Հունարեն լեզվամտածողությունը անգլերենում

Հունարեն εχω (է՛խո) ունեմ բայը բազմագործառույթ բառ է։ Այն նաև օժանդակ բայ է որոշ ժամանակաձևերի համար, ինպես անգլերեն նույնիմաստ to have (թու հէվ) ունենալը։

Հույները, երբ ուզում են հարցնեն, թե ի՞նչ է պատահել քեզ, ինչի՞ ես մի տեսակ, հարցնում են՝ τι έχεις; (տի էխիս), բառացի՝ ինչ ունես։

Սա առօրյա խոսքում։

Հիմա։ Երբ նույն բանը ուզում են անգլերեն հարցնել, ասում են what do you have ? (վոթ դու յու հէվ) what you have?  (վոթ յու հէվ) , որ թարգմանվում է ՝ ի՞նչ ունես։ Ընդ որում առաջին what do you have ? տարբերակը գրական, հանձնարարելի ու ճիշտ ձևն է, իսկ երկրոդը՝ խոսակցական ու կիսատ։ Առաջին անգամ, որ ինձ հարցրին,  դեռ հունարեն լավ չէի հասկանում, խառնվեցի։ Մտածեցի՝ ինչի՞ է սրան հետաքրքրում իմ ունեցածը, հետո ենթադրեցի, որ դա կարող է և ուրիշ բան նշանակել։

Հետաքրքիր մի երևույթ։ Վաճառվող ապրանքի գին հարցնելիս հաճախ կարելի է լսել πόσο κάνει (պոսո կանի) ինչքան է անում, πόσο έιναι (պոսո ինե) ինչքան է, πόσο έχει (պոսո էխի), բառացի՝ ինչքան ունի, կամ էլ պարզապես ինչքան՝ πόσο (պոսո)։ Ասեմ, որ նման ձևերը շատ բազմազան են, բայց այս պահին ինձ հետաքրքիր է ունենալով կազմված ձևը։

Մի անգամ շուկայում լսեցի՝ վաճառողը, որ տուրիստի համար տարբեր տեսակի մրգեր էր կշռել, անգլերեն հարցնում էր, թե  էլի բան ուզում է, թե հաշվի ու ասի, սա ինչքան ունի։ Ասել է թե՝ ինչքան կազմեց։ Հարցը ամբողջությամբ ճշգրիտ չեմ հիշում, բայց վերջին how much hasը շատ ուժեղ տպավորվեց։

Եւս մի արտահայտություն էլ կա  έχω ունեմ, δεν έχω չունեմ։ Սրանք պիտի թարգմանվեն ըստ համատեքստի։ Եթե որևէ վաճառակետում հարցնում ես՝ έχεις; (էխիս) ունե՞ս կամ έχετε (էխետե) ունե՞ք,  պատասխանը բնականաբար ունեմ-չունեմ է՝ έχω (էխո) — δεν έχω (դ՛էն էխո)։ Բայց եթե մեծ, բրենդային խանութում անգլերեն որևէ ապրանք ես հարցնում, անգլերեն սիրալիր պատասխանում են՝ ունեմ կամ չունեմ, մտածում ես անմիջապես տիրոջ հետ ես խոսում։ Իսկ եթե պարզապես ասի՝ կա կամ չկա (there is or there is not), ոչ մի ուրիշ բան էլ չես մտածի, թե չէ՝ I have, I don’t have։

Դե էնպես չի, որ նման արտահայտությունները օգտագործում են լավ անգլերեն իմացողները։ Իսկ այդպիսիք շատ են։ Ինձ համար հետաքրքիր է, որ շատերի հունարեն լեզվամտածողությունը  մնում է նույնը, չի փոխվում  նույնիսկ օտար լեզվով խոսելիս, տվյալ դեպքում՝ անգլերեն։

Նաիրա Թամամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով