«Հնարավոր է ամբողջությամբ վերացնել գործազրկությունը»

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված՝ կառավարության գործունեության տնտեսական հատվածին՝ նշեց, որ նախորդի համեմատ այս անգամ նա ավելի մանրամասն և հստակ ուղենիշներ ներկայացրեց:

«Բայց կուզենայի նշել, որ կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնց ուղղությամբ ևս արժե աշխատանքներ ծավալել: Դրանով պետք է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը զբաղվի: Եվ կարծում եմ, որ դրանք որոշ առումով առնչվում են նաև անվտանգության խորհրդին, քանի որ խոսքը տնտեսական անվտանգության մասին է: Այդ սպառնալիքների կրճատման կամ վերացման դեպքում, ինձ թվում է, հնարավոր կդառնա այն նպատակների իրագործումը, որոնց մասին ասված է վարչապետի կողմից ներկայացված վերջին հիմնադրույթներում»,– ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետի խոսքով՝ սպառնալիքները գրեթե բոլոր ոլորտներին են վերաբերում, սկսած՝ էներգետիկ անվտանգության ապահովումից մինչև ժողովրդագրական, պարենային, ֆինանսական և այլ ուղղություններ: Եվ հենց այստեղ է, որ հարցերին պետք է ոչ թե սիրողական մակարդակով մոտենալ, այլ դրանցով պրոֆեսիոնալների խումբը պետք է զբաղվի:

«Ամեն չինովնիկ չի, որ կարող է նման մասնագիտական խնդիրների լուծումներ տալ: Ուստի հարկավոր է թիմային աշխատանք իրականացնել: Եվ ես կարծում եմ, որ կառավարության համապատասխան օղակները պետք է համագործակցեն փորձագիտական հանրության հետ, որպեսզի սպառնալիքների հաղթահարումը հնարավոր լինի հաջողությամբ հաղթահարել»,– ասաց Թ. Մանասերյանը:

Խոսելով առկա տնտեսական ծրագրի և վարվող քաղաքականության վերաբերյալ տնտեսագետների կողմից հնչեցվող երբեմն իրարամերժ մեկնաբանությունների մասին՝ նա նշեց, որ այն տնտեսագետները, որոնք նշում են, թե որևէ առաջընթաց չկա, ծայրահեղության մեջ են ընկնում: Ու թեև կան տնտեսական խնդիրներ, սակայն հնարավոր չէ անտեսնել նաև այն առաջընթացը որը փաստացի կա: Ըստ Մանասերյանի, այս առումով, տնտեսագիտական բառամթերքի և տերմինաբանության հետ կապ չունեցող, օրինակ, «վստահություն» հասկացությունը կարող է ավելի որոշիչ լինել առաջընթացի համար, քան շատ ու շատ այլ գործոններ:

«Եվ դա կարելի է անգամ թվերով ներկայացնել: Կոնկրետ վստահության շնորհիվ է, որ տնտեսությունն աճում է, որոշ ոլորտներում՝ նույնիսկ աննախադեպ տեմպերով: Ի դեպ, առաջին անգամ գլոբալ ֆինանսական ճգնաժամից անմիջապես հետո մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները դրական են: Ավելին, առաջին կիսամյակի կտրվածքով երկնիշ թվեր են արձանագրված, որը պահպանելը շատ կարևոր է մեզ համար: Եվ պահպանելով վստահությունը՝ չի բացառվում, որ մենք տարին կարողանանք ամփոփել ավելի բարձր տնտեսական աճով, քան նախատեսված է պետական բյուջեում: Համաշխարհային բանկը կամ այլ կառույցները 4,1– 4,5 % են կանխատեսել, բայց ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ առնվազն 5,5 – 6 % տնտեսական աճ կարող ենք ունենալ:

Դա դարձյալ բավարար չի կարող լինել, քանի որ, իմ կարծիքով, շոշափելի արդյունք արձանագրելու համար առնվազն 10 %–ից ավել տնտեսական աճ պետք է ունենաք: Կարևոր է և պետք չէ մոռանալ նաև, որ Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը թույլ չի տալիս, որպեսզի մեր երկրում տնտեսական ցնցումներ արձանագրվեն: Որևէ երկիր չեք գտնի, որտեղ ոչ միայն հեղափոխությունից հետո, այլև անգամ ընտրությունների ժամանակ ազգային արժույթի տատանումներ չլինեն, բայց Հայաստանում, չնայած հեղափոխության օրերին եղան որոշ տարակուսանքներ, բայց հիմա, վերջին երեք ամիսների դրությամբ բանկային ավանդների շեշտակի աճ է արձանագրվել, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ վստահում են ներկայիս իշխանություններին»,– ասաց Թ. Մանասերյանը:

Ավանդների չափը, ըստ տնեսագիտության դոկտորի, մոտ 100 միլիարդ դրամից ավելի է եղել, որը կա՛մ նախկինում բարձերի տակ պահվող գումարներն են, կա՛մ այլ ծրագրերում ու երկրից դուրս պահվող գումարները: Մասնագետի կարծիքով, սակայն, կարևորն այն է, որ հայաստանյան բանկերի նկատմամբ վստահությունը աճում է, ինչը նորություն չէ:

Իսկ ինչպե՞ս հասկանալ այն երևույթը, որ, այնուամենայնիվ, մեծ հաշվով որևէ լուրջ, տեսանելի առաջընթաց քայլ կարծես թե չի գրանցվել՝ չեն բացվել գործարաններ, գործազրկության թիվը մնացել է նույնը, բայց իշխանություններն ու թվերը խոսում են տնտեսական աճի մասին, Թ. Մանասերյանն ասաց.

«Հիմա շատ են սկսել խոսել 2000–ականների տարիների երկնիշ տնտեսական աճի մասին, բայց ոչ ոք չի նշում, որ հենց այդ տարիներին արտագաղթը բավականին մեծ է եղել և դա ոչ մի ձևով չի անդրադարձել մարդկանց սոցիալական վիճակի և բարեկեցության վրա: Բայց հիմա, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հնարավոր է ամբողջությամբ վերացնել գործազրկությունը և նվազեցնել աղքատության ցուցանիշները: Այդ ամենը շարադրված է մեր կողմից կառավարությանը ներկայացված տնտեսական ծրագրում: Այսինքն, գնդակը գտնվում է կառավարության դաշտում, և եթե ցանկանան մեզ հետ միասին այդ հարցերին լուծում տալ, մենք դա կիրականացնենք: Հակառակ դեպքում, իշխանությունները կարող են շարունակել մեկուսացված քաղաքականություն վարել»:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով