Մայրաքաղաքի բյուջեն արդար չի բաշխվել, չեն գործել օրենքները

Շարունակվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր համախոհների և ավագանու անդամների հետ միասին այցելում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բակեր և հանդիպումներ ունենում բնակիչների հետ: Հերթական հանդիպման ժամանակ մեզ հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն նշեց, որ փորձում են իրենց ծրագրային բոլոր դրույթները հասցնել ընտրողներին, որպեսզի երևանցիները պատկերացում կազմեն, թե կուսակցությունների ու դաշինքների կողմից ներկայացվող ո՞ր ծրագիրն է իրենց ավելի հոգեհարազատ և ինչպես նրանք պետք է կարողանան իրացնել իրենց իրավունքները:

Զ. Փոստանջյանը նաև նշեց, որ «ԵԾ» կուսակցությունը երևանցիներին առաջարկում է ստեղծել աշխատատեղեր, հիմնել գործարաններ, բացել մետրոյի 4 նոր կայարան, որոնք նաև կբեռնաթափեն մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը:

«Մենք առաջարկում ենք մեկ ինտեգրված համակարգ, նաև երևանյան հեռուստաալիքի հիմնում, որը միայն կներկայացնի մշակութային և կրթական ծրագրեր: Մեզ համար ամենակարևորը կրթությունն է, քանի որ եթե անգամ մեր զինվորը հաղթում է սահմանին, ապա դա նրան հաջողվում է անել մեր ուսուցիչների շնորհիվ, նրանց շնորհիվ, ովքեր նրանց գիտելիք են տվել և դաստիարակել են որպես քաղաքացի: Մեր ծրագրային դրույթներից են նաև կոմունալ վճարների չափերի և դրանց արդարացիության հարցի վերանայումը, քանի որ դրանք չափազանց բարձր են»,– ասաց Զ. Փոստանջյանը:

Կուսակցության ծրագրային կետերից է նաև սոցիալական բնակարանաշինության և սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու հարցերը: Ու թեև, կուսակցության ղեկավարի խոսքով, սոցիալական աջակցության մասին Երևանի բյուջեում դրույթ կա, սակայն, քանի որ մայրաքաղաքային բյուջեն անարդար էր բաշխվում, ապա դրա հետևանքով երևանցիներից շատերը դուրս են մնում շատ ու շատ ծրագրերից:

«Մենք հենց այնպես չենք ասում՝ «արդարություն և օրենք», քանի որ ոչ միայն մայրաքաղաքի բյուջեն արդար չի բաշխվել, այլև չեն գործել օրենքները: Ի դեպ, պետք է նշեմ, որ մեր կողմից խոստացվող որոշ կարճաժամկետ ծրագրերի համար ներկայիս բյուջեն բավարար է, բայց երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար մենք լրացուցիչ միջոցներ ենք ներգրավելու, ինչը հնարավոր է իրականացնել մասնավորապես համագործակցելով Եվրամիության և նրա դոնոր կազմակերպությունների հետ, որի հնարավորությունը մենք ունենք»,– ասաց Զ. Փոստանջյանը:

Նա նշեց, որ այդ նպատակով պատրաստ է օգտագործել իր բոլոր կապերը, մասնավորապես Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք ձևավորվել են դեռևս ԱԺ պատգամավոր եղած տարիների ընթացքում: Բացի այդ, քաղաքական գործիչը, լինելով նաև փաստաբան, շատ լավ է պատկերացնում թե՛ քաղաքական և թե՛ իրավական հարցերին առնչվող խնդիրները, ինչը նաև հնարավորություն կտա ոչ միայն ներսում լիարժեք գործել, այլև դրսում՝ լրացուցիչ միջոցներ ներգրավելու, անգամ աղբի գործարան կառուցելու և այլ խնդիրներ լուծելու համար:

«Օրինակ՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ հիմնելու ծրագիր ենք առաջարկում, քանի որ հիմա աշխարհում էկոլոգիական հարցերի լուծման մեծ շարժում է ձևավորվել, կան նաև գումարներ, որոնք ես անպայման կներգրավեմ նշված խնդիրները կարգավորելու համար»,– ասաց Զ. Փոստանջյանը:

Խոսելով իրենց մրցակցային հնարավորությունների մասին՝ նա նշեց, որ երևանցիները պետք է ծրագրերի, սկզբունքների և գաղափարախոսության միջև կատարեն իրենց ընտրությունը, քանի որ քաղաքականությունը այդ երեք սկզբունքներն է ամփոփում: Փոստանջյանը նաև կողմնակից է բազմազան հասարակության առկայությանը, քանի որ նրա կարծիքով, որքան շատ լինեն գույները, այնքան կշահեն բոլորը, ինչն էլ հենց հանդիսանում է ցանկացած երկրի հաջողության գրավականը:

«Որտեղ կա ժողովրդավարություն, այնտեղ կա բազմապիսի մասնակցություն: Եվ ապագայում մենք առաջարկելու ենք, որ խորհրդարանում ներգրավված լինեն ոչ թե 5 կամ 6 % հաղթահարած ուժերը, այլ ավելի ցածր շեմ պետք է սահմանվի: Այն բավականին բարձր է, և սա նույնպես նահանջ է ժողովրդավարությունից: Ուստի հարկավոր է այնպես անել, որ բոլոր շերտերի ձայնը լսելի լինի թե՛ տեղական ինքնակառավարման մակարդակում, թե՛ խորհրդարանում», – ասաց Զ. Փոստանջյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով