Հույների ցեղասպանության պատմությունից

Ցեղասպանության մեծ փորձառություն ունեցող Թուրքիան մերժում է իր իսկ անցյալը, սական պատմությունն այլ բան է վկայում

1994 թ. փետրվարի 24ին Հունաստանի խորհրադարանը միաձայն  քվեարկեց մայիսի 19ը 1916-1924 թթ. Պոնտոսի ցեղասպանության ենթարկված հույերի հիշատակի օր հռչակելու օգտին, իսկ 1998 թ-ից սեպտեմբերի 14ը Փոքր Ասիայի հույն զոհերի (1912-1924) հիշատակի օրն է:

Նախորդ դարասկզբին Թուրքիան ազգային ու կրոնական փոքրամասնությունների հարցի լուծման մի տարբերակ գտավ, այն է`տեղահանելու ու ֆիզիկապես ոչնչացնելու, պատմամշակութային արժեքներն ու հուշարձանները վերացնելու պետական լայնամասշտաբ ծրագիրը: Դա իրականացվում էր Թուրքիան թուրքերին լկտի լոզունգով:

Օսմանյան Թուրքիայում հույների, ինչպես նաև հայերի ու ասորիների` համակարգված  էթնիկական զտումը սկսվեց Առաջին համաշխարհային  պատերազմի տարիներին ու շարունակվեց դրանից հետո: Թուրքիայում հույների ցեղասպանության պատմության մեջ առանձնանում է Պոնտոսի` Փոքր Ասիայի հյուսիսային, մերձսևծովյան հատվածի հույների ողբերգությունը: Ըստ պատմաբանների` ընդհանուր զոհերի թիվը 353 000-ից  1200 000 է` ներառյալ սպանդի ու մահապատժի ենթարկվածները, մահվան քարավաններով և, այսպես կոչված, ազատ տարհանվածները, որոնց զգալի մասը հենց Պոնտոսի հույներն էին:

Հայոց ցեղասպանության պատմությունը մեզ քաջ հայտնի է: Նման ճակատագիր են ունեցել նաև հույները, որոնք նույնպես ինքնապաշտպանական մարտերի են դուրս եկել, բայց կանոնավոր բանակի հետ կռվելն անիմաստ է եղել: Պատմական խորը էքսկուրս կատարելու գայթակղությունից խուսափելու համար ընդամենը մի փաստ մեջբերենք, որը թերևս ընթերցող լայն հասարակությանն անծանոթ է:

Պոնտոսի Հանրապետություն

Առաջին համաշխարհայինի տարիներին Պոնտոսի պայքարը նաև սեփական իրավունքները պաշտպանելու նպատակով էր: 1918թ. Փետրվարի 4ին Մարսելում կայացած Համապոնտական համագումարի ժամանակ հայտարարվեց Պոնտական հանրապետություն ստեղծելու նպատակի մասին: Ընտրվեց ժամանակավոր կառավարություն: Սակայն աշխարհիս ուժեղներին դա դուր չեկավ: Հունաստանի դաշնակից Անգլիայից պահանջեց Պոնտոս ուղարկել հունական բանակում ծառայող պոնտացի զինվորներին, սակայն Անգլիան մերժեց:

Այս ընթացքում Հայաստանի նորանկախ հանրապետությունը ձգտում էր միջայզգային ճանաչման, և հույների հետ համատեղ բնակության տարածների հետ կապված տարաձայնություններ կային պոնտացիների ու հայերի միջև:

Հունաստանի այդ տարիների վարչապետ Է. Վենիզելոսը (1864-1936) չի ողջունել  պոնտացիների անկախ պետություն ունենալու ձգտումը, ոչ էլ Հունաստանին միանալու գաղափարը: Ըստ որոշ պատմաբանների` նա առաջարկել է  միավորվել հայերի հետ ու ստեղծել Պոնտա-հայկական հանրապետություն: Որոշ պատմաբաններ էլ կարծում են, թե վարչապետն առաջարկել է Տրապիզոնի տարածքը տալ Հայաստանին: Տրապիզոնի Քրիսանթոս միտրոպոլիտը, որը 1919 թ. ապրիլից ներկայացնում էր Պոտոսի հույների շահերը, կողմերին առաջարկեց Հայկական դաշնակցային (ֆեդերատիվ) հանրապետություն ստեղծել` հույների ինքնավարության իրավունքով: Հույները բնականաբար դեմ եղան: Բայց 1920 թ. հունվարին Քրիսանթոսը և Հայաստանի Հանրապետության վարչապետ, արտգործնախարար Ալ. Խատիսյանը Պոստա-հայկական համադաշնություն (կոնֆեդերացիա) ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվում էին միմյան ռազմական օգնությունը տրամադրել` թուրքակական հարձակումների դեպքում: Պոնտացիները բավարար զորք չունեին, իսկ Անգլիան մերժեց իր օգնությունը, և 1920 թ. նոյեմբերին Կարսի մոտ հայերը չկարողացան դիմադրել թուրքերին: Մնացածն արդեն գիտենք:

Երբ նշվում է թուրքերի կողմից ցեղասպանության զոհերի հիշատակի օր, չգիտես ինչու հենց այս օրերին Թուրքիայում ազգային ինչ-որ նորահայտ ու հաջորդ օրն անմիջապես մոռացվող որևէ տոն է բուսնում: Մայիսի 19ին 1919թ Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ Սամսունում բարձրացավ հույների ցեղասպանության երկրորդ խոշոր ալիքը: Այդ օրը Հունաստանում սգում են իրենց զոհերին, իսկ Թուրքիայում նշում են Երիտասարդության ու սպորտի տոնը` ի պատիվ Քեմալի զորքի Սամսոն ափհանման ու հեղափոխության սկզբի:

Նկատենք, որ Հայոց Եղեռնի 100ամյակին Թուրքիան հիշեց Գալիպոլիի պատերազմի 100ամյակը:

Նաիրա Թամամյան

գլխավոր նկարը Ελεύθερη Πατρίδα կայքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով