներն, իրականում, ոչ թե գյուղացու, այլ որոշ մարդկանց բիզնեսներն աշխատացնելու մասին են հոգ տանում:
Բնապահպանական «SOS Սևան» նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ լինելով ԱԺ պատգամավորների ինտելեկտին՝ ենթադրում էր, որ նախագիծը կընդունվի, թեև փոքրիկ հույս էր փայփայում, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների ձեռքին հայտնված կախարդական փայտիկը կարող է փրկել նաև Սևանը:
«Այս տարի ծաղկած ջրիմուռներն ահազանգեցին, որ լուրջ վտանգ է սպառնում Սևանին, բայց, մի քանի բնապահպանից բացի դրան որևէ մեկն ուշադրություն չդարձրեց: Եթե այսպես շարունակվի, ապա մեզ սպառնում է Սևանի՝ սկզբում մասնակի, ապա ամբողջական ճահճացում, ինչը նշանակում է, որ մենք կկորցնենք աշխարհի խոշորագույն քաղցրահամ ջրի պաշարներից մեկը: Եվ եթե այսօր պատճառաբանությունն այն է, որ այդ ջուրը պետք է գյուղացուն, որպեսզի այգիները ջրի, ապա վաղը, մյուս օրը ոչ միայն գյուղացին իր այգին չի կարողանա ջրել, այլ ողջ հանրապետությունում մենք քաղցրահամ ջրի խնդիր և ճահճացած Սևան կունենանք: Սա իր հերթին մեծ թվով արտագաղթի կհանգեցնի, քանի որ էկոլոգիական աղետների դեպքում արտագաղթն անխուսափելի է, և այն սովորաբար աննախադեպ չափերի կարող է հասնել»,- ասաց Կ. Փանոսյանը:
Հարցն այլ կերպ չի լուծվում, քանի որ որոշ պաշտոնյաներ շահագրգռված չեն, որ այլ կերպ այն լուծվի: Բնապահպանների հետազոտությունները հանգեցրել են այն եզրակացության, որ Սևանի ջուրն առանձնապես չի էլ հասնում գյուղացիներին, այլ օգտագործվում է կա՛մ ձկնաբուծարանները, կա՛մ էլ ՀԷԿ-երն աշխատացնելու համար:
«Բնապահպանների ահազանգերն այն մասին են, որ Սևանից բաց թողնված ջրի 2030 %-ն է հասնում գյուղացուն: Այսինքն, այդ ջրի մեծ մասը որոշակի անհատների անձնական բիզնես նպատակների համար է օգտագործվում, և այս առումով երկրում որևէ իրավիճակ էլ չի փոխվել: Ու եթե վարչապետը խոսում էր այն մասին, որ չի կարելի Սևանին որպես մեծ լողավազանի վերաբերվել, այնուամենայնիվ, կառավարության անդամներից որևէ մեկն ի շահ Սևանի այդպես էլ որևէ ձայն չբարձրացրեց: Սա խոսում է այն մասին, որ իրավիճակ փոխվել է միայն մարդկանց տրամադրությունների մեջ, որը ոչ մի կերպ չի ազդում որոշումների վրա»,ասաց Կ. Փանոսյանը:
Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով