«Մենք» դաշինքի ցանկություններն ու հնարավորությունները

Օրերս «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները դաշինք են ձևավորել և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Մենք» դաշինքով: Թե որքան արդյունավետ կլինի այս դաշինքի գրանցած արդյունքը, այս պահին դժվար է ասել, բայց, որ «Ազատ դեմոկրատները» հայտնի են իրենց պասիվ դիրքորոշմամբ և, սովորաբար, միայն ընտրությունների ժամանակ են ակտիվանում, խոսում է այն մասին, որ իրենք առանձնապես ո՛չ ասելիք ունեն, ո՛չ էլ անելիք: Նրանց նպատակը միայն ԱԺ-ում հայտնվելու փորձերն են, որոնք հիմնականում անհաջող ավարտ են ունենում:

Այս ամենն, անշուշտ, լավ գիտի նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ ամենով հանդերձ, որոշել է դաշինք կազմել նման պասիվ վարքագիծ ունեցող կուսակցության հետ, քաջ գիտակցելով, որ դաշինքի պարագայում անցողիկ՝ 7 տոկոսանոց արգելքը հաղթահարելն ավելի բարդ է լինելու:

Թե իրականում նշված կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ սպասելիք ունի իր դաշնակցից, պարզ կդառնա նախընտրական քարոզչության շրջանում, բայց նախնական կանխատեսումների համարձայն, միանշանակ է, որ նրանք երկուսն էլ բավականին խրթին ճանապարհ պետք է անցնեն խորհրդարանում հայտնվելու համար:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատները» մասնակցել են առանձին և հավաքել են 14 739 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններին մասնակցել է «Ելք» դաշինքով, որի օգտին քվեարկել է 122 065 ընտրող, որից դժվար է ասել, թե որքանն է եղել «Հանրապետություն» կուսկացության կողմից ստացած ձայների թիվը:

Նշենք նաև, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը ընտրություններին «Ժառանգության» ցուցակով էր մասնակցել և ընտրվել էր պատգամավոր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով