Մարալիկում կրքերը չեն հանդարտվում, իսկ համայնքապետն էլ ամեն կերպ փորձում է չնահանջել

Պարզվում է՝ Անի (Մարալ իկ քաղաք գումարած ևս 16 համայնք) խոշորացված համայնքն էլ դուրս չի մնացել համայնքում եղածը յուրացնելու սցենարներից: Եվ այնցած տարիներին տեղի իշխանություններն ինչ հնարավոր է եղել, յուրացրել ու սեփականաշնորհել են: Մարալիկցիներն իշխանափոխությունից հետո բավականին բացահայտումներ են արել ու պարզել Անի համայնքի ներկա համայնքապետ Արտակ Գևորգյանի նախկին և ներկա աշխատանքային գործունեության, ինչպես նաև նախասիրությունների ու ցանկությունների մասին: Համայնքի բնակիչները Գևորգյանի՝ վերջին շրջանում իրականացվող գործողությունների մեջ, սակայն, նոր որակներ են բացահայտել` հայրենասիրությունը, ինչը պաշտոնավարման 14 տարիների ընթացքում չէին տեսել:

«Գևորգյանն իր ելույթում հրապարակավ հայտարարեց, որ ինքը մինչև արյան վերջին կաթիլը կպաշտպանի իր աթոռը: Բնականաբար, նման «հայրենասիրության» տեր մարդը չգիտի, որ համայնքապետի աթոռից մեկ րոպե շուտ հեռանալն ինչքան օգուտ է համայնքին»,– ասաց մարալիկցի Սեյրան Սուքիասյանը:

Մեզ հետ զրույցում նա նշեց նաև, որ այս ընթացքում իրենք այնքան բացահայտումներ են արել, որ դրանք մեկ հարցազրույցում թվարկել հնարավոր չէ: Օրինակ, պարզել են, որ նախկինում տված 10 խոստում–ծրագրից 9–ը չի իրականացվել` ճանապարհաշինություն, կոյուղագծերի կառուցում, աղբահանություն և այն ամենն, ինչ պետք է ունենա համայնքը:

«Գրված էր, որ ճանապարհները հիմնանորոգվել են, բայց դրանք նույնիսկ նորոգված էլ չեն, կոյուղագծերի մասով պետք է ասեմ, որ Անիի կեսն ընդհանրապես կոյուղագիծ չունի, բայց համայնքապետն իր դիրքից կարողանում է հայտարարել, որ դա իր ֆունկցիան չէ և այլն: Այս ողջ ընթացքում նա ընդամենը կարողացել է ընտրություններից ընտրություն` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, ընտրակաշառքով, ընտրակեղծիքով ընտրվել, այսօր էլ հայտարարում է, որ ինքը 4000 ձայն ունեցող համայնքապետ է, չի թողնելու աթոռը, քանի որ ժողովուրդն է իրեն վստահել: Տպավորությունն այնպիսին է, որ ինքը իր նախնիներից է այդ աթոռը ժառանգություն ստացել, ոչ թե ընտրությունների միջոցով է պաշտոնին տիրացել»,– ասաց Ս. Սուքիասյանը:

«Փաստ»–ի զրուցակցի խոսքով, այսօր գրեթե բոլոր մարալիկցիները հասկացել են, որ ներկա համայնքապետն իր տեղում չէ: Եվ հիմա ուզում են, որ կառավարությունն իր լծակներով ներազդի, որպեսզի այդ պաշտոնը բռնազավթած համայնքապետը հրաժարական տա: Հակառակ դեպքում խոստանում են պայքարը շարունակել այնքան ժամանակ, մինչև, ինչպես ժողովուրդն է ասում, «Մարալիկի առուն էլ ջուր գա» և նրանց խնդիրներով նույնպես իշխանությունները զբաղվեն:

«Եթե անգամ մենակ էլ մնանք և իշխանությունները մեզ չսատարեն, միևնույն է, դուրս ենք գալու փողոց: Մեր բացահայտումներից հետո շատ շատերը, անգամ նրանք, ովքեր ընտրակաշառքով ու ընտրակեղծարարությամբ են զբաղվել, այսօրվա դրությամբ եկել ու մեր կողքին են կանգնել, քանի որ հասկացել են, թե ինչով է իրականում զբաղվել համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը: Մենք իշխանություններից խնդրել ենք աուդիտ իրականացնել, որպեսզի պարզենք, թե ինչպես է պատահել, որ 4 մանկապարտեզներից ընդամենը մեկն է մնացել համայնքում, իսկ մնացածները վերածվել են տուն–պալատների»,– ասաց մեր զրուցակիցը:

Զավեշտն այն աստիճանի է, որ նույնիսկ սեփականաշնորհված նախկին մանկապարտեզներից մեկի բակի Միկոյանի արձանը, որը համայնքի սեփականությունն է, մնացել է այդ տներից մեկի տարածքում: Եվ զավեշտալին այն է, որ մինչ օրս դրա մասին որևէ պաշտոնյա չի էլ բարձրաձայնել: Իսկ վերջերս իրականացված խոշորացման ժամանակ Մարալիկին միացան նաև բազմաթիվ այլ համայնքներ, որոնց գլխին, ըստ Ս. Սուքիասյանի, նույնպես կախվել է Մարալիկի ճակատագրին արժանանալու վտանգը:

«Համայնքների խոշորացման ծրագիրն, իմ կարծիքով, ավելի շատ գյուղաթափման ծրագիր էր, ոչ թե համայնքների առողջացման: Պատկերացրեք, կան համայնքներ, որոնք մոտ 60 կմ հեռավորության վրա են գտնվում Մարալիկից: Եվ այդ պայմաններում ինչպե՞ս կարող են մարդիկ տարբեր խնդիրներ կարգավորել, երբ անգամ Մարալիկում մինչ օրս որևէ հարց հնարավոր չի եղել պատշաճ լուծել և նորմալ պայմաններ ապահովել բնակիչների համար: Այդ պատճառով էլ համայնքները պահանջում են Մարալիկի կազմից դուրս գալ, ինչը, ես կարծում եմ, ճիշտ տեսակետ է»,– ասաց Ս. Սուքիասյանը:

Ըստ նրա, Գևորգյանի կառավարման տարիներին քիչ է մնացել, որ անգամ Մարալիկի միակ հիվանդանոցը փակվի: Ստեղծված իրավիճակի պատճառով համայնքից ամեն օր ու ժամ արտագաղթ է տեղի ունենում: Հողերը շարունակվում են զրկված մնալ ոռոգման ջրից, իսկ խմելու ջրի ջրագիծն էլ այն աստիճանի անմխիթար վիճակում է, որ ամենափոքր վթարի դեպքում անգամ ողջ համայնքն օրերով ջրազրկվում է: Մարալիկցիների միակ պահանջը համայնքապետի հրաժարականի հարցն է: Նրանք հույս ունեն, որ դրանից հետո, նորմալ ընտրապայքարի արդյունքում ընտրված համայնքապետն արդեն կկարողանա նորմալ կառավարել համայնքը:

«Մարալիկցիները պատրաստ են պայքարել մինչև վերջ, քանի որ տեսան ու հասկացան, որ բողոքելու դեպքում իրենց չեն տանելու բռնաբարության կամ այլ հոդվածով դատեն:

Մեր բողոքին միացան նաև «Սասնա ծռերը», ովքեր, մի կողմ թողնելով քաղաքական խնդիրները, պատրաստակամություն հայտնեցին կանգնել մեր կողքին: Մարալիկցիներն օր օրի հասկանում են, որ մեր պայքարը միայն Անիի հարց չէ, սա հայրենիքի հարց է: Երբ մարդն իր գործի հիմքում հայրենասիրություն է տեսնում, ապա նախաձեռնած ցանկացած գործ անպայման պետք է հաջողությամբ պսակվի: Եվ մենք հավատում ենք, որ այդպես էլ կլինի»,– ասաց Ս. Սուքիասյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով